HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է քրեական գործ հարուցել ՁՊՎ-ում գործադրված բռնության փաստով

Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի նկատմամբ ինչպես Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երեւան տեղափոխելուց հետո ձերբակալվածների պահման վայրում բռնություն է գործադրվել:

Այս փաստի առնչությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու և առկա մարմնական վնասվածքները չարձանագրելու փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ կատարված բռնությունների վերաբերյալ իր վստահորդը մեկ տարի առաջ բացատրություն էր տվել եւ մատնանշել բռնություն իրականացնող անձանց: Բռնություն գործադրողների թվում եղել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Ինչ վերաբերում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն իրականացրած անձին, ապա վերջինս ներկայացել է որպես քրեական հետախուզության վարչության պետ:

«Հարություն Սարգսյանը իր բացատրությունում նկարագրել է տվյալ անձին եւ ասել, որ անպայման կճանաչի, եթե առերեսում լինի: Կճանաչի նաեւ իր նկատմամբ բռնություն գործադրած այն անձանց, ովքեր դիմակավորված չեն եղել: Այդ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, սակայն 2012թ. հունիսի 25-ին քրեական գործի հարուցումը մերժվել է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Հարություն Սարգսյանի փաստաբանները բողոքարկել են, եւ վերաքննիչ դատարանը վերացրել է նշված որոշումը՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ: «Այս գործում կան ակնհայտ ապացույցներ այն մասին, որ Հարություն Սարգսյանն առանց վնասվածքների եկել է ոստիկանություն, իսկ հետագայում նրա մարմնի վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել: Գործը արտառոց է նրանով, որ մինչ մեր պաշտպանների մուտք գործելը ոչ ոք այդ վնասվածքները չէր արձանագրել, չնայած դա նրանց պարտականությունն էր: Նաեւ ակնհայտ է, որ ձերբակալվածների պահման վայրում շահագրգռված են եղել, որ մարմնական վնասվածքները չարձանագրվեն, որովհետեւ հերթական բռնությունը գործադրվել էր գիշերը՝ հենց ձերբակալվածների պահման վայրում»,- ասաց փաստաբանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter