HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծն վարչագետը և նրա դերը համաշխարհային մտավոր հեղափոխության մեջ

Ստեփան Գյոզալյան

                                                         Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է:

   Օնորե դը Բալզակ 

Մենք մեր մեծերին չենք գնահատում, մանավանդ նրանց կենդանության օրոք: Շատ ժամանակ գլխի էլ չենք ընկնում, որ մեծ են: 

Օրինակ, ես մինչ այս աշուն չէի հասկացել, որ արժեր երախտիքով ու խանդաղատանքով լցվել, հպարտանալ այն բանի համար, որ ինձ բախտ է վիճակված լինել ժամանակիցը մեծագույն մտածողի, ստրատեգի ու պարզապես ջիգյարով մարդու՝ ՀՀ 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանի… Դատեք ինքներդ՝ էլ ո՞ր մի երկրի վարչապետ կարող է երգել. 

                                       Խոսիր ինձ հետ ազատորեն,

                                       Կյանքս կնվիրեմ ես քեզ… 

Մինչ այդ իրեն չսիրելու հազարից ավել պատճառ ունեի: Դե ինքը մեծ-մեծ խոսում էր՝ երկրի վիճակը գնալով վատանում էր: Տնտեսությունը չէր դզվում, արտագաղթը ահագնանում էր, իսկ գիտության դերի մասին ամպագորգոռ ելույթներն ու զրոյական քայլերն իսկականից հունից հանում էին ինձ: Կարող էի հիմա մի քանի էջ հղումներ դնել, որ ընթերցողն էլ հնարավորություն ունենար ժամանակի մեքենայով հետ գնար մի 5 տարով ու անշտապ, կանգառներով-բանով՝ ըմբոշխնելով գիտելիքահենք բառի հմայքը, վերադառնար մեր օրեր: (Եթե ցանկություն առաջանա՝ պարզապես գրեք այդ բառը Գուգլի որոնման տողում): Իսկ գիտության բնագավառում իրական պատկերը այդ տարիներին շարունակում էր օրեցօր վատանալ՝ արդեն միջին տարիքը 60-ից անց է, աշխատավարձն ամենացածրն է Հայաստանում, ուղեղների արտահոսքը չի դադարում… 

Բայց ահա սեպտեմբերի 1-ին Արցախի համալսարանում ունեցած ելույթն ու գիտելիքի օրվա ուղերձը ասես բացեցին աչքերս: 2 դիպուկ կրակոց՝ անթերի, խորիմաստ, դասական… Ուղղակի նոր տեսությու՛ն, նոր ուսմու՛նք… Բայց ես ի՜նչ՝ աշխարհը խառնվեց իրար: Ախր ո՞նց դիմանան. «21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք»: Բոլորը մտածեցին, որ մի բան կա այս մտքի տողարանքում… Պուտինը շփոթված ու ստիպված ասաց՝ մաքսային սայուզը ձեզ փեշքեշ… Եվրոպան ասում ա՝ վայ քու արա… G20-ի ժողովին երեւի փակ նիստ անեն էս թեմայի շուրջ… Օբաման ու Օլանդն ասում են Օ՜… Էրդողանն էլի լացում ա… «Մուսուլման եղբայրները» շուրջօրյա նամազ են անում… 

Իսկ ահա բարձրաձայնած այս մտքից՝ «Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է», ասում են Հեյդարօղլու երկրում պանիկա է սկսվել, իրենց մոլլա-զադեն էլ օղլու ականջին ասել ա՝ «ըզթավայսյա, փաքա նի փոզդնը»…

Բա՜… Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, թերահավատորեն էինք վերաբերվում մեր մեծությանը: Հիմա ժամանակն է խելքի գալու: Ախր ո՞նց ասեմ, մեր ժողովուրդը պետք է ամեն առավոտ եւ իրիկուն Արարատյան հայրապետական թեմից մոմ առնի եւ վառի մեր վարչաԳետի առողջության ու հնարավորինս երկար պաշտոնավարման համար: 

Հլա մի ուշադիր կարդացեք այս հատվածը՝ «Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը»:  Մի անգամ էլ՝ «Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը»:  Մեր պետության ջանքերով, ազգային հարստություն հանդիսացող գիտելիք ունեցող մարդու ՊԱՀՊԱՆՄԱՆ համար լավագույն տարբերակն է գտնվել՝ գնալ դուրս, արտագաղթել… Արտագաղթել՝ բայց սուրբ առաքելությամբ՝ աշխարհի ժողովուրդներին տարածել մեծն վարչագետի ուսմունքը: Ափսոս, քիչ ենք՝ չենք հերիքում: Ավելի լավ արդյունք կապահովեն դուրս գնացող գիտնականները, մանավանդ երիտասարդները: Արդեն լրիվ ավելորդ եւ ոչ այնքան բարոյական է դառնում ցածր աշխատավարձերից բողոքելը: Մի՞թե առաքյալները աշխատավարձ էին ստանում կամ ավելի կուշտ ու կերած-խմած էին Տիրոջ ուսմունքը տարածելիս: Ո՛չ միայն հացիվ՝ չգիտե՞ք: Ոմանք ասում են, որ փույթ է, իսկ ես հիմա պնդում եմ, որ փույթ չէ, երբ գիտնականն ու հավաքարարը նույն փողն են ստանում: Ո՛չ միայն փողիվ, բարեկամներ… 

Բայց հենց նոր մի բան անցավ մեծնի համար անհանգիստ մտքովս: Մեզ պետք է, որ առաջին հերթին նրա առողջությունը եւ մտքի պայծառությունը հարատեւ լինեն: Այդ պաշտոնը շատ ուժեր եւ նյարդեր է խլում: Էդ բջիջներն էլ, գիտնականներն ասում են՝ «չեն վերականգնվում»: Ուստի՝ բերենք Արարատյան հայրապետական թեմի մոմերը վառելիս զերծ մնանք վարչապետի «հնարավորինս երկար պաշտոնավարման համար» աղոթելուց: 

Դե գիտենք մենք էլ, ինքն էլ խղճի տեր՝ չի ուզում 13-րդ վարչապետը հայտնվի հայրենի կառավարության ղեկին: Բայց մենք խոսք ենք տալիս, որ մի կերպ կդիմանանք 13-րդին, որքան էլ չարաբաստիկ լինի այդ թիվը: 

Իսկ մեծնը թող մտնի ժողովրդի մեջ, տրակտորով շրջի գյուղերում, գիտականորեն կով կթել սովորեցնի ու դասախոսություններ կարդա գիտելիքահենք տնտեսության առավելությունների մասին: Եթե պատրաստ չէ միանգամից նման կտրուկ շրջադարձի՝ կարելի է եւ դեսպան նշանակվել որեւէ տաք երկրում՝ օրինակ, Կիպրոսում… Կուրորտ տեղ, անձմեռ տեղ, 4 կողմը ծո՜վ տեղ: Մտածելու, հետո լողանալու տեղ: Բայց ափից ոչ շատ հեռու՝ օֆ դը շոր… 

off the shore — вблизи берега; в открытом море… 

Հ.Գ.1. Աշխարհի առաջատար երկրները մինչ օրս գլուխ են կոտրում մեր վարչագետի  զուգարանային բիո-բիզնեսի գաղտնիքը բացահայտելու համար… 

Հ.Գ.2. Փույթ չէ, որ Նոբելյան մրցանակին անարժաններն են արժանանում… 

Հ.Գ.3 Ես ուղերձի տեքստը խփել եմ պատիս… Ֆեյսբուքի չէ՝ իսկական պատին: Կնոպկայով…  Իսկ դու՞ք…

Մեկնաբանություններ (3)

karen
Այդքան մի անհահգստացի իրա առողջության համար: Մի երկու ամսվա կյանք է մնացե, որից հետո կհայտնվի իրեն առժան վայրում: Իսկ այնտեղ ժամանակ շատ կունենա մեմուառներ գրելու և մեռած բջիջները վերականգնելու փորձեր կատարելու: Այ այդ թեմայով էլ թող թեկնածուական գրի, տեսնենք ինչ կստացվի:
Միքայել Պետրոսյան
Ապրես, Ստեփան Գյոզալյան: Լեռ-Կամսարի գրվածքի համն ու հոտը կա այս ստեղծագործության մեջ:
Anna Gevorgyan
https://www.facebook.com/science.and.finance Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես, մաքսային եւ այլ մարմինների հետ շփման դյուրացում, կոնսուլտացիաների եւ արտոնությունների տրամադրում, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter