HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահապարտ Սեյրանը

Ալավերդցի Սեյրան Մարգարյանը 1992թ.-ի սեպտեմբերի 2-ին զոհվեց Ղարաբաղի Վաղուհաս գյուղի մերձակայքում:  Նրա դին մեկ գիշեր մնացել է մարտի դաշտում: Նահանջող մարտական ընկերները ծառերի ճյուղերով թաքցրել են մահապարտի դիակը` հաջորդ օրը թշնամու հսկողության տակ անցած տարածքից ամեն գնով տեղափոխելու հույսով: Ճակատամարտի հաջորդ օրը մահապարտների գումարտակի փոխհրամանատար, ալավերդցի Սեյրան Անթանեսյանն ասել է, որ  Սեյրան Մարգարյանի դին թուրքերի մոտ չի թողնի, կամ ընդհանրապես Ալավերդի չի մտնի: Ալավերդու մահապարտները Սևանի և Նոր Հաճնի մահապարտների աջակցությամբ Սեյրան Մարգարյանի դին կարողացան նախկին դիրքերից հանել են:

«Ալավերդու մահապարտների ջոկատի ամենատարեցը Սեյրան Մարգարյանն էր: Արդեն 50-ին մոտ էր: Նա որպես նռնակաձիգ անփոխարինելի էր: Ես ինչ իմանայի, որ ընդամենը մի քանի օր անց առաջին զոհը Սեյրանը պիտի լինի»,- տարիներ անց  «Մահապարտները» ժողովածուի մեջ գրել է գումարտակի փոխհրամանատարը:  

Սեյրան Մարգարյանը Ալավերդիում թողել էր երեք  երեխաներին, կինը մահացել էր տարիներ առաջ: «Մինչ Ղարաբաղի շարժումը մենք ընտանիքով Մոնղոլիայում էինք, մայրս այնտեղ քաղցկեղից մահացավ: Հայրս, ես և  անչափահաս 2 քույրերս 1988թ.-ի հունվարին մորս թողեցինք Մոնղոլիայում և վերադարձանք Հայաստան»,- հիշում է Սեյրանի որդին` Գագիկը:

Երբ Սեյրանը զոհվեց, Գագիկը 18 տարեկան էր: «Քաղաքում տարածվեց, որ Ղարաբաղում  Ալավերդուց 2 զոհ կա: Իջա ներքև, մարդիկ էին հավաքված թաղում` մեր թաղի օղորմածիկ Մալիկը, ուստա Սանոն, տարիքով մեծ մարդիկ էին: Բոլորը հորս ճանաչում էին: Մալիկի տղա Ժորոն էլ էր հավաքվածների մեջ: Ինձ խնայում և խաբում էին: Բայց ես ամբողջ գիշերը չքնեցի: Անհանգիստ էի: Ոնց որ սիրտս գուշակում էր:  Մեր թաղում Մագադան Միշա կար: Մեծ մարդ էր: Հաջորդ օրը թաղում կանգնած էինք, ինձ չէր ճանաչում, կանգնածներին ասաց, թե տղերք, ասում են`Ղարաբաղում Սեյրանին խփել են, իմացե՞լ եք: Այդտեղ էլ ես վատացա»,-հիշեց Գագիկը:  

Հետո հոր զոհվելու հանգամանքերի մասին  Գագիկը հարցուփորձ է արել  հոր հետ կռված մահապարտներից, ում հանդիպել է:  Տարբեր բաներ են պատմել տղային: Մեկն ասել է` ականանետից է եղել, տրաքել է, մեկն ասել է` տանկից արձակված  կրակոցից է եղել: Ասել են նաև` ուղիղ կրակահերթ է եղել: Որդին տեղյակ է, որ զոհվելուց հետո հոր մարմնի կեսը չի եղել: Յուրաքանչյուր պատմություն ավերել է Գագիկի հոգին: Նա հոր մարտական հետքերով  մի քանի անգամ գնացել է Ղարաբաղ: Առաջին անգամ նրան ուղեկցել է մահապարտ Արամ Սաժինյանը:  

«Մերոնք կռվի ժամանակ Վանք գյուղից են ոտքով շարժվել  դեպի Վաղուհաս, անանցանելի  լեռներով ու նրանց հարող ձորերով: Երբ հասել են Վաղուհաս, ճակատամարտը սկսվել է: Երկար է տևել ճակատամարտը:  Հետո կռվողները  նահանջի հրաման են ստացել: Ինձ հորս մարտական ընկերը` Գրիշա Դավթյանն է պատմել:  Ասում է, որ մերոնք, այդ թվում նաև հայրս, ահագին առաջ են գնացած եղել: Թուրքերից շատ զենք են խլել: Հայրս նռնակաձիգ է եղել:  Երբ հրաման է տրվում նահանջի համար, հայրս Գրիշա Դավթյանին ձայն է տալիս, որ հետ գա:  Արդեն մթնշաղ է եղել:  Գրիշան հասնում է հորս, այդ  պահին էլ պայթունը լինում է, հայրս զոհվում է, Գրիշան էլ ծանր վիրավորվում է»,- պատմեց Գագիկը:

Գիտակցությունը կորցրած և հազիվ ուշքի եկած Գրիշա Դավթյանին Սեյրան Մարգարյանի զոհվելու մասին  ղարաբաղցի մահապարտներից են տեղեկացնում: Սեյրանի  դին մարտադաշտում ուղիղ թուրքերի  դիրքերի առաջ է եղել, շատ զոհեր ու դիակներ է եղել, ճակատամարտն էլ անտառի փեշերին է եղել:

«Երբ հայրս զոհվեց, փոքր քույրս 11 տարեկան էր, մյուս քույրս ինձնից 2 տարով էր փոքր` 16 տարեկան էր: Քույրերիս  պահելու համար ինձ շատ է օգնել հորս մարտական ընկեր Գրիշա Դավթյանը:  Նա ինձ աշխատանքի տեղավորեց Բագրատաշենի մաքսատանը: Պետության կողմից էդպես աջակցություն չի եղել, աջակցությունն այն է եղել, որ փոքր քույրս 11 տարեկան էր, թոշակ և նպաստ նշանակեցին, դա է եղել ամբողջը»,- հայտնեց Գագիկը:

Վերջինիս պատմեց , որ 1992 օգոստոսի 29-30-ին հորեղբոր հետ  Վանաձոր վերադառնալիս  Շահալիում հանդիպել է Ալավերդու մահապարտ տղաներին: Ղարաբաղ  գնալուց առաջ նրանք եկել էին տնեցիներին մնաս բարով անելու. «Հայրս նրանց մեջ չկար, հարցրի հորս մասին: Ասացին, որ եկել Վանաձոր, «ԳԱԶ 66» բեռնատար վերցնելու`Երևանից նրանով Ղարաբաղ զենք զինամթերք  տեղափոխելու համար: Հայրս 43 զինվորական  զորամասից էր ստանալու բեռնատարը»,- ասաց նա: Գագիկը ափսոսում էր, որ հետ չի վերադարձել Վանաձոր` հորը վերջին հրաժեշտը տալու համար: 

Մեկնաբանություններ (3)

Քրիստինա
Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի բոլոր նահատակներին ու նվիրյալներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի ու մեր սուրբ գործի՝ Հաղթանակի։
STS
Գրենք և խոսենք մեծ մարդկանց մասին: Մամուլը ողողված է իրենցից ոչինչ չներկայացնող ու անբարո մարդկանց մասին տխմար ինֆորմացիայով: Այնինչ էսպիսի արժանի մարդիկ շատ կան: Փառք նրանց
Garik
Parq nahatakin.Apsos....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter