HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանափակների առաջընթացը

Սևակ Հարությունյան

Առաջընթացի մասին պատկերացումները բոլորիս մոտ տարբեր են. քեզ համար գուցե առաջընթաց է թանը ռեդ բուլով փոխարինելը կամ չարոխով ծիծակին դավաճանելը, իսկ գուցե արծաթե շղթայիդ փոխարեն վզիցդ ոսկյա մի թոկ կապելը, իսկ գուցե պարզապես հեռուստացույցին «ծելե» ասելը, սիրելիիդ բեյբի կանչելը կամ հենց երեխայիդ սովորական դպրոցն օտարալեզվով (էստեղ տարբերակներ ունեմ օգտագործելու՝ օտարալեզվանիով, օտարալեզվոտով. փնտրեմ՝ էլի կգտնեմ) փոխելը:

Տարբերակներդ շատ են. կարևորը, որ առաջընթացդ զգաս, զգաս, որ դեմք ես դառնում, առանձնանում ես, ինչպես ես առանձնանում՝ կարևոր չէ, պարզապես անջատվում ես, դասվում ես մեծերի շարքը. չէ, մեծերի չէ, Նիցշեի ասած՝ գերմարդու. այո, դու գերմարդն ես, զավակդ՝ գերզավակ: Չէ՞ որ առաջընթաց եք ապրում, հասարակ մահկանացուների հանդեպ հաղթանակ եք տանում, զավակդ կրթություն է ստանում, «որակյալ» կրթություն, իսկ հասարակ մահկանացուները՝ ոչ. նրանք ձեզ պես գերմարդ դառնալու ոչ մի շանս այլևս չունեն...

Ռոնդինեում, երբ դեռ իտալերենի կուրսն էի անցնում, երկու ամիս անց հասանք «կոնջիունտիվոյին»: Ուսուցչուհիս՝ Դանիելան, թե՝ գիտե՞ս ինչ բարդ բան ա էս կոնջիունտիվոն. նույնիսկ իտալացիների մի մասը մինչև հիմա խոսքում դա ճիշտ չի օգտագործում: Ես, թե՝ դու (դե Դանիելան շատ երիտասարդ է, դրա համար բոլորս էլ դու-ով ենք դիմում. երկու շաբաթից էլ հարսանիքն է, իմիջիայլոց. չմոռանամ՝ զանգեմ) ինձ մոդելը ցույց տուր, մնացածը ինքս կորոշեմ՝ բարդ է, թե՞ չէ:

Էդ բարդագույն բանն ընդամենը ըղձական եղանակն էր, որ մենք մեր լեզվում օգտագործում ենք՝ առանց դույզն իսկ մտածելու կամ այն արտասովոր երևույթ համարելու. իտալերենում ընդամենը որոշակի բառեր ու արտահայտություններ կան, որոնցից հետո պետք է պարտադիր ըղձականն օգտագործել:

Դանիելան էդպես էլ չի իմանա, թե ոնց էդ կոնջիունտիվոն էդպես արագ սովորեցի, քանզի հայերենը չճանաչելով՝ չի զգա մեր լեզվի ողջ հզորությունն ու ճկունությունը, դրա միջոցով այլ լեզուներ սովորելու հեշտությունը:

Ցավս, սակայն, Դանիելայի իմանալ կամ չիմանալը չէ, ցավս հայի դա չիմանալն է: Հայի, ով մի անգամ իրեն չի հարցնում, թե ինչու ինքն, օրինակ, ռուսի նման չի ասում «խեպի բյորզդեյ» կամ girl-ին «գյորլ» կամ փարթին չի արտասանում «պածի», թե ինչու իտալացիների պես «I am hungry»-ն չի արտասանում «այ ամ անգրի», ինչու մյուս սլավոնական լեզվաընտանիքի կրողների պես «qualche»-ն օրինակ չի արտասանում կՎալկե, ու էդպես շարունակ:

Էս հայն ա ցավս, դպրոցում Մաշտոցի՝ հայերեն ՏԱՌԵՐը հայտնագործելու տափակ նախադասությունն անգիր արած հայն ա ցավս. գոնե մեծանալով իմացեք, որ Մաշտոցը տառերը չի հայտնագործել, Մաշտոցը հավաքել ա էն բոլոր հնչյունները, որ ձեր՝ օտարալեզու դպրոցից անտեղյակ նախապապերը կարողանում էին արտաբերել. թե չէ ճ-ն X-ով էլ կարող ես գրել, դրանից ոչինչ չի փոխվի, բայց շատ շատերի պես դու չես արտասանի Չ կամ Ջ ու չես գրի tsh:

Ու էդպես դու էսօր ունես կատարյալ հնչյունային համակարգ, որ քեզ թույլ է տալիս հարյուրավոր լեզուներ սովորել ու առանց ակցենտի խոսել, քանզի դու իրենց բոլոր հնչյուններն ունես, արտասանության խնդիր ընդհանրապես չունես, քերականությունը հասկանալու խնդիր նույնպես չունես, շարահյուսությունն առավել ևս, քանզի քո լեզվի նման ճկուն շարահյուսություն միայն կերազեն ունենալ այլ լեզվակիրները:

Էդ հայը երբեք չի հասկանա, որ անգլերենը դպրոցում ու դասատուի հետ ինչ-որ շտեմարան կրծելով չեն սովորում. դրա համար գրքեր են կարդում՝ սկսելով beginner-ից, հետո անցնում intermediate-ին, հասնում advanced-ին, օրիգինալ լեզվով ֆիլմեր են դիտում ու բառարան կարդում:

Ու էդ հայը դեռ հայերենին անուն է դնում ու էս գանձը մի կողմ շպրտում: Գիտեմ՝ իրեն էս գանձը պետք չէ, մտքում մի բան է լոկ. կոտրած, հաճախ անհոդաբաշխ հայերենին էգուց մյուս օրը մի էրկու ավելի ok, hi, bye ու блин, блядь, жесть ավելացնելն ու իրեն լավ զգալն է, մի քիչ ավելի գլամուռնի լինել է, փակ համակարգի մասնիկ դառնալն է, իր ստրկությունը կամավոր օրինականացնելն է, առաջին ու երկրորդ սորտի բաժանումն է...

Ձեր Առաջընթացը լոկ սա է լինելու, ոչինչ ավելին. իսկ մենք՝ «հետամնացներս», մեր երեխաներին հայերենով կկրթենք, մեր համեստ առաջընթացը կունենանք ու գլամուռնիներիդ ու պրիստիժնիներիդ կաստայի վրա ուղղակի թքած կունենանք: Կաստան ամեն ինչ լավ ա հաշվարկել, միայն մոռացել ա, որ իր մայրենին հարգողն ու ամեն լեզվից վեր դասողը երկրորդ սորտ երբեք չի կարող լինել...

Մեկնաբանություններ (3)

Սևակ Հարությունյան
Եվ մեկ բան էլ պետք է ավելացնեմ. գրածիս սկզբնական վայրը ֆեյսբուքյան իմ նոթերի համար նախատեսված տեղն է՝ http://www.facebook.com/notes/sevak-harutyunyan/սահմանափակների-առաջընթացը/229604303738174 հետագայում է այն հայտնվել Հետքի կայքում և այլ տեղերում...
Սևակ Հարությունյան
Anuk, դա ես չեմ դրել: Ինչ-որ մեկը դրել է և համարձակություն չի ունեցել իր անունը գրելու: Ես դրա վերաբերյալ իմ մեկնաբանությունը դրել եմ արդեն այդ հոդվածի կարծիքների մեջ report.am- ում: Կարող եք տեսնել:
Anuk
Ձեր այս նույն գրածը ինչո?ւ եք գրել են report.am-ի քոմմենթների տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter