HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Հայտնի են Ոսկե ծիրանի հաղթողները. Իրանցի ռեժիսորը ստանում է գլխավոր մրցանակը (վիդեո)

8-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքները: Երեկ երեկոյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ միջազգային ժյուրիները հայտնեցին հաղթողների անունները:

Ինչպես եւ կարելի էր սպասել, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը ստացավ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: «Արծաթե ծիրանին» արժանացավ հարավկորեացի Չուն-բում Փարկ «Մուսանյան նոթեր» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց Պաուլա Մարկովիչի «Պարգեւ» ֆիլմին:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը ստացավ Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմը: «Արծաթե ծիրանին» արժանացավ Լին Թրուի, Նելսոն Ուոքերի III, Ցերինգ Պերլոյի «Ամառային արոտավայրը»: Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմը:

Երիտասարդ ռեժիսոր Հարութ Շատյանը դարձավ այս տարվա հայտնությունը` արժանանալով միանգամից երեք մրցանակի: Նրա «Բեռնելով կյանքս» ֆիլմն արժանացավ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին «Հայկական համայնապատկեր» մրցույթում: Նույն ֆիլմին բաժին հասավ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակը մեր իրականությունը շատ ցայտուն, պայծառ եւ օպտիմիստորեն պատկերելու համար, ինչպես նաեւ «Նուարդ» մրցանակը:

«Հայկական համայնապատկերում» «Արծաթե ծիրանի» արժանացավ Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը»:  Այս նույն ֆիլմին շնորհվեց նաեւ Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակը «Հայկական համայնապատկեր» անվանակարգում լավագույն սցենարական գաղափարի համար:

Այս անվանակարգում հատուկ հիշատակման արժանացավ Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին»:

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» ֆիլմը: Հատուկ հիշատակման արժանացավ Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվը»:

FIPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակին արժանացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը:

Էկումենիկ կամ Եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց  Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին: «Այս ֆիլմում մահը ոչ թե ավարտ է, այլ նոր մի սկիզբ է հույսը կորցրած մի երիտասարդի համար: Եվրապայով ճամփորդելով նա մի փոխակերպում է ապրում»,- ասված էր ժյուրիի տեքստում:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին արժանացավ Պաուլա Մարկովիչի «Պարգեւը» ֆիլմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter