HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սպանված Կարեն Եսայանի բջջային հեռախոսը գործը քննող քննիչը իրեղեն ապացույց չի ճանաչել

Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը դեռ ապացույցների հետազոտման փուլում է: Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր որպես իրեղեն ապացույց զննել սպանվածի մեքենան: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, 2012 թ.-ի ապրիլի 12-ին Կարեն Եսայանին սպանել էին սեփական մեքենայում՝ կրակելով աչքին:

Հոկտեմբերի 8-ի դատական նիստի ժամանակ արված միջնորդության քննարկումը դատավոր Մարտին Սարոյանը հետաձգեց՝ պատճառաբանելով, թե նիստից բացակայում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը եւ մեղադրողներից Արմեն Մարուխյանը, իսկ եթե պիտի իրեղեն ապացույցի զննում կատարվի, ապա կողմերը պարտադիր պետք է ներկա լինեն:

Դատավոր Մարտին Սարոյանը չընդմիջեց նիստը, ինչպես սովորաբար անում էր, երբ կողմերից որեւէ մեկը ուշանում էր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին, թեպետ արդեն իսկ տեղեկություն կար, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն ու մեղադրող Արմեն Մարուխյանը մոտ 40 րոպեից կլինեն Գյումրիում:

Հոկտեմբերի 22-ի նիստին դատարանը բավարարեց փաստաբան Լուսինե Սահակյանի վերոնշյալ (մեքենան զննելու մասին) միջնորդությունը՝ որոշում կայացնելով իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան քարշակի կամ վարելու միջոցով դատարանի բակ տեղափոխել: Սակայն այս որոշման դեմ Լուսինե Սահակյանը առարկեց՝ նշելով, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան, որ դեպիք վայրից տարվել է Գյումրու ոստիկանության քննչական բաժանմունքի բակ եւ հանձնվել հատուկ պահպանության, չի կարելի տեղաշարժել, առավել եւս, որ որեւէ մեկը վարելով այն բերի: Լավագույն տարբերակը կլինի այն, որ դատավարության կողմերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենք գնան քննչականի բակ:

Դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց: Այդ ընթացքում նշված վայր մեկնեցին պաշտպանական կողմը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: 10-15 րոպե բակում սպասելուց հետո պարզվեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան հնարավոր չէ զննել: Դատավոր Մարտին Սարոյանն այդ ընթացքում զանգահարեց փաստաբան Հունան Բաբայանին եւ խնդրեց վերադառնալ, քանի որ մեքենայի բանալին Երեւանում է՝ վարույթն իրականացրած քննիչի մոտ:

Դատարանի դահլիճում նիստը վերսկսելուց հետո, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դատարանն ուներ 14 օր ժամանակ այդ խնդիրը լուծելու, սակայն, չգիտես ինչու, չի արել եւ միայն նիստի օրն է պարզել, որ բանալին ոչ թե դատարանում է, այլ Երեւանում:

«Եվ հետո, ի՞նչ է նշանակում իրեղեն ապացույց հանդիսացող մեքենայի բանալին Երեւանում է քննիչի մոտ: Գործի վարույթն  իրականացնող քննիչն անցել է կենսաթոշակի, ի՞նչ է, բանալին էլ հե՞տն է տարել,- հարցեց փաստաբան Հունան Բաբայանը,-բանալին պիտի լիներ դատարանում, ինչպես մյուս ապացույցները, ոչ թե քննիչի մոտ կամ Երեւանի քննչական վարչությունում»:

Փաստաբան Հունան Բաբայանը հայտարարեց, որ իրենց համար ոչ միայն անակնկալ էր իրեղեն ապացույց հանդիսացող բանալու բացակայությունն, այլեւ այդ նույն ապացույցի պահպանությունը: «Եթե նշվում է, որ մեքենան հանձնվել է հատուկ պահպանության, ապա պիտի փաստեմ, որ մենք այդ պահպանությունը չտեսանք,- հայտարարեց փաստաբանը,- լրատվամիջոցներն էլ արձանագրեցին, որ այն պատշաճ չէր պահպանվում: Տեղում մենք ֆիքսեցինք մեքենան, որը գտնվում էր անմխիթար վիճակում եւ կարող եմ ասել, որ ցանկացած մեկը, ցանկացած գործողություն կարող էր այդ մեքենայի հետ իրականացնել առանց խոչընդոտի»:

Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին զննության համար տրամադրել նաեւ սպանված Կարեն Եսայանի անձնական իրերը, որոնք քննիչը վերադարձրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանին: Խոսքը վերաբերում էր դեպքի օրը Եսայանի մոտ հայտնաբերված ոսկե մատանուն, ծխախոտի տուփին, ավտոմեքենայի եւ ավտոտնակի բանալիներին,10 դրամանոց մետաղադրամին եւ հեռախոսին: Փաստաբան Լուսինե Սահակյանին զարմացրել էր հատկապես այն հանգամանքը, որ Եսայանի բջջային հեռախոսը քննիչն իրեղեն ապացույց չէր ճանաչել:

«Հնարավոր է Կարեն Եսայանն այդ ծխախոտի տուփի վրա գրառում է կատարել, ով է իրեն հետապնդում, օրինակ եմ ասում, կամ հեռախոսով նկարահանումներ կատարած լինի, ձայնագրություն կատարած լինի: Եթե զննված չէ հեռախոսը, չգիտենք ովքեր են իրեն զանգահարել, երբ են զանգահարել, քանի անգամ է խոսացել, որ ժամին է խոսացել, հարգելի դատարան, էս ամբողջը պատկերը մենք կունենանք մաիյն այն ժամանակ, երբ որ կզննենք նրա անձնական իրերը: Ուստի հարգելի դատարան, մենք մեր միջնորդությունը պնդում ենք»,- հայտարարեց փաստաբանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն ասաց, որ Վարդուհի Էլբակյանը Եսայանի իրերը հանձնել է նրա մորը՝ Անահիտ Իսկանդարյանին: Մելքոնյանը վստահ չէ, թե ծխախոտի տուփը պահպանվել է, սակայն խոստացավ բջջային հեռախոսը խնդրել տիկնոջից եւ հաջորդ նիստին ներկայացնել դատարան:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter