HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Դանիելյան. «ԵՄ ասոցացման գործընթացն ի սկզբանե բլեֆի վրա էր հիմնված»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:  

-Պարոն Դանիելյան, իշխանության ներկայացուցիչները Մաքսային միության միանալու մասին Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը հիմնավորում են ազգային շահով և անվտանգության խնդիրներով: Իսկ ինչո՞ւ այդ հաշվարկները մինչ այդ չէին արվում:

-Ես համոզված եմ, որ ի սկզբանե ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման գործընթացը բլեֆի վրա էր հիմնված: Երբ այդ պայմանագրի շուրջ հանրային քննարկումներ էին ընթանում, շատ մարդիկ, այդ թվում նաև ես, Հայաստանի անվտանգության մասին հարցեր էինք բարձրացնում, որոնց ոչ մեկը որևէ սթափ կամ կիսասթափ պատասխան չէր տալիս: Պարզ էր, որ այստեղ ինչ-որ բան այն չէր: Պարզ տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանի իշխանությունները երբեք լուրջ ռեֆորմների չեն գնա: Ինչո՞ւ: Որովհետև այդ ռեֆորմների արդյունքում իշխանության ճյուղերը պետք է Սահմանադրությանը համաձայն տարանջատվեին, իշխանությունն ու տնտեսությունը նույնպես պետք է միմյանցից առանձնանային, դատական իշխանությունը պետք է անկախանար…: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է մեկ բան` հեղափոխություն, որի արդյունքում բազմաթիվ, այդ թվում նաև ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, պետք է հայտնվեին համապատասխան վայրերում: Հասկանում եք, թե որ վայրերը նկատի ունեմ: Պարզ է, որ այդ մարդիկ երբեք սեփական կամքով նման ուղի չեն ընտրի:

-Այդ դեպքում Հայաստանի իշխանությունները ինչի՞ համար էին համաձայնել նախաստորագրել ասոցացման պայմանագիրը, ավելին, նույնիսկ պարտավորությունները կատարելու առումով համարվում էին «գերազանցիկներ»:

-Մենք բոլորս լավ գիտենք, որ այս իշխանություններն իմիտացիաների վարպետներ են: Առավել ևս, որ ԵՄ ֆունկցիոներները միշտ ընդառաջ են գնացել Հայաստանի իշխանություններին, «ըմբռնումով» էին վերաբերում «դժվարություններին» և ցանկանում էին այս գործընթացում առաջընթաց տեսնել: Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանությանը, ապա կան մի քանի պատճառներ, որոնք նրանց ստիպում էին «եվրոպական ուղի» ընտրել: Դեռևս մինչև 2007-ի ընտրությունները, եվրոչինովնիկները մասնավոր զրույցներում, որոնց ես էլ եմ ներկա գտնվել, միշտ կիսաշշուկով ասում էին, որ Սերժ Սարգսյանը որոշակի խոստումներ է տվել:

Պարզ է, որ այդ  «խոստումները» մի քանի խնդիրներ պետք է լուծեին, և լուծել են: Առաջին հերթին պետք է ճանաչեին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, դրանով արտաքին լեգիտիմություն հաղորդեին իշխանություններին: Երկրորդ` կառավարությանը տրվեին վարկեր, գրանտներ և այլն: Սակայն Հայաստանի իշխանությունները, նորից եմ կրկնում, քիչ առաջ ասած պատճառներով, լիարժեք ռեֆորմների երբեք չէին գնա: Եվ մի օր նման մի դեպք պետք է կատարվեր:

-Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը հանկարծ հիմա  «արթնացավ», ինչո՞ւ մինչ այդ Սերժ Սարգսյանին իրենց մտահոգությունները չէին հայտնում:

-Ռուսաստանը Հայաստանի հետ իր քաղաքականությունը միշտ վարել է “а куда они денутся” սկզբունքով և վարում էր կկվի`սեփական ձվերը ուրիշի բնում դնելու քաղաքականություն: Սակայն հնարավոր է, որ այդ հարաբերություններում որոշակի լարվածությունն առաջացել է միջանձնական պատճառներով: Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար ընդունելի գործիչ չի համարվել, սակայն նա կարողացել է կոնսոլիդացնել քրեաօլիգարխիկ համակարգը, և Ռուսաստանը չէր ցանկանում լարվածություն մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում և համակերպվել էր Սերժ Սարգսյանին: Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, չի ցանկացել աջակցել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը: Հենց այդ պատճառով վերջին ժամանակներն առաջացել է լարվածություն, և այն հակառուսական ալիքը, որ վերջերս Հայաստանում բարձրացել էր, ես այդ հանգամանքով եմ բացատրում: Պարզ տրամաբանություն է, եթե Հայաստանը իրոք ցանկանում էր եվրոպական ուղի ընտրել և միևնույն ժամանակ անվտանգության առումով ունի կախվածություն Ռուսաստանից, պետք էր ճիշտ հակառակ ինֆորմացիոն քաղաքականություն վարեր և փորձեր հանգստացնել Ռուսաստանին: Իսկ կատարվում էր ճիշտ հակառակը:

-Իսկ ինչո՞ւ հենց այս օրերին Սերժ Սարգսյանւ նման հայտարարություն արեց:

-Իմ կարծիքով, Ռուսաստանը և Սերժ Սարգսյանը ունեին իրենց ուրույն շահերը: Ռուսաստանին հենց հիմա էր պետք, որ Հայաստանը, ըստ ուկրաինացի մի լրագրողի բնորոշման, կատարի «սադրիչ ոչխարի» դերը, այսինքն՝ իր քայլով ազդի ԵՄ ասոցացման պայմանագիր կնքող երկրների` առաջին հերթին Ուկրաինայի վրա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա հնարավոր է, որ այդ քայլի դիմաց Պուտինը խոստացած լինի աջակցել Սերժ Սարգսյանի վերարտադրմանը: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո հրամանագիր ստորագրեց նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Վերջում ցանկանում եմ ասել, որ այն գործիչները, որոնք լուրջ էին վերաբերվում Հայաստանի իշխանությունների «եվրոպական» ձգտումներին, պետք է իրականությանն ավելի սթափ մոտենան և աշխատեն հետագայում, իրենց կամքից անկախ, չօգտագործվել այլ խաղերի համար:

Մեկնաբանություններ (1)

Xapem-trnem
Ays angam el Evropin shat hajox ,,gcecinq,,!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter