HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը պետք է ուժեղացնել

«Հետքի» հետ զրույցում ասում է «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) ֆրանսիական կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Ստոբդան Կալոնը:

Ի՞նչ ծրագրեր է իրականացնում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Հայաստանում, ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

Առաջին անգամ ԲԱՍ-ը Հայաստան եկավ 1988թ.-ին` երկրաշարժի ժամանակ: Որպես միջազգային բժշկական մարդասիրական ոչ կրոնական եւ ոչ քաղաքական կազմակերպություն մենք աշխատում ենք տարբեր երկրներում` տարբեր առողջապահական խնդիրների շուրջ: Հայաստանում իրականացրած առաջին ծրագիրը կապված էր 1988թ. երկրաշարժի հետ: Այնուհետեւ, ելնելով կարիքներից, շարունակեցինք իրականացնել տարբեր ծրագրեր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հոգեկան առողջության, սոցիալական աջակցության, սեռավարակների եւ ՄԻԱՎ ծրագրեր իրականացրեցինք: ԲԱՍ-ը նաեւ հոգեկան առողջության եւ տուբերկուլյոզի (ՏԲ) ծրագրեր էր իրականացնում Ղարաբաղում:

1990-ականներին Ղարաբաղում սկսեցինք տուբերկուլյոզի ծրագիր իրականացնել: Այդ ժամանակ դեղակայուն տուբերկուլյոզը մեծ խնդիր էր ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում: Եվ Հայաստանն այն երկրներից էր, որտեղ մենք որոշեցինք աշխատել: Դեղակայուն տուբերկուլյոզի կանխարգելումը պահանջում է ինտենսիվ միջամտություն, բուժում եւ հոգեբանական աջակցություն, որը շատ ավելի թանկ է, քան ՏԲ-ի կանոնավոր բուժումը: ԲԱՍ-ն առաջարկեց ՏԲ-ի պիլոտային ծրագիր, որն առաջինն էր Հայաստանում: Եվ 2005-ի սեպտեմբերին սկսեցինք Հայաստանում դեղակայուն տուբերկուլյոզի ծրագրի իրականացումը: ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտորեն համագործակցում էինք, դեղորայքը, ծախսանյութերը եւ այլ աջակցությունը տրամադրում էր ԲԱՍ-ը, իսկ ԱՆ-ն տրամադրում էր իր աշխատակիցներին եւ աշխատանքային պայմանները:

Մենք սկսեցինք պիլոտային ծրագիր իրականացնել երկու համայնքներում` Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա, ինչպես նաեւ Աբովյանի եւ Երեւանի ՏԲ դիսպանսերներում: Տարբեր կառույցներում տարբեր ծառայություններ էին մատուցվում: Պոլիկլինիկաներում ՏԲ դեպքերն էին հայտնաբերվում, դրանից հետո հիվանդն ուղղորդվում էր բուժվելու Աբովյանի դիսպանսեր, ինտենսիվ փուլից հետո հիվանդը վերադառնում էր պոլիկլինիկա, որպեսզի շարունակեր ամբուլատոր բուժումը: Սա Հայաստան ներմուծված մոդել էր: Հետագայում նախարարության ծրագիրը հաստատվեց «Կանաչ լույս» կոմիտեի կողմից, եւ «Գլոբալ հիմնադրամ»-ը ֆինանսական աջակցություն տրամադրեց: Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը դեռեւս սկզբնական քայլերն էր անում, եւ ամբողջ համակարգը խորհրդային ժամանակաշրջանից անցում էր կատարում հետխորհրդային ժամանակաշրջանին: Այդ անցումը, ցավոք, երկար տեւեց: Քանի որ Ազգային ծրագիրը ձգձգվում էր, եւ կային բազմաթիվ հիվանդներ, որոնց բուժումը դեռ հասանելի չէր, ԲԱՍ-ն առաջարկեց աջակցել հետագայում էլ ընդլայնել ծրագիրը` Ազգային ծրագրի հետ համագործակցելով:

Կոնկրետ ի՞նչ գործառույթներ է իրականացնում ԲԱՍ-ը` դեղորայք է մատակարարում, մասնագետներ է հրավիրում, թե բուժումն է իրականացնում: Ո՞րն է Ձեր առաքելությունը:

Մատակարարում էինք դեղորայք, վերապատրաստում բուժաշխատողներին եւ լաբորատոր մասնագետներին, ինչպես նաեւ ապահովում դեղորայքակայուն տուբերկուլյոզի ախտորոշման եւ բուժման փորձառություն: Մենք նաեւ օգնում էինք տեղափոխել խորխի նմուշները Գերմանիա: Երբ նախարարությունը ստացավ ծրագրի իրականացման հաստատումը «Գլոբալ հիմնադրամի» եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Կանաչ լույս» կոմիտեի կողմից, առաջարկվեց, որպեսզի ԲԱՍ-ը տեխնիկական խորհրդատվություն ցուցաբերի Ազգային ծրագրի իրականացմանը: Երբ Ազգային ծրագիրը ստացավ դեղորայքը, 2009-ի վերջին մենք նախարարության հետ մեկտեղ ծրագրեցինք սկսել անցումային փուլը, որի ժամանակ նրանք պետք է մատակարարեին դեղամիջոցները եւ ծախսանյութերը նյութերը, իսկ ԲԱՍ-ը պետք է տեխնիկական խորհրդատվություն ցուցաբերեր եւ ապահովեր վերահսկողություն ծրագրի իրականացման վայրերում: Այդ փուլում ծրագիրն ընդլայնվեց` ներառելով ամբողջ Երեւանը եւ Արմավիրի մարզը:

Քանի որ Արմավիրը, Կոտայքը, Արարատը, Լոռին, Շիրակը ամենամեծ մարզերն են, որտեղ դեղակայուն տուբերկուլյոզի բարձր ցուցանիշներ են գրանցվել, ՏԱԾ-ի հետ համատեղ որոշեցինք նախեւառաջ սկսել ծրագիրը այդ մարզերում: Որոշվեց, որ 2010 թ. մարտից Երեւանի բոլոր նոր հիվանդները կստանան դեղամիջոցներ Ազգային ծրագրից, իսկ ԲԱՍ-ը կշարունակի դեղամիջոցներ մատակարարել նախկինում ընդգրկված հիվանդներին:

Ինչո՞ւ է Ազգային ծրագիրը ձգձգվում:

Ես կասեի` շատ գործոններ կան, հիմնականում` Ազգային ծրագրում կազմակերպչական կարողությունների պակասը եւ ՏԲ վերահսկողական համակարգի մասնատվածությունը: Հիմնական որոշումներ կայացնողները, իրականացնողները եւ մյուս կառույցները, ինչպիսիք են, օրինակ, Աբովյանի դիսպանսերը եւ պոլիկլինիկաների ՏԲ կաբինետները, պետք է ավելի լավ համակարգվեն: Պետք է լինի մեկ միասնական կառույց, որը կիրականացնի ամբողջ գործընթացը:

Բայց ամբողջ համակարգը առողջապահության նախարարությունն է ղեկավարում եւ վերահսկում:

Այո, նրանք են իրականացնում, բայց դա տեխնիկական աշխատանք է, որը պետք է կատարի ՏԲ ազգային ծրագիրը, որն անհրաժեշտ է ուժեղացնել:

Այսինքն` կադրերի եւ հատկապես որակավորված մասնագետների պակա՞ս եք նկատել:

Այո, ղեկավար պաշտոններում: Լուծման կարիք ունեցող հիմնական խնդիրները վերաբերում են կազմակերպչական կարողությունների եւ կառուցվածքային բնոյւթի հարցերին: Վերջին տարվա ընթացքում, երբ ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար նշանակվեց Մարգարիտա Բալասանյանը, որոշ բարելավումներ եղան, սակայն դեռեւս շատ աշխատանք պետք է տարվի: Կարծում եմ, որ Հայաստանում կան որակավորված մասնագետներ. նոր փոխնախարարը` Ս. Խաչատրյանը, ով ներգրավվել է ՏԲ ծրագրում, թվում է` բավականին շահագրգռված է բարելավել համակարգը: Հույս ունեմ, որ դա տեղի կունենա:

Տուբերկուլյոզի բուժման ընթացակարգում որոշ խորհրդային տարրեր կան, ինչպես, օրինակ, պարտադիր հոսպիտալացումը, որը խորհուրդ չի տրվում ԱՀԿ-ի կողմից: Սրանք հիմնարար խնդիրներ են, ուստի պետք է համապատասխան լուծում ստանան: Հայաստանը կարող է դասեր քաղել հարեւան երկրներից, օրինակ` Վրաստանը բավականին հաջող է իրականացնում ՏԲ ծրագիրը: Նրանք ունեն Ազգային ծրագրի շատ լավ համակարգող: Ավելին, նրանք լուրջ բարեփոխումներ են իրականացրել` ամբողջապես վերացնելով խորհրդային համակարգի ոճը, մեթոդները եւ փորձը:

Ինչպե՞ս կգնահատեք ՏԲ-ի վիճակը Հայաստանում, եւ ո՞ր խնդիրներն է պետք հրատապ լուծել:

ՏԲ ազգային ծրագիրը հետզհետե բարելավվում է` աշխատելով միջոցներ ձեռնարկել ՏԲ համաճարակի դեմ, բայց արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է ավելի արագ գործել: Որոշ խնդիրներ արտացոլում են ՏԲ միջոցների սահմանափակումները գլոբալ մակարդակով: Անհրաժեշտ է ավելի լավ ախտորոշում կազմակերպել եւ լավ դեղորայք տրամադրել, ինչին հաստատապես կողմնակից է ԲԱՍ-ը: «Գլոբալ հիմնադրամ»-ը եւ Գերմանական զարգացման բանկն աջակցել են Ազգային ծրագրի համար ձեռք բերել ախտորոշման հնարավոր լավագույն համակարգը եւ դեղորայքը: ԲԱՍ-ը նույնպես աջակցել է այս խնդիրների լուծմանը: Ախտորոշման գործընթացը բարելավվել է տարիների ընթացքում, սակայն, ցավոք, նոր դեղ չի հայտանբերվել: Ինչեւէ, ԲԱՍ-ը շարունակում է միջազգային մակարդակով բարձրաձայնել այդ խնդիրները:

«Գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման հարցում դժգոհություններ կան: Ձեր կարծիքով, ՏԲ դեմ պայքարում Հայաստանին հատկացվող գումարներն արդյունավե՞տ են ծախսվում:

Ես կասեի` ՏԲ ազգային ծրագիրը դանդաղ է օգտագործում միջոցները: Անհրաժեշտ է արագ ու լավ պլանավորել ծրագրի իրականացումը` Հայաստանում տուբերկուլյոզի համաճարակի դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter