HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Թռիչք»- ի թռիչքն այս անգամ վայելել են բրիտանացիներն ու հիացած մնացել

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում սեպտեմբերին անցկացված հեղինակավոր World stage design (Աշխարհի բեմական ձևավորում) փառատոնին Հայաստանից մասնակցել է դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի ստեղծագործության հիման վրա ռեժիսոր եւ դերասան Նարինե Գրիգորյանի բեմադրած «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Մեծ Բրիտանիայում մեկնարկած այս փառատոնը, որին մասնակցել են բազմաթիվ հեղինակավոր թատրոններ, անցկացվում է 3-րդ անգամ: World stage design փառատոնն առաջին անգամ կայացել է Կանադայի Տորոնտո քաղաքում, 2-րդ անգամ՝ Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում:

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի փոխանցմամբ, փառատոնն ունեցել է լայն ընդգրկվածություն: Չնայած այդ հանգամանքին, ԱՊՀ երկրներից մասնակցել են միայն Հայաստանը և Ռուսաստանը: «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը եզրափակել է փառատոնը: «Սովորաբար փառատոնների բացման և փակման պատվին արժանանում են լավագուն ներկայացումները,-ասում է Ռուբեն Բաբայանը,-եւ հայկական թատերախումբն արժանացավ փառատոնն եզրափակելու պատվին»:

Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը

Անգլիացի հանդիսատեսը, լինելով բավականին զուսպ իր գնահատականներում, շատ լավ է ընդունել «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: «Մենք երկու անգամ ենք խաղացել՝ մեկը ցերեկային ժամին, մյուսը՝ երեկոյան,-պատմում է Ռուբեն Բաբայանը,-եւ նրանք, ովքեր արդեն հասցրել էին նայել ցերեկային ժամին, իմացանք, որ հետո խորհուրդ են տվել իրենց ծանոթներին, որ գան երեկոյան եւ անպայման դիտեն «Թռիչքը»: Քարդիֆի փոքրիկ` 30 հոգանոց հայ համայնքն եւս մեր հանդիսատեսների շարքում էր, որը շատ ուրախացրեց մեզ»:

«Թռիչքը» բազմաթիվ փառատոնների է մասնակցել,-ասում է բեմադրիչ Նարինե Գրիգորյանը,-ես էլի ներկայացումներ եմ արել, բայց պիտի ասեմ, որ այս մեկը վաղուց իր ինքնուրույն կյանքով է ապրում: Նա պարզապես իր ճանապարհն է անցնում: Այն, ինչ կատարվում է բեմում, հասկանալի է թե հայ, թե օտար հանդիսատեսին: Գուցե դա է պատճառը, որ անգլիացի հանդիսատեսը՝ ոչ մի բառ չհասկանալով հայերեն, այդքան լավ ընդունեց մեզ»:

Դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը խոստովանում է, որ պիեսը գրելիս ինքն ու Նարինե Գրիգորյանը երազանքներ են ունեցել: Երազանքներից մեկն էլ հենց միջազգային հարթակ դուրս գալն էր: «Թռիչքի» պատմությունն ունի իրական հիմքը,-ասում է Անուշ Ասլիբեկյանը,- Նարինեն լսել էր եւ պատմեց ինձ: Բայց պիտի ասեմ, որ իրական պատմությունն ուներ այլ վերջաբան: Եթե մեր մոտ 20-ամյա աղջկան բժիշկը վիրհատում է եւ վիրահատությունն անցնում է հաջող, ու հերոսուհին տեսնում է, ապա իրական պատումի մեջ վիրահատությունից եւ տեսնելուց հետո աղջիկը կրկին կուրանում է»: 

«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը պատմում է 3-4 տարեկանում կուրացած մի աղջնակի մասին, ում 20 տարեկանում վիրահատում են: Աղջիկը սիրահարվում է իրեն բուժող բժիշկին` առանց տեսնելու: Վիրահատությունից հետո կյանքը եւ երեւայական աշխարհում ծնված սերը աղջիկն սկսում է այլ կերպ ընկալել: Դրամատուրգը խոսոտվանում է, որ պիեսի վերնագիրը եւս պատահական չի ծնվել:

«Թե վերնագիրը, թե պիեսը համատեղ աշխատանքի արդյունք է,-խոստովանում է Անուշ Ասլիբեկյանը,-իմ եւ Նարինեի նպատակն էր ցույց տալ, որ իրական աշխարհն ադքան գայթակղիչ չի կարող լինել: Որ մեծերի աշխարհում ամեն րոպե, ամեն վայրկյան բախվում ես դժվարությունների եւ պրոբլեմների: Այն չի կարող լինել այնքան գեղեցիկ եւ այնքան խորհրդավոր, որքան մանկական պատկերացումներում է, եւ նույնիսկ բժիշկը չի կարող այդքան հետաքրքիր, այդքան քնքուշ, այդքան եթերային լինել, այնպես ինչպես աղջկա երեւակայության մեջ է»:

Աղջիկը բացեց տղամարդու ներքին աչքերը, անսահման սիրելու ունակությունը եւ սիրելով հանդերձ՝ ներելու ունակությունը: Տղամարդը նրան իրական աշխարհը տեսնելու հնարավորություն տվեց: «Այո, նրանք չկարողացան իրականում լինել միասին, բայց այստեղ կա հոգեւոր թռիչք. այն, ինչի մասին ես գրել եմ, եւ այն, ինչ բեմում այդքան հրաշալի կերպով մարմնավորում են երկու դերասաններ»,-նկատում է Անուշ Ասլիբեկյանը:

Հայ հանդիսատեսի կողմից սիրված այս ներկայացումը մինչեւ գարուն Տիկնիկային թատրոնի խաղացանկում չի լինելու: Դերասանուհի Նարինե Գրիգորյանի փոխանցմամբ, իրենք ժամանակավոր դադար են վերցրել՝ նոր «թռիչքի» պատրաստվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter