HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Իսկ կատուն լսում է ու շարունակում ուտել. ճարտարապետները` Փակ շուկայի մասին

«Փակ շուկան մի նոր խոսք էր հայկական ճարտարապետության մեջ՝ իր կոնստրուկտիվ լուծումներով, որն ուներ և արտաքին գեղարվեստական արտահայտչականություն և, որ ավելի կարևոր է, ներքին տարածական գեղեցիկ լուծում, որը մենք կորցրեցինք իսպառ: Այդ արժեքները կորցնելը և դրա փոխարեն ինչ-որ խանութների պսպղան ցուցափեղկեր ստանալն ուղղակի անըմբռնելի է»,- Փակ շուկայի հիմնախնդրի մասին ասուլիսի ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետը կարծիք հայտնեց, որ սեփականատերերը կարող են լինել բազմաթիվ, բազմաճաշակ, իրենց կրթվածության տարբեր աստիճաններով, բայց դրա համար պետություն կա, որը պետք է ուղղորդի, համակարգի այս ամենը. ընդ որում` այդ պետությունը տարբեր մարմիններ ունի՝ մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան, վերջիվերջո:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հիշեց Կռիլովի առակներից մեկը, երբ խոհարարը սեղանից միսը թռցրած կատվի գլխին քարոզ է կարդում, թե` պետք չէ միսը գողանալ, ուտել, որովհետև, որովհետև, որովհետև…, իսկ կատուն լսում է ու շարունակում ուտել:

Անդրադառնալով Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքն իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ արել է Փակ շուկան փրկելու համար, Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը նշեց, որ հենց այդ տարիներին տեղի ունեցած ամենամեծ սխալն այն էր, որ առանց նախագծի, դրա կոնցեպցիայի կամ ծրագրի թույլ տրվեց զրո նիշից ներքև շինարարություն անել. այդ շինթույլտվությունը, Բադալյանի  դիտարկմամբ, բացեց պատվիրատուի ձեռքերը, և սկսվեց շինարարությունը:

Ճարտարապետ Թեմուր Մարգարյանը փորձեց փարատել այն թյուր կարծիքները, թե շենքը վթարային էր սեյմսիկ և կոնստրուկտիվ առումներով: Նրա մասնագիտական դիտարկմամբ՝ Փակ շուկայի կամարների բետոնը նույնիսկ ավելի լավ որակի էր, քան այն, որն օգտագործում են ժամանակակից շենքերի շինարարության ժամանակ, իսկ կամարների մեջ գտնվող ամրանների վրա առաջացած կոռոզիայի օջախներն ավելի փոքր էին քան այժմ կատարվող ցանկացած շինարարությունում օգտագործվող նոր ամրանները:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ շենքը հուշարձան համարելու համար պետք է պահպանել դրա բոլոր նրբությունները: Եթե այդտեղ փոխվում է նույնիսկ մեկ պատուհան, դա արդեն հուշարձան չէ:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն առաջարկեց գոնե բարոյական հարթության վրա պատասխանատվության ենթարկել իրենց այն գործընկեր-ճարտարապետներին, ովքեր, զբաղեցնելով պետական պաշտոններ, մասնակցությունն են ունեցել հուշարձանի քանդմանը:

«Ուրիշ երկրներում՝ նման իրավիճակում, երբ գերատեսչությունների ղեկավարները տեսնում են, որ, իրոք, իրենց բոլոր ջանքերը իզուր են անցնում, ուղղակի թողնում են իրենց պաշտոնը՝ ի նշան բողոքի, իսկ այստեղ այդպիսի բան հնարավոր չէ»,-եզրափակեց Մկրտիչ Մինասյանը: 

Լուսանկարում` ձախից` Գուրգեն Մուշեղյան, Թեմուր Մարգարյան, Սաշուր Քալաշյան, Մկրտիչ Մինասյան, Ալեքսանդր Բադալյան, Սարհատ Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter