HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դատավորը «Էս վերջերս Լեննականի շները չեն հաչում» արտահայտությունը համարել է վիրավորական

Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ընթացքը չի գոհացնում կողմերից եւ ոչ մեկին: Ձգձգվող դատավարության, ուշացումների, անհարկի միջնորդությունների ու վիճաբանությունների համար կողմերը մեղադրում են միմյանց ու նիստը նախագահող դատավորին: Սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի հնչեցրած «Էս վերջերս Լեննականի շները չեն հաչում» արտահայտության եւ ամբաստանյալի՝ «շունը դու ես, է՜յ» արտահայտություններից հետո սկսված վիճաբանությունը կողմերի միջեւ ավարտվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանի կողմից քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացնելով:

Սեպտեմբերի 17-ի նիստի ժամանակ, դատավոր Մարտին Սարոյանը քննելով միջնորդությունը՝ մերժել էր միջնորդել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատամամբ քրեական գործի հարուցումը: Դատավորը մերժումը պարզաբանել էր նրանով, որ հնչել են երկուստեք վիրավորանքներ: Դատավորի որոշումից անակնկալի էին եկել թե պաշտպանական կողմը, թե մեղադրող:

Փաստաբան Լուսինե Սահակյանը խոստովանեց, որ վստահ չի եղել, թե դատավորը նման որոշում կկայացնի: Արդարացի որոշում ակնկալել են, սակայն մտածել են, որ մեղադրող կողմի միջնորդությունը կբավարարվի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն էլ իր հերթին է զարմացած մերժումից: Նա համաձայն չէ, որ նիստերի դահլիճում իր կողմից հնչեցրած «Էս վերջերս Լեննականի շները չեն հաչում» արտահայտությունը վիրավորանք է: Լսելով դատավորի որոշումը՝ Արմեն Մելքոնյանը հայտարարել է, որ լրագրողներն իր ասածը աղավաղել են:

«Հետքը» փորձեց ճշտել, թե ինչ նկատի ունի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, երբ ասում է, որ լրագրողներն աղավաղել են իր ասածը: Ի վերջո, դատարանը որոշում կայացնում է՝ հիմնվելով իր տեսածի եւ լսածի վրա, ոչ թե լրագրողական հոդվածների, մանավանդ, որ նիստին ներկա լրագրողներն ընդամենն արձանագրել են տեղի ունեցածը:

«Ես որեւէ մեկին չեմ վիրավորել,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը,- երբ դա ասել եմ, նկատի եմ ունեցել բոլորիս՝ ինձ, մյուսներին, որովհետեւ, եթե հիշում եք, էդ օրն էնքան միջնորդություններ եղան, վեճեր, որ ես էլ ասի, թե «վերջերս Լեննականի շները չեն հաչում»: Բայց այ ամբաստանյալը, կոնկրետ ինձ վիրավորեց, դուք լսել եք: Ես ընդամենը ժողովրդական հայտնի այդ խոսքն ասել էի՝ նկատի ունենալով մեզ բոլորիս, որ շատ խոսեցինք, շներն էլ չեն հաչում»:

Գյումրիում ընդունված այդ արտահայտությունն իրականում գործածվում է հենց վիրավորելու նպատակով: Սովորաբար դա ասում են՝ նկատի ունենալով, որ դիմացինն այնքան խոսեց (այս դեպքում «հաչեց» փոխաբերական իմաստով.- հեղ.), որ շների հաչոցը կտրեց: Գյումրեցի դատավոր Մարտին Սարոյանն էլ հավանաբար որոշում ընդունելիս հաշվի էր առել հենց այդ հանգամանքը եւ նշել, որ նախ վիրավորել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, ում ամբաստանյալը պարզապես հակադարձել է: «Ամեն դեպքում ես որեւէ մեկին չեմ վիրավորել, բայց ինձ վիրավորել են,- կրկնեց Արմեն Մելքոնյանը,- ես դեռ կորոշեմ դիմեմ քրեական գործ հարուցելու համար, թե չդիմեմ: Չդիմելուս միակ պատճառը կլինի էն, որ մեկ անգամ եւս ամբաստանյալի կերպարը մոտիկից չտեսնեմ»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դժգոհեց նաեւ դատական գործընթացի ձգձգումներից, որի համար մեղադրեց պաշտպանական կողմին: «Վերցնենք, օրինակ, էս վերջի դեպքը, երբ մենք միջնորդեցինք դիտել դիսկերը, որ մի 2 ժամ կտեւեր, բայց չէ՜, իրանց կրիչներն էր պետք նայել, ու դրա դիտման համար անտեղի երկու օր ծախսեցինք»,- նկատեց Արմեն Մելքոնյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ դատական քննության ընթացքը ձգձգվում է, քանի որ դատավորը չի կարողանում դատարանում նիստի կարգը պահպանել, չի կարողանում ապահովել վկաների ներկայությունը եւ կողմերը ճարահատյալ հրաժարվում են իրենց միջնորդություններից: Սեպտեմբերի 11-ի նիստը չտապալվեց հենց միայն այդ տիպի որոշում ընդունելու շնորհիվ:

«Հիշենք թեկուզ Ղուկասյանների դատարան չներկայանալը, նրանց նկատմամբ բերման որոշումներ չկայացնելը եւ այլն,- ասաց Լուսինե Սահակյանը,- անհարկի միջնորդությունները, վեճերի հրահրումը, դատական նիստերի հետաձգումները մեկ ժամով, երկու ժամով, որովհետեւ մեղադրող կողմը չի ներկայանում կամ ուշ են բերում ամբաստանյալին: Ի վերջո, կան ողջամիտ ժամկետներ գործի քննության: Մեր դեպքում ձգձգումները ավելի շատ կապված են անորոշության հետ, չկան հիմնավոր պատճառներ այդ ձգձգումների: Այս գործի պարագայում ակնհայտ է արդեն դառնում իմ նշած ողջամիտ ժամկետների խախտումը»:

Առաջին լուսանկարում. ձախից աջ՝ Արմեն Մելքոնյան, Հարություն Սարգսյան

Մեկնաբանություններ (1)

aso
Es spanutyun@ drel en mi koxm u shan hachozn en datum????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter