HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաց եկեղեցին Սամցխե-Ջավախքում սեփականաշնորհել է 21 կրոնական կոթող

Վրաց ուղղափառ եկեղեցին Սամցխե-Ջավախքում որպես իր ունեցվածք է գրանցել, նախնական տվյալներով, 21 եկեղեցի-վանք-մատուռ: Եվ այս ամենի մասին հայկական կողմը որևէ տեղեկություն չի ունեցել: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը վկայում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին մատուռների, եկեղեցիների և վանքերի գրանցման գործընթացը սկսել է դեռևս 2009-ից: Սակայն այդ գործընթացը արագացրել է այս տարվա ամռանը՝ գրանցելով մեծ քանակությամբ մատուռներ:

Այդ եկեղեցիների ցանկում են ինչպես վրացաբնակ, այնպես էլ հայաբնակ կամ կիսահայաբնակ գյուղերում գտնվող եկեղեցիներ ու մատուռներ, օրինակ՝ Ախալցխայի շրջանի Վալե գյուղի եկեղեցին: Վալեի Սուրբ Աստվածամայր եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրության, հռոմեացիների կողմից, այն կաթողիկեներին է եղել:

Վրաց ուղղափառ եկեղեցին գրանցել է Ախալցխայի, Ադիգենի, Ասպինձայի շրջանի որոշ գյուղերում գտնվող մատուռները:

Հիշեցնենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր ունեցվածք գրանցել է նաև Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա (որոշ աղբյուրներում՝ Տամալա) գյուղի հայկական Վանք եկեղեցին և Ախալցխա քաղաքում գտնվող Քրոջ և Եղբոր մատուռները: Տամալա գյուղի բնակիչներին զայրացրել է իրենց եկեղեցին վրացականացնելու այս փորձը:

Ախալցխայի հոգևոր տեսուչ, քահանա Տեր Հակոբ Սահակյանը «Հետքին» հայտնեց, որ արդեն երկրորդ նամակն է գրել Ախալցխայի մշակույթի բաժնին` երկկողմանի մասնագետներ հրավիրելու և տեղում ուսումնասիրություն կատարելու պահանջով: Հայր Հակոբին խոստացել են 10-օրյա ժամկետում պատասխան տալ:  

Թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ մշակույթի նախարարությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հայտնի չէ: Այս հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր դիմել ենք թե մշակույթի նախարարին, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  Պատասխանները ստանալու դեպքում դրանք նույնպես կհրապարակենք: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դա սխալ ու կարճատես քաղաքականություն է,որ նմանատիպ հարցերի լուծումը դրված է Հայ եկեղեցու պատասխանատվության տակ: Նմանատիպ ԲՈԼՈՐ հարցերը պիտի լուծվեն ՊԵՏԱԿԱՆ մակարդակով. օրինակ մշակույթի կամ ԱԳ նախարարության հովանու տակ: Ամբողջ ազգն ու պետությունը ԿՈՂՔԻՑ պասիվ նայում է,թե «ազնիվ» 1-2 հոգևորական երբ պիտի մատը մատին կպցնեն: ԲՈԼՈՐ եկեղեցիները Հայաստանում ՊԻՏԻ ճանաչել ՊԵՏԱԿԱՆ սեփականություն ու յուրաքանչյուր եկեղեցի պիտի ունենա պետական պաշտոնյա կառավարիչ-հսկիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter