HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լճկաձորի «գլխատված» եկեղեցին շարունակում է մնալ կիսավեր վիճակում

Լճկաձորը Տավուշի մարզի սահմանամերձ փոքրիկ գյուղերից է: Այստեղ ապրում է 108 ընտանիք, 449 բնակիչ` ըստ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքեջում հրապարակված տվյալների: Գյուղի անունը նշանակում է լճի ձոր, որը ստացել է մոտակա ձորում գտնվող փոքր ջրամբարի շնորհիվ:

Լճկաձորը կարծես սերտաճած լինի Այրումին` գյուղի հարևանությամբ գտնվող քաղաքին: Թվում է, թե երկու բնակավայրերը միմյանց շարունակությունն են:  Խորհրդային տարիներին գյուղը միավորված է եղել Այրումի հետ, և միայն 1990 թ.-ին է ստացել առանձին կարգավիճակ:

60 աշակերտից 11-ն առաջին դասարանցի է

Այս տարի գյուղի 9-ամյա դպրոցն ընդունել է 11 առաջին դասարանցի: Դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյանը հպարտանում է այս թվով, քանի որ կողքի Արճիս գյուղը, որ Լճկաձորից մեծ է շուրջ երեք անգամ, այս տարի ունեցել է ընդամենը 3 առաջին դասարանցի:

Այժմ դպրոցում սովորում է 60 աշակերտ: Ամենափոքր դասարանը ավարտական 9-րդ դասարանն է. այստեղ սովորում է 2 աշակերտ: 9-րդ դասարանից հետո Լճկաձորի դպրոցականները ուսումը շարունակում են հարևան Այրում քաղաքում:

Տնօրենի խոսքով` դպրոցի 13 ուսուցիչները շատ մեծ նվիրումով են աշխատում: Քիչ թվաքանակի պատճառով դպրոցի երկու դասարանները դասերն անում են համատեղ: Նման դասապրոցեսին արդեն սովորել են  թե աշակերտները, թե ուսուցիչները. մի դասարանին տրվում է առաջադրանք, մյուսին նոր դասն է բացատրվում:

Դպրոցի երիտասարդ ուսուցիչների խոսքով` փորձում են ամեն առիթով որևէ միջոցառում կազմակերպել, տոները նշել աշակերտների հետ միասին, արդյունքում «դպրոցն աշխույժ է պահում գյուղական կյանքը»: Իսկ երբ դպրոցը փակ է լինում, գյուղը կարծես միանգամից լռում է:

Դպրոցում օտար լեզուն գերմաներենն է, սակայն գերմաներենի ուսուցչուհին դպրոցի դասերից դուրս ցանկացողների համար վարում է նաև անգլերենի խմբակ: 

Անցած տարի դպրոցը վերանորգվել է, ստացել նոր գույք: Այժմ դպրոցի հիմնական խնդիրը շարունակում է մնալ մարզադահլիճը, որը դպրոցը չունի: Ֆիզկուլտուրայի դասերն անց են կացվում դպրոցի բակում, իսկ ցուրտ եղանակներին դասերը կազամկերպում են դասասենյակային պայմաններում: Դպրոցի հարևանությամբ գտնվել է գյուղի ակումբի շենքը, որը երկրաշարժի հետևանքով տարիներ շարունակ վթարային վիճակում էր: Այդ պատճառով էլ այն քանդել են, և այժմ նախատեսում են այդտեղ կառուցել մարզադահլիճ:

«Գլխատված» սուրբ Սարգիս եկեղեցու հարցը ներկայացվել է Մայր Աթոռին

Լճկաձորում գործող եկեղեցի չկա, սակայն գյուղացիները շարունակում են այցելել գյուղի կիսավեր եկեղեցին` սուրբ Սարգիսը: Լճկաձորի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը պատմում է, որ 1870-ականներին հիմնված եկեղեցին 1920-ական թթ.-ին «գլխատվել է» կոլտնտեսության ղեկավարության կողմից. ստացված շինանյութով գրասենյակ են կառուցել: Այնուհետև եկեղեցին այդպես էլ չի վերականգնվել:  Լճկաձորցիները այս հարցով դիմել են Մայր Աթոռին` խնդրելով կամ վերանորոգել հին եկեղեցին կամ կառուցել նորը, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Խնդիրը ներկայացրել են նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, ով այցելել և ուսումնասիրէլ է եկեղեցու վիճակը: Փոփոխություններ դեռևս չկան:  

Եկեղեցու փոքրիկ մատուռ հիշեցնող անկյունում, որը զարդարված է սրբապատկերներով, գյուղացիները մոմ են վառում և աղոթք անում: Այստեղ լճկաձորցիները նշում են եկեղեցական տոները, ինչպես նաև մատաղ անում: Կիսավեր պատերից մեկի մեջից փոքրիկ խաչ է փորագրված: Գյուղացիները հավատում են, որ եթե որոշակի հեռավորության վրա քար գցեն խաչի ուղղությամբ և քարն անցնի խաչի միջով, ապա պահած երազանքը կիրականանա: 

Գյուղն ունի նաև բուժկետ ու գրադարան, որոնք գործում են գյուղապետարանի շենքում: Գրադարանն ունի 3600 կտոր գիրք, որի մեծ մասը մնացել է ԽՍՀՄ տարիներից: Մանկապարտեզ չկա և նախկինում ևս չի եղել: Սակայն գյուղապետարանում հույս են հայտնում, որ եթե գյուղի առաջնային հիմնախնդիրները կարողանան լուծել, ապա հնարավորություն կստեղծվի նաև հիմնել մանկապարտեզ: 

Մեկնաբանություններ (1)

zohrab
this isan asset to your village and a very important one please rebuild it save it it will pay back the village someway

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter