HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ՊՆ-ն մտահոգված է, որ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս հնարավորություն չի ունեցել այցելել Ինջիղուլյանին

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.

«Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:

ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում:

Ավելին, տեղեկացնում ենք, որ «haqqin.az» կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ ադրբեջանական լրատվական գործակալությանը տված «հարցազրույցի» տեսանյութը: Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը:

Դրա հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ:

Մասնավորապես, Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել:

Բացի այդ՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:

Ժնևյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…»:

ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010թթ. գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել, և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել, ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենաայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter