HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Կեսգիշերային հանդիպումներ. պատմում են ռեժիսորները (վիդեո)

Այս շաբաթ` հուլիսի 10-ից 17-ը, երեւանյան մշակութային կյանքը լցված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնով: Այս օրերի ընթացքում կարելի է դիտել տեղական եւ արտասահմանյան արտադրության բազմաթիվ ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» Հայաստանում է հյուրընկալել կինոյի մի շարք անվանի դեմքերի, ովքեր այստեղ ներկայացնում են իրենց ֆիլմերը: 

Հատկապես ֆիլմ գուրուները եւ ռեժիսորների երկրպագուները կինոփառատոնի ճանաչված հյուրերին  կարող են հանդիպել Ակումբում` ամենօրյա կեսգիշերային հանդիպումների ժամանակ: Այստեղ ցանկացած ոք անկաշկանդ միջավայրում կարող է օրվա հատուկ հյուրին ուղղել իրեն հուզող հարցերը:

Կանանց վատ վիճակը լավ վաճառվում է արտասահմանյան փառատոներում

Փառատոնի մեկնարկը տրվեց իրանական կինոյի ճանաչված անուն Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով: Հենց նա էլ առաջինը հյուրընկալվեց Ակումբում` կեսգիշերային առաջին հանդիպմանը: Փառատոնի պատվավոր հյուր Աբաս Քիառոսթամին երրորդ անգամ է այցելում Հայաստան: 

Ռեժիսորը 1969-ին հիմնել է Երեխաների եւ երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը, որտեղ էլ հենց նկարահանել է իր կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ժամանակից ի վեր մշտապես գործող ռեժիսոր լինելով` դարձել է իրանական կինոյի երեւելի դեմքերից մեկը: 2001-ից Քիառոսթամին տարվել է փոքրիկ կինոխցիկով, եւ դրա արդյունքն այն է, որ այժմ աշխատում է միայն թվային տեխնոլոգիաներով:

Բացման ֆիլմը` «Վավերացված պատճենը», ռեժիսորի առաջին աշխատանքն է հայրենի Իրանի սահմաններից դուրս: Այս ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ժուլիետ Բինոշը Կաննում ստացել է մրցանակ լավագույն դերի համար: «Պատճենը կարող է նույնքան արժեքավոր լինել, որքան բնօրինակը»,- պնդում է Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմի հերոսը` բրիտանացի գրող Ջեյմս Միլլերը: Ֆիլմում անգլիացի հեղինակն այցելում է Իտալիա` իր վերջին գիրքը տարածելու եւ դասախոսություն կարդալու արվեստի աշխարհում բնօրինակների ու պատճենների փոխհարաբերության թեմայով: Նա ծանոթանում է մի պատկերասրահի ֆրանսիացի տիրուհու հետ, եւ նրանք որոշում են միասին մի երկու ժամ անցկացնել` Տոսկանայի հարավի փոքրիկ գյուղի ծառուղիներում զբոսնելով:

Աբաս Քիառոսթամիին հարցնում են, թե ինչու են այսքան հսկայական տարբերություն տեսնում իր այս ֆիլմում: Նախկին գործերը շատ պարզ ֆիլմեր էին պարզ կյանքի մասին, բայց այս վերջինը տարբերվում է նախորդներից:

«Դուք ասացիք, որ իմ նախկին ֆիլմերը մարդկային հարաբերությունների մասին էին, իմ կարծիքով` այս ֆիլմն էլ նվիրված է մարդկային հարաբերություններին, ուրիշ բանի մասին չենք էլ խոսում: Մարդկային հարաբերություններն ամեն անգամ տարբերվում են, բայց իրենց էությամբ նույնն են, դրա համար ես շատ տարբերություն չեմ տեսնում: Խնդիրը սա է: Ես ունեի պերսոնաժներ, որոնք հաճախ գյուղացիներ էին, բայց էությամբ նույն մարդիկ են, ինչ որ այստեղ ունենք: Ասես` ես նախկինում փայտով էի աշխատում, իսկ այստեղ բրոնզով եմ աշխատում, բայց ես չեմ հավատում, որ փոխել եմ իմ մոտեցումը քանդակագործության նկատմամբ, միայն նյութս է փոխվել, էությունը մնացել է նույնը: Բայց ես դեռ ֆիլմիցս բավականին չեմ հեռացել, որ կարողանամ օբյեկտիվ նայել»,- ասում է Քիառոսթամին: Մեկ ուրիշին հետաքրքրում է ֆիլմի բյուջեն, մանավորապես` Ժուլիետ Բինոշի մասնաբաժինը այդ բյուջեում: Քիառոսթամիի պատմելով` Ժուլիետ Բինոշի հետ պայմանագիրը ստորագրվել է մեքենայի մեջ: «Ես պատմությունը պատմեցի, ինքն ասաց, որ շատ հետաքրքիր է ու կուզենա խաղալ: Մի սպիտակ թուղթ կար, հանեցինք: Ինքն ասաց` ես մեկ դոլարով կխաղամ, ու ստորագրեցինք: Բայց հետո կարծես մի դոլարից ավել է ստացվել: Չորսուկես մլն եվրո է ֆիլմի բյուջեն, Ժուլիետ Բինոշի աշխատավարձը շատ քիչ է: Ամեն դեպքում մեկ դոլարից մի քանի հազար անգամ ավել ստացավ, բայց էլի քիչ է»,- կատակում է ռեժիսորը: Այն հարցին, թե ինչպես է աշխատել օտար լեզվով, քանի որ սա առաջին ֆիլմն է` նկարահանված Իրանից դուրս, նա պատասխանում է, որ դա շատ յուրահատուկ փորձառություն էր իր համար: «Համենայնդեպս, եթե նրանք չինարեն էլ խոսեին կամ եբրայերեն, ես իրենց դեմքի արտահայտությունից ու արձագաքներից հասկանում էի, որ ճիշտ տեղ ենք գնում: Կարելի է իրենց դեմքին նայել եւ միմիկայից հասկանալ, որ ճիշտ տեղում ենք»:

Վերջին տարիներին Իրանի մասին որոշ ֆիլմեր են նկարահանվում, որոնք այդ երկիրը ներկայացնում են մի որոշակի ձեւով, ինչպես եվրոպացիները սիրում են տեսնել եւ քննադատել: Քիառոսթամին ինքն էլ ապրում է Իրանում եւ տեսնում է, որ այնտեղ դժվարություններ կան, բայց մարդիկ չպետք է այդ դժվար պայմանները շահագործեն, որպեսզի Իրանը վատաբանվի: «Փառատոները մեծ մասամբ փնտրում են աղմուկ բարձրացնող ֆիլմեր: Իրանի կանանց վատ վիճակը լավ վաճառվում է արտասահմանյան փառատոներում: Մինչդեռ ժուլիետ Բինոշը, երբ Իրանում էր, ասաց, որ տեսնում է, որ իրանցի կանայք ամենաազատ կանայք են, եւ այն, ինչ ներկայացվում է իրանցի կնոջ մասին արտասահմանում, մեծամասամբ սուտ է, որ տարածվում է եւ շուկա ունի»,- ասում է նա:

Հայաստանում նկարահանված առաջին ամերիկյան ֆիլմը

Երեւանյան պրեմիերաների շարքում լեցուն դահլիճներ ունեցավ ամերիկյան արտադրության «Այստեղ» ֆիլմը: Այս ֆիլմի բոլոր նկարահանումներն իրականացվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011-ին Սանդենսի եւ Բեռլինի կինոփառատոներում: Այս ֆիլմի ռեժիսոր Բրեյդեն Քինգը երկրորդ հյուրն էր կեսգիշերային ամփոփիչ հանդիպման ժամանակ: Այստեղ եւս Քինգին ուղղում են նրան ամենաշատը տրվող հարցը` ինչո՞ւ հենց Հայաստանը: Ռեժիսորը ֆիլմի ամբողջ սցենարը չէր ուզում գրել, մինչեւ չիմանար, թե որտեղ են նկարահանելու: «Առաջին հերթին պետք է գտնեի, տարբեր վայրերից ընտրեի Հայաստանը, գայի այստեղ, ճանապարհորդեի, նոր վերջացնեի սցենարը: Բայց երբ ավարտեցինք սցենարը, մենք այլեւս ուրիշ տեղ չէինք կարող գնալ, քանի որ սյուժեն այնքան էր ներծծված տեղանքով, պատմությունն այնքան կախված էր հենց տեղանքից... Հայաստանը մի նոր տարածք է, որը շատերին ծանոթ չէ: Սա առաջին ամերիկյան ֆիլմն է, որ նկարահանվել է Հայաստանում: Դժվար է գտնել եւս այնպիսի մի վայր, որտեղ նման կերպ զուգակցվում են մշակույթը, բնությունը, պատկերները, պատմությունը, ներկան, հետխորհրդային անցյալը: Ինձ համար բացարձակ անծանոթ տարածք էր»,- ասում է Քինգը:

Բրեյդեն Քինգը 1993-ին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի եւ հեռուստատեսության դպրոցը: Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում եւ աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ: Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները: Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում եւ հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը եւ այլն: Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում եւ այլուր: Նրան շնորհված պարգեւների թվում են Կաննի կինոփառատոնի Ատելյեի մրցանակը եւ NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի կինոփառատոնում 2008-ին, Արտհաուսային եւ փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011-ին Բեռլինի կինոփառատոնում եւ այլն: Բրեյդեն Քինգը նկարահանումների ընթացքում Հայաստանում բախվել է բազում խնդիրների, նա  կարծում է, որ այստեղ գրեթե անհնար է բնականոն կերպով իրականացնել արեւմտյան արտադրանք: Նկարահանող խումբը հատկապես մեծ խնդիրներ է ունեցել տեխնիկան երկիր բերելու եւ տեղափոխման հետ կապված:

«Այստեղ» ֆիլմը պատմում է ամերիկացու եւ Կանադայից հայ լուսանկարիչ աղջկա ճանապարհորդության մասին Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքով: Ֆիլմի գլխավոր հերոս Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայուհու եւ լուսանկարչուհու, որը երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: Երկու միայնակ ճամփորդների միջեւ գրեթե ակնթարթային, չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ... Ի վերջո, Ուիլը հանգում է այն կարծիքին, թե երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի` այն հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է:

«Հայաստանում առկա` տեղացիների եւ սփյուռքի հարաբերություններն ինձ մշակութային մի տարածք թվացին, որտեղ ես կարող էի դնել իմ պատմությունը: Ես հիշում եմ դեռեւս իմ առաջին ճանապարհորդությունները Հայաստան, երբ վարորդներն ինձ մի բան էին պատմում, թե ինչպես են սփյուռքից գալիս իրենց հայրենակիցները եւ ասում տեղացիներին` ինչպես իրենք պետք է ապրեն հայրենիքում, կամ երբ երեխաները գալիս են արտասահմանից` ունենալով բոլորովին տարբեր հայացքներ մշակույթի եւ ավանդույթների մասին»,- ասում է Բրենդեն Քինգը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter