HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ն ստեղծում է պատնեշ երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում

Դեռևս հրապարակված չեն ոչ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի, ոչ էլ Մաքսային միության հետ կապված փաստաթղթերը: Այնուամենայնիվ, այսօր «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա, թե Ռուսաստան»  քննարկման ժամանակ տնտեսագետ Վահագն Ղազարյանը  փորձեց ներկայացնել այն տարբերությունները, որոնք առկա են մաքսային երկու համակարգերի միջև:

Տնտեսագետի խոսքերով՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի դեպքում ԵՄ անդամ երկրներից ապրանքները Հայաստան կներմուծվեին զրոյական մաքսատուրքով, կհամապատասխանեին ԵՄ չափանիշներին: Այս դեպքում ՀՀ-ն կաշկանդված չէր լինի երրորդ՝ ոչ ԵՄ անդամ երկրների հետ փոխհարաբերությունների դեպքում և ազատ կլիներ իրականացնել տնտեսական ինքնիշխան քաղաքականություն:

Այնինչ, Մաքսային միության (ՄՄ) դեպքում ՀՀ-ի արտաքին տնտեսական քաղաքականությունը պետք է նմանեցվի ՄՄ անդամ երկրների կողմից ընդունված ընդհանուր քաղաքականությանը: Հետևաբար, երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվելու է այն մաքսատուրքը, որը կիրառում են ՄՄ մյուս անդամները: Վ. Ղազարյանը նշեց, որ ստեղծվում է պատնեշ երրոդ երկրների հետ փոխադարձ առևտրում և բարդանալու է այդ երկրներից ապրանքների մուտքը ՀՀ:  

Ընդ որում, այժմ ԵՄ-ի հետ առևտուրն ընթանում է ավելի բարենպաստ պայմաններում, քանի որ վերջինս տրամադրում է արտոնությունների համապարփակ համակարգ: Դա նշանակում է, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքներն ունեն արտոնյալ ռեժիմ ԵՄ-ում: Սակայն այս տարվա վերջում լրանում է այդ ռեժիմի ժամկետը:

Հաջորդ խնդիրը, որ առնաձնացրեց տնտեսագետը, կապված է ՄՄ սահմանների հետ: ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ, ինչը նշանակում է, որ հարկ է լինելու իրականացնել առանձին մաքսային ընթացակարգ ՄՄ անդամ չհանդիսացող երկրների հետ:

Մի կողմից՝ ՀՀ-ն շահում է ՄՄ անդամ երկրների հետ առևտրի ժամանակ, բայց խնդիրներ են առաջանում մասնավորապես հարևան երկրների հետ առևտրի դեպքում, որոնք ՄՄ անդամ չեն:

Վ. Ղազարյանը նշեց, որ ՄՄ-ի դեպքում որպես առավելություն նշվում է գազի գնի գործոնը: Սակայն եթե ՀՀ-ն Ռուսաստանից գազը ստանում է էժան գներով, ապա այն ապրանքները, որոնց արտադրման ժամանակ օգտագործվում է այդ գազը, ոչ ՄՄ անդամ երկրներ արտահանելիս ստացվելու է, որ ՀՀ-ն արտահանում է սուբսիդիավորված գազով ստացված ապրանք:

Հաջորդ խնդիրը վերաբերում է մաքսային օրենսդրությանը: Տնտեսագետի խոսքերով՝ տարիներ շարունակ ՀՀ-ն հայտարարում էր, որ իր օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵՄ օրենսդրությանը, ինչի համար նաև ֆինանսավորվում էր այդ կառույցից:

«Այժմ ստիպված ենք լինելու փոխել այդ ուղղությունը, և շարժվել ՄՄ ընդունված օրենքներով»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքերով՝ ՀՀ-ի համար ՄՄ շուկան ավելի մատչելի է, սակայն ԵՄ շուկան ավելի մարդաշատ ու գնողունակ է: Համաշխարհային տնտեսության մեջ ԵՄ-ի մասնաբաժինը մոտ 6 անգամ ավելի շատ է, քան ՄՄ անդամ երկրներինը:

Վ. Ղազարյանի խոսքերով՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում վատթարանում է ՀՀ-ում ներդրումների վիճակը, առավելությունները շատ քիչ են, սակայն ամենակարևորը՝ ՀՀ-ն կորցնում է տնտեսական ազատ քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter