HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ալեքսանյանի հաղթանակն ու պետականության «թաղումը»

Երևանի «Փակ շուկան» սկսեց աշխատել, սակայն ոչ այնքան որպես շուկա, ինչպես նախկինում, որքան իբրև «Երևան սիթի» ցանցին պատկանող հերթական, շաբլոն սուպերմարկետ: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, այսպիսով, հասավ իր նպատակին: Պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շինությունը քանդվեց ու վերանորոգվեց նախագծային ակնհայտ խախտումներով, որոնք արձանագրել էին թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը: Եվ չնայած դրան, չնայած հասարակական ուժեղ ճնշմանը, նա, միևնույն է, ոչ միայն իր ճաշակով ավարտին հասցրեց այդ աշխատանքները, այլև գործարկեց այն` հիմնական մասով փոխելով դրա գործառնական նշանակությունը:

Մինչդեռ ընդամենը մեկ շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից հավաստիացնում էր, թե քաղաքաշինության և մշակույթի նախարարությունները Երևանի քաղաքապետարանի հետ բանակցությունների մեջ են` ընդունելու այնպիսի որոշում, որը «հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները»:

Ալեքսանյանը «Փակ շուկան» գործարկեց վարչապետի այս սոփեստական հայտարարությունն անելուց գրեթե անմիջապես հետո: Պետք է, թերևս, եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանի ակնարկած բանակցություններում այդ որոշումը կայացվել է` անտեսելով պետական իրավասու գերատեսչությունների տված եզրակացությունները ճարտարապետաշինարարական շեղումների մասին: Եթե այդպես է, ապա գործադիրը պարզապես օրինականացրել է թույլ տրված ապօրինությունները, այսինքն՝ դարձել է դրանց համապատասխանատուն` չարաշահելով ունեցած լծակները: Բայց քանի որ հազիվ թե Կառավարությունն այնքան պարզամիտ լինի, որ նման ծիծաղելի հակասական որոշումներ կայացնի, մնում է եզրակացնել, որ ոչ մի նման որոշում էլ չի եղել: Վարչապետն ընդամենը Աժ-ում տված իր «բացատրությամբ» ժամանակ էր շահում Ալեքսանյանի համար` ավարտելու շինաշխատանքները և գործարկելու նոր սուպերմարկետը պատմամշակութային այդ կառույցում` փորձելով այդ կերպ օրակարգից հանել իր կոկորդը սեղմող հարցը:

Դա նշանակում է, որ Ալեքսանյանը պարզապես թքած է ունեցել թե՛ վարչապետի հայտարարությունների, թե՛ միջգերատեսչական ինչ-որ վիրտուալ բանակցությունների վրա: Այսպիսով, Ալեքսանյան-Կառավարություն տանդեմը գրեթե վերջնական հաղթանակ տարավ սեփական հասարակության և սեփական պետականության հանդեպ` վերջինս թաղելով «Փակ շուկայի» ավերված սյուների և պատերի տակ:

Նոր «Երևան սիթի»-ի գործարկումից հետո պրոցեսը տեղափոխվում է նոր հարթություն: Հիմա արդեն եկել է թույլ տված սեփական անգործությունը ինչ-որ կերպ արդարացնելու ժամանակը: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է: «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մեսրոպ Հակոբյանը հայտարարել էր, թե իրենք ուսումնասիրել ու պարզել են, որ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացում տեղի չի ունեցել: Ըստ tert.am-ի` ոստիկանության ներկայացուցիչը մասնավորապես ասել է. «Եթե որպես մշակութային արժեքը քանդելու հարց եք բարձրացնում և թղթերով նայում եք, որ կատարվել են շինաշխատանքներ, կհասկանաք, որ կազմակերպությունը ստացել է որոշակի թույլտվություն, և հասել են մի փուլի, որ անհրաժեշտություն է եղել ավելի ընդլայնել, որի արդյունքում, գուցե, պատմամշակութային որոշակի դետալներ քանդվել են»։ Ըստ այս տրամաբանության՝ կատարվածում հանցակազմ չկա:

Պատկերացնու՞մ եք. ոստիկանությունը, չգիտես ինչ իրավական հիմքով, իրեն թույլ է տվել կատարել կառուցապատման` քաղաքաշինական նորմերին համապատասխանելիության հետ կապված ուսումնասիրություններ և դրանց արդյունքների վրա հիմնվելով էլ որոշել, որ ապօրինություն չկա: Թերևս, ավելորդ է ասել, որ ոստիկանության խնդիրը ոչ թե իրեն բացարձակապես չվերաբերող հարցի հետ կապված մասնագիտական ոսումնասիրություններ անցկացնելն էր, այլ արդեն իսկ թույլ տրված ու պաշտոնապես արձանագրված խախտումների հիման վրա կառույցի քանդման, հետո նաև յուրովի վերականգնման աշխատանքները դադարեցնելը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, ինչը չի արվել: Թե որքանո՞վ են այդ շեղումները եղել կանխամտածված կամ ոչ, իրավական որակման խնդիր է` որոշելու պատասխանատվության աստիճանը, բայց ոչ երբեք վիճարկելու կատարված և պատկան մարմինների կողմից արձանագրված ապօրինության փաստը:

Ակնհայտ է, որ նման պատճառաբանությամբ փորձ է արվում լվանալ բոլոր այն պետական կառույցների դեմքն ու ձեռքերը, որոնք թաթախված են այս պատմության մեջ: Դրան էր ուղղված նաև նոր սուպերմարկետն այսպիսի հապճեպությամբ բացելը: Հաջորդ քայլը, թերևս, կլինի Կառավարության կողմից օրենսդրական ինչ-որ նախաձեռնության ցուցաբերումը` տպավորություն թողնելու համար, թե տեղի ուենցածը պարզապես օրենսդրական լուծումների անհստակության, սողանցքներից օգտվելու հետևանք է, ինչպես արվում է նմանատիպ դեպքերում: Սակայն այս ամենն այլևս ոչ ոքի չի զարմացնում: Միակ հարցը, որը հիմա քիչ թե շատ ինտրիգ է պարունակում, այն է, թե սիթիացման, նույնն է թե՝ ոչնչացման ենթակա հաջորդ օբյեկտը, որի վրա աչք կդնի հայրենի օլիգարխը, որը կլինի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter