HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մանկատան նախկին սանը երկու երեխաների հետ սպասում է պետության հատկացնելիք բնակարանին

Աշխեն Կոտանովան «Զատիկ» մանկատան նախկին սաներից է, շուտով կդառնա 23 տարեկան: Արդեն քանի տարի նա սպասում է պետության կողմից իրեն հատկացվելիք բնակարանին, սակայն բնակարաննների հատկացման ծրագիրը անորոշ ժամանակով սառեցվել է:

Աշխենն ամուսնացած է և ունի երկվորյակ աղջիկներ: Երազում էր երեխաներին ծննդատնից միանգամից իրենց սեփական տուն տանել: Բայց մինչև հիմա Աշխենն ամուսնու` Հովհաննեսի ընտանիքի և երեխաների հետ վարձով է ապրում: Մի քանի տարի առաջ ամուսնու` Սարգսյանների ընտանիքը կորցրել է տունը. ավագ որդին խոշոր ավտովթարի մասնակից էր դարձել, ստիպված էին խոշոր գումարներ վճարել թանկարժեք մեքենայի փոխհատուցման համար, որի պատճառով ստիպված էին վաճառել իրենց տունը: Աշխենի սկեսրոջ` Ալիսայի խոսքերով` հասարակ ընտանիք են, իրենց աշխատածով նորմալ ապրել են, բայց այդ դեպքից հետո սկսվեցին իրենց անհաջողությունները: Այժմ գումար խնայելու նպատակով Սարգսյանների եւ Աշխենի նորաստեղծ ընտանիքը միասին է տուն վարձել Ջրվեժ գյուղում: Մոտ 4 տարի է՝ ապրում են այդտեղ:

«Դե, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, ամեն ընտանիք էլ իր խնդիրներն ունի, բայց ուզում եմ գոնե թոռնիկներս ապահով տանիք ունենան»,- ասում է տիկին Ալիսան:

Սեփական տուն է, որը վերանորոգման կարիք ունի: Անձրևային եղանակներին տանիքը կաթում է, իսկ հատակից սառնություն ու քամի է փչում: Ձմռանը փայտե վառարանով են տաքանում, սակայն վառելիքն էլ դժվարությամբ են ձեռք բերում: Տիկին Ալիսան պատմում է, որ նախորդ տարի, երբ փայտը սպառվել էր և գումար չունեին, ստիպված էին հագուստ վառել տաքանալու համար: 

Աշխենն ասում է, որ իր նման մի շարք մանկատան նախկին սաներ հերթի մեջ սպասում են, որ իրենց բնակարան կհատկացնեն:

«Ես հո ուրիշինը չեմ ուզում: Բայց դեռ կսպասեինք, մի ձևով կհարմարվեինք, եթե երեխաների հարցը չլիներ»,- ասում է Աշխենը:

Աշխենի երկվորյակ աղջիկները` Ալիսան և Ինեսան, դեկտեմբերին կդառնան երեք տարեկան: Փոքրիկները յոթ ամսական են ծնվել, նրանց իմունիտետը թույլ է, և անգամ թեթև մրսածության դեպքում թոքերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Աշխենի խոսքերով` Մասիվի հիվանդանոցում իրենց արդեն ճանաչում են, որովհետև ձմռան մի մասը երեխաների հիվանդության պատճառով այնտեղ են անցկացնում: Բացի այդ` Ինեսան նաև տեսողության  խնդիր ունի, ակնոց է կրում և պարբերաբար դեղեր օգտագործում:

Աշխենի խոսքերով` սննդի և հագուստի խնդիր չունեն, բացի այդ` ժամանակ առ ժամանակ տարբեր տեսակի օգնություններ ստացել են, սակայն բնակարանի հարցը առկախ է: «Եթե հիմա տան հարցը չի լինում, գոնե մի սոցիալական ծրագրի մեջ ներառեն, որ գոնե վառելիքի կամ տան վարձի հարցը կարողանանք լուծել»,- ասում է Աշխենը` նշելով, որ մինչև հիմա կուտակված պարտքեր ունեն:

Ընտանիքը կայուն եկամտի աղբյուր չունի: Աշխենի սկեսրայրը մի քանի ամիս առաջ է վիրահատվել, այժմ տաքսի է քշում, ամուսինը ոտքի հոդերի հետ կապված խնդիր ունի, ինչը տեղաշարժման բարդություններ է առաջացնում: Ամռանը բեռնատար է քշել, բայց դա էլ ժամանակավոր գործ է եղել: Աշխենը և սկեսուրը նույնպես առողջական խնդիրներ ունեն:

«Հիմա ինչ, վա՞տ ա արել, որ ամուսնացել ա, ընտանիք ա կազմել: Մանկատնից դուրս եկած աղջիկ ա, բայց հիմա գլխին կիսուր ունի, ով իրեն մամայություն ա անում, երեխաների խնամքի հարցում ա օգնում»,- հուզված ասում է Ալեքսանդրան` Աշխենի քույրը:

30-ամյա Ալեքսանդրա Կոտանովան, ով նույնպես «Զատիկ» մանկատան սան է, Նոր Նորքի 9-րդ զանգվածում մեկ սենյականոց բնակարան է ստացել: Այժմ աշխատում է Զատիկ մանկատանը որպես խոհարարի օգնական: Վերջինիս տան պայմաններն էլ լավը չեն, բայց չի դժգոհում, ասում է` գոնե տան վարձ չի տալիս, իր հնարավորության սահմաններում փորձում է տունը բարեկարգել:

Տարիներ շարունակ նա պայքարում է, որ տուն հատկացնեն նաև քրոջը: Բայց հաճախ է լսում, թե ինչու է քրոջ տան հարցերով զբաղվում, երբ վերջինս արդեն ընտանիք ունի: Անգամ ոմանք ասել են, թե եթե այդքան շատ անհանգստանում է,թող տանի իր տանը պահի:

«Էլի տանեմ, բայց ես մի սենյականոց տանը ո՞ր մեկին տեղավորեմ: Համ էլ ի՞նչ կապ ունի ամուսնացած-չամուսնացածը, երբ Աշխենին այդ տունը պետք է հատկացնեն», - ասում է Ալեքսանդրան:

Աշխենն արդեն ամաչում է ամեն անգամ գնալ կամ զանգել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ գիտեն իր վիճակի մասին, ունեն կոնտակտները. նա սպասում է հարցի լուծմանը: Իսկ Ալեքսանդրան ասում է` Աշխենը շատ խելոք է, բայց պետք է պայքարել: Բազմիցս գրավոր դիմել է նախարարին, փորձել խնդիրը լուծել բարերարների միջոցով:

«Ռալֆ Յիրիկյանին եմ գրել, բայց վստահ էլ չեմ, որ այդ նամակը իրեն հասել է, - ասում է Ալեքսանդրան: - Բայց եթե ես գրավոր նրան նամակ եմ գրել, բարի լինեին անգամ մերժելու դեպքում ինձ նույն ձևով պատասխանել, ոչ թե մի աղջիկ հեռախոսով զանգի, ասի` գիտեք, մենք այդ հարցով չենք կարող զբաղվել»:

Ընտանիքում հաճախ են լսում տարբեր բարեգործական միջոցառումների, նվիրատվությունների մասին, որոնք արվում են անապահով ընտանիքների համար: Բայց այդ ամենը կարծես թե նրանց կողքով է անցնում:

«Շատերին թվում է, որ եթե անապահով ես, պետք է վատ հագնված կամ անխնամ լինես: Կամ եթե մանկատնից ես, ուրեմն անգրագետ, չհասկացողի մեկն ես,- ասում է Աշխենը:- Թող գան տեսնեն` ինչ պայմաններում ենք ապրում, կամ եթե տուն հատկացնեն, հետևեն` լա՞վ ենք պահում, թե՞ ոչ: Մեզ ընդամենը մի տուն տան, չորս պատ, մնացածը մենք մեզանով կստեղծենք, կանենք»:

Աշխենը Հայ օգնության միության (ՀՕՄ) «Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկան խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառու է: Ծրագիրն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: ՀՕՄ-ից տեղեկացրին, որ այժմ իրականացվում է սոցիալական տների ծրագիր. նախարարությունը մարզերում վերցնում է շենքեր և տներ կառուցում: Աշխենը առաջնահերթ շահառուներից է, քանի որ երկու երեխայի մայր է: Սակայն այժմ նման բնակարան կա միայն Մարալիկում: Աշխենը նշել էր, որ իրենց այդ տարբերակն առաջարկել են, սակայն իրենք հրաժարվել են, որովհետև եթե անգամ այստեղ աշխատանքի խնդիր ունեն, այնտեղ ինչպե՞ս այդ հարցը պետք է լուծեն: Բացի այդ` Աշխենի քույրը և ամուսնու ընտանիքը միմյանց օգնելով ապրում են, իսկ եթե հեռանան միմյանցից, խնդիրները կբազմապատկվեն:

Այժմ մեկ այլ տարբերակ կա Թբիլիսյան խճուղու վրա, որտեղ բնակարաններ են կառուցվում, սակայն ՀՕՄ-ից ասացին, որ դրանք հարմար չեն Աշխենի բազմանդամ ընտանիքի համար, քանի որ մակերեսը փոքր է` 23 քմ: Աշխենն ուզում է, որ գոնե Երևանի ծայրամասերում, մայրաքաղաքին մոտ գյուղերում կամ քաղաքում իրենց տուն հատկացվի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter