HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում փնտրում են «դավաճաններին»

Ազգային ժողովում շարունակում են «գուշակել», թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից ովքեր են կողմ քվեարկել գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի նշանակմանը:

Մինչեւ քվեարկությունը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հայտարարել էին, թե խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց քվեարկությունը կատարելու հարցում, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պետք է դեմ քվեարկեին, քանի որ խմբակցություններում այդպես էր որոշվել:

Սակայն, Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ է քվեարկել ընդամենը 3 պատգամավոր: Հստակ է միայն Նիկոլ Փաշինյանի «դեմ»-ը, իսկ մյուս երկուսը դեռ «անհայտ» են:

Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները խուսափում են պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ պատգամավորները չհարգեցին խմբակցության դիրքորոշումը եւ կողմ քվեարկեցին իշխանության թեկնածուին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ զարմացած է քվեարկության արդյունքներից, քանի որ ՀԱԿ խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ում քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը եւ ինքը:

Բոլորն էլ հայտարարել են, որ դեմ են քվեարկել դատախազի թեկնածուի նշանակմանը, սակայն արդյունքում 3 դեմ է ստացվել, այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով նույնպես պետք է դեմ քվեարկեր:

Կուլիսներում պատգամավորները փնտրում են «դավաճան» պատգամավորներին:

Հիշեցնենք, որ այսօր 103 կողմ 3 դեմ ձայներով ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, ում նշանակմանը դեմ էին ընդդիմադիր պատգամավորները:

Մեկնաբանություններ (1)

Հայեր՜ - վայեր՜:
Բա տղերք ջան - ահը վեր է քան թե մահը! Ինչ իմանաս ինչեր կլինի! Բա որ հանկարծ գործ - մործ պատահի! Էն ժամանակ գոնե կասեն ,,գիտես, էդ ես էի, չնայած էդպես խոսեցի (որ կուսակից տղերքը չնեղանան!) բայց կողմ քվեարկեցի, քանի որ էն գլխից քեզ հարգում էի! Հայեր՜- վայեր՜:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter