HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հանքարդյունաբերական պրոբլեմները Հայաստանն ուղղակի ուտում են» (վիդեո)

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ, ովքեր պահանջում էին դադարացնել ՀՀ-ում բազմաթիվ հանքերի շահագործումը: «Շատ ահավոր, այլանդակ իրավիճակ է տիրում»,-ասաց ակցիայի մասնակից, բնապահպան Օլյա Այվազյանը:

Ակտիվիստները դուրս էին եկել տարբեր պաստառներով` «Մենք գիտենք, թե ովքեր են տերերը», «Տաթև հանք», «Ժողովրդի հարստությունը` հանքերը լափողները», որոնց վրա փակցված էին տարբեր պաշտոնյաների նկարներ:

Ակցիայի կազմակերպիչներից էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը` ի դեմս ղեկավար Սոնա Այվազյանի: Նրանց էին միացել նաև «Հեծանիվ» հ/կ-ն, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, բնապահպաններ և այլոք:

«Մեր պահանջը, որ մեր անտառները հանգիստ թողնեն, թողնեն, որ շնչենք, առանց այդ էլ Հայաստանը փոքր է», - նշեց «Հեծանիվ» հ/կ-ի անդամ Նարե Գրիգորյանը:

Ակցիայի ընթացքում կառավարության շենիքց դուրս եկավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ում լրագրողներն ուղղեցին իրենց հարցերը:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. անհրաժեշտ է, որպեսզի ընդերքը շահագործվի, սակայն շրջակա միջավայրի պահպանության խնդիրները պետք է իջեցվի ամենացածր աստիճանի: Պետք է շրջակա միջավայրին վնասներ չտրվեն, օգտագործվեն ամենաժամանակակից տեխնոլոգիաներ», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ այն տնտեսվարողները, ովքեր աղտոտում են շրջակա միջավայրը, տուգանքի են ենթարկվում: Այն դիտարկմանը, թե Դեբեդի ջուրն ամբողջությամբ աղտոտված է, ո՞վ է տուգանք վճարում, նախարաը պատասխանեց. «Դեդբեդը չի վճարում, վճարում են աղտոտղողները: Այն կազամակերպությունները, ովքեր աղտոտում են, նրանք վճարում են»:

Այն հարցին, թե ովքեր են տուգանվել շրջակա միջավայրն աղտոտելու և վնասելու համար, նախարարը սկզբում հրաժարվեց անուններ տալուց, ապա ասաց, որ այդքան անուն չի հիշում, իսկ վերջում որպես օրինակ բերեց Ախթալան`ավելացնելով` բավարարվա՞ծ եք:

Ցույցի ընթացքում ներկաները պահանջեցին բոլոր պաշտոնյաների հրաժարականը` վանկարկելով` հեռացեք, հեռացեք:

«Հանքարդյունաբերական պրոբլեմները Հայաստանն ուղղակի ուտում են», - նշեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: (Ակցիայի լուսանկարները` այստեղ)

Ակտիվիստները ցույցից առաջ և ընթացքում բաժանել էին իրենց հայտարությունը, որտեղ նշում էին իրենց ցույցի պատճառները, բողոքը և պահանջները: Ներկայացնում ենք այդ հայտարարությունն ամբողջությամբ.

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում` բարձրացնելու հասարակության և նրա անդամների բարեկեցությունը` երաշխավորելով ինչպես ներկա, այնպես էլ` ապագա սերունդների կարիքների ապահովումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին տարիներին վարվող տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում կայուն զարգացման հիմնական սկզբունքներին: Տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են դրվել բնական ռեսուրսների շահագործումից և համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ անխնա կերպով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները: Հանքարդյունահանման գործընթացներն ընթանում են վտանգելով շրջակա բնական միջավայրն ու հարակից տարածքների մարդկանց առողջությունը, ինչպես նաև` խոչընդոտում տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի` տուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանը:

Մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում արդեն իսկ գործում են 465 հանքարդյունահանման լիցենզիաներ: Եվս 170 տեղամաս ուսումնասիրության փուլում է և համապատասխան պաշարների բացահայտման դեպքում կտրամադրվի շահագործման առանց սահմանափակման կամ հապաղման: Հանքարդյունահանող ընկերություններն աշխատում են բացարձակ արտոնյալ պայմաններում` շրջակա միջավայրն աղտոտելու դիմաց չմուծելով և ոչ մեկ լումա: Մինչդեռ իրավասու կառույցները նույնիսկ չեն տիրապետում երկրի 14 պոչամբարներում առկա միլիոնավոր տոննաների հասնող նյութերի պարունակության ու ազդեցության և հարակից տարածքների բնակչության առողջության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությանը: Չի ձեռնարկվում որևէ միջոցառում խթանելու Հայաստանի հանքահումքային պոտենցիալի օգտագործումը երկրի ներսում, այն դեպքում, երբ Հայաստանն ունի համապատասխան գիտակրթական պոտենցիալ և խնդիր` ապահովելու աշխատեղեր:

Չնայած վերոնշյալին և առանց լուծելու ոլորտին առնչվող հիմնախնդիրները` Հայաստանի Հանրապետության իշխանությունները քայլեր են ձեռնարկում էլ ավելի խթանելու գործարար միջավայրը հանքարդյունաբերության ոլորտում: Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված ընդերքի նոր օրենսգիրքը առաջ է մղվում բացարձակապես անտեսելով փորձագետների և հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները: Ընթացակարգերը պարզեցնելով հանդերձ` չեն առաջադրվում բնական պաշարները ողջամտորեն օգտագործելու նախադրյալներ, բնապահպանական սահմանափակումներ, աղտոտման դիմաց վճարման երաշխիքներ, ընդերքօգտագործողների ընտրության չափանիշներ, տեղեկատվության թափանցիկության ապահովման պարտավորություններ:

Գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի իրականացնում Սահմանադրությամբ ամրագրված իր պարտավորությունը և չի ապահովում շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը

-կասեցնել հանքարդյունահանման նպատակով լիցենզիաների տրամադրման գործընթացը մինչև ռացիոնալ ընդերքօգտագործման ռազմավարության մշակումը և հանքարդյունաբերության արագ զարգացման նպատակահարմարության գնահատումը` հիմք ընդունելով տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական գործոնները:

- կասեցնել Հայաստանի Հանրապետության ընդերքի նոր  օրենսգրքի ընդունման գործընթացը և վերանայել փաստաթուղթը` հաշվի առնելով փորձագետների և հասարակական կառույցների կողմից առաջարկությունները.

- ապահովել և հրապարակային դարձնել հանքարդյունաբերությանն առնչվող տեղեկատվությունը, ներառյալ` պոչամբարներում թունավոր նյութերի պարունակությունը և հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վերաբերյալ վիճակագրությունը:

Կոչ ենք անում Համաշխարհային բանկի և շահագրգիռ այլ միջազգային կառույցներին ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության համար հնարավոր բացասական ազդեցություն ունեցող նախաձեռնությունների սատարումից:

1. Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

2. Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ

3. Հրայր Սավզյան, «Էկոդար» բնապահպանական ՀԿ

4. Լևոն Բարսեղյան, ««Ժուռնալիսների «Ասպարես» ակումբ» ՀԿ

5. Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ


Մեկնաբանություններ (2)

cholo
Մեր դիրքորոշումը հետևյալն է. անհրաժեշտ է, որպեսզի ընդերքը շահագործվի... Պարզւում է որ մեր նախարարները նոյնիսկ ճիշդ հայերէն չգիտեն...ոչ թէ ՚որպեսզի՛ այլ պարզապէս ՚որ՚....
Varaz Syuni (Amsterdam)
SHAT urax em, vor Hayastanum mardik SKSUM en haskanal u PAYKAREL (oligarxayin u metsatsaval)hankardyunaberutian DEM. Verjins Hayastani hamar YERKARAZHAMKET lutsum CHE- shat PARZ patcharov: ayn KORTSANUM e POKRIK Hayastani Eco-Systemy: MEKNDMISHT...........SHAT hpart em tsutsararnerov.........................................PRKENK/SOS Syunik.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter