HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են ցանկանում փոփոխել Սահմանադրությունը

Ստեփան Դանիելյան

Նախկինում իշխանափոխության ամենահայտնի բանաձը «թագավորը մեռավ, կեցցե թագավորն» էր: Հասկանալի է, որ սահմանադրական երկրներում իշխանափոխության համար պարտադիր չէ, որ թագավորը, այսինքը նախագահը բառիս բուն իմաստով մահանա: Սակայն այն երկրներում, որտեղ բացակայում է իրավունքի գերիշխանությունը, իշխանության «չվերահսկվող» փոփոխությունը կարող է փոխել նաև իշխող էլիտայի կազմը, որը չի կարող կատարվել առանց սեփականության վերաբաշխման:

Լեգիտիմ ճանապարհով իշխանության փոփոխությունը լիազորությունները հանձնող նախագահի համար առաջին հերթին իր անվտանգության և անձեռնմխելիության երաշխիքն է, սակայն հակաժողովրդական ռեժիմների ղեկավարները չեն կարող իշխանությունը հանձնել առանց պայմանավորվածությունների` իրենց ու իրենց մերձավորների համար համապատասխան երաշխիքների առկայության: Նման «վերահսկելի» իշխանափոխության անհնարինության դեպքում քրեաօլիգարխիկ համակարգները կարող են հայտնվել վտանգավոր ցնցումների մեջ:

Ներքին վտանգ

Օրենքից դուրս գործող ռեժիմների ղեկավարները պետք է երեք խնդիր լուծեն. ապահովեն համակարգում գործող ներքին պայմանավորվածությունների կատարումը, երաշխավորեն սեփականության անձեռնմխելիությունը և վարչախմբի անդամների անվտանգությունը: Դրա համար ռեժիմի ղեկավարը առաջին հերթին պետք է կարողանա ապահովել համակարգի կայունությունը և վերարտադրել իշխանությունը, այսինքն ապահովի ռեժիմի գոյատևման հեռանկարը:

Շատերին թվում է, որ մինչև 2018 թվականը, երբ պետք է տեղի ունենա նախագահի նոր ընտրությունը, բավականին ժամանակ կա, սակայն ռեժիմի այսօրվա կայունությունն և գուցե հենց այսօրվա գոյատևումը կախված է 2018-ին վերարտադրվելու ունակությունից, որի ճանապարհը պետք է հենց այսօր ցուցադրվի, այլապես քրեաօլիգարխիկ համակարգի անդամները ստիպված կլինեն խմբավորվել ապագա «երաշխավորի» շուրջը, ով կկարողանա ապահովել պայմանավորվածությունների պահպանումը :

Պարզ է, որ այդ դեպքում «նոր պախանը» պետք է երաշխիքներ տա նաև հենց հեռացող նախագահին: Բնականաբար, այդ պահից ևեթ նա ստիպված է լինելու ստանալ «անգլիական թագուհու» կարգավիճը: Այդ դեպքում հեռացող նախագահը չի կարող թելադրել իր վերջին պայմանները: Պատահական չի, որ հենց հիմիկվանից է սկսվել Սահմանադրության փոփոխությունների շուրջը ընթացող քննարկումները:

Դրանով Սերժ Սարգսյանն ուղերձ է հղում քրեաօլիգարխիկ համակարգին, որ վերարտադրման բանաձեւը գտնված է և նոր «երաշխավորի» փնտրտուքը պետք է անվավեր համարել: Սակայն այստեղ առաջանում է այլ խնդիր, որը պայմանավորված է արտաքին գործոններով:

Արտաքին վտանգ

Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներով երկրում, որտեղ հասարակությունը զրկված է իշխանություն ձևավորելու իր սահմանադրական իրավունքից, կարևորվում է իշխանության վերարտադրլվելու համար արտաքին գործոնը: Ավելին, նույնիսկ երկրի ներսում տարբեր կլանների միջև ձեռք բերվելիք պայմանավորվածություններում որպես երաշխավոր հանդես են գալիս արտաքին ուժերը:

Հենց այստեղ Հայաստանի գործող ռեժիմը հայտնվել է լուրջ խնդրի առջև: Երբ արտաքին ուժերի ազդեցությունը բալանսավորված էր, ռեժիմը վերարտադրվում էր որոշակի կոնսենսիուսի միջոցով: Այդ արտաքին ուժերի ֆորմատը` Մինսկի խմբի համանախագահները, միևնույն ժամանակ լուծում են պատերազմի և խաղաղության հարցը, դրանով ձեռք բերելով ազդեցության ավելի մեծ հնարավորություն:

Սակայն այդ բալանսը խախտվել է, ինչի պատճառով հարցականի տակ է դրվում ռեժիմի վերարտադրվելու հեռանկարը: Իսկ այդ «հեռանկարի» մշուշոտ լինելը դառնում է ոչ թե 2018 թվականի խնդիր, այլ վերը նշված պատճառներով արդեն իսկ ներկայիս իշխանության գոյության հարց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter