HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան. պաշարված մի քաղաք, կամ 75 տարի բրեժնևյան տուփի մեջ

Վերջերս Կապան քաղաքը նշեց իր այսպես կոչված «քաղաքի կարգավիճակ ստանալու 75 տարին»: Ամենուրեք հայտնվեցին «Կապան-75» խորագրեր ու շնորհավորական ուղերձներ:  

Կապանի պատմությանն անծանոթ անձը (հատկապես օտարերկրացի) այն տպավորությունը կստանա, որ քաղաքը ընդամենը 75 տարեկան է: Բայց Կապանն ունի հին ու հարուստ պատմություն. դեռևս 4-5-րդ դարերում այն արդեն բնակավայր-ամրոց էր՝ Յոթնաբերդ անունով: 10-րդ դարում Կապանն արդեն  20 հազար բնակչություն ունեցող մեծ ու կարևոր քաղաք էր ու Սյունիքի թագավորության մայրաքաղաքը:

Այդպես էլ չհասկացա, թե ինչու է քաղաք դառնալու սկիզբ համարվել  հատկապես բոլշևիկա-խորհրդային կարգավիճակը: Եթե ձեզ թվում է, թե Էրեբունու կենտրոնը ներկայիս Երևանի հրապարակում էր, ապա սխալվում եք:

Նույն ձևով վերջերս  նշվեց «քաջերի» քաղաք Քաջարանի 55-ամյակը: Բրեժնևյան ոճով՝  դպրոցականներին հավասար շարքերով շարել էին քաղաքի կենտրոնում, որպեսզի ցնծաբար ողջունեն  Քաջարան այցելած երկրի նախագահին. «Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր ՀՀԿ-ն է մեզ տվե՞լ»: Շոուն, թերևս,  զիջում էր միայն Հյուսիսային Կորեայի «ինքնաբուխ» ցնծությանը:

Այդ շարված դպրոցականներից քանի՞սը կփրկվի Քաջարանի բաց հանքի հանքային փոշիների ու ճառագայթման հետևանքով առաջացած հիվանդությունների ճանկերից:

Կապանում էլ տոնակատարությունների մեծ մասն անցան բրեժնևյան- խորհրդային ոճով.  տեղի «նժդեհական» ՀՀԿ-ական «էլիտան»  երկարաշունչ- գովաբանական ճառեր արտասանեց. իրար գովեցին, որ Կապանը դարձրել են «ծաղկուն» քաղաք. մի քանի «նժդեհական» պատվոգրեր ու մեդալներ տվեցին միմյանց ու «Կապանի փրկիչ-բարերար» կանադահայ հանքատեր բարոնին ու մեծարեցին «ամենայն կապանյան բանաստեղծին»:  Հանքատեր ու մուլտիմիլիոնատեր «նժդեհական» մարզպետի անունից շնորհավորեց  «նժդեհական» փոխմարզպետը, իսկ «անկուսակցական» պաշտպանության նախարարի անունից՝  իր «նժդեհական» օգնականը: «Նժդեհական» Լիսկայի կողմից ստեղծված «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ի (այս ՀԿ-ի նախագահը Կապանի ներկա «նժդեհական»  փոխքաղաքապետն է) «նժդեհական» երիտասարդ կապանցիները փուչիկները փչեցին ու տորթը մեյդան բերին, իսկ հանքային բարոնների կողմից  հսկվող Կապանի 2 տեղական TV-ները  իրենց վրա վերցրին PR-ային հատվածը. քեֆը պատրաստ էր ու «աննախադեպ»:

Մարզկենտրոն Կապանի տոնը թվում էր, թե ավելի կարևոր պիտի լիներ. բայց ո՛չ. երկրի հույժ նժդեհական նախագահը նախընտրեց մասնակցել միայն Քաջարան քաղաքի «տոնին»: Դե, իհարկե. փողը Քաջարանի «նժդեհական» հանքում է. Կապանն ի՞նչ: 

Իրականում՝ շարքային կապանցին մնաց նույն կոտրած տաշտակի առաջ կանգնած: Տաշտակն էլ արդեն չկա.  ուստի կապանցին մնաց միայն  կանգնած՝  թմաշա (թամաշա) անելը գոնե դեռ ձրի է:

Անցած տարվա Կապանի քաղաքապետի սեպտեմբերյան «հերկուլեսյան» ընտրությունների ժամանակ, Լիսկան՝ նստած Քաջարանի հանքի /ԶՊՄԿ-ի տնօրեն Հակոբյան Մաքսիմի կողքին, «մեկ տարուց լրիվ ուրիշ Կապան» էր խոստանում: Մեկ տարուց  Կապանում, իհարկե, ոչինչ էապես չփոխվեց: Միակ փոփոխությունը թերևս այն էր, որ 38-րդ ընտրատարածքից այս աշնանն ԱԺ պատգամավորի ընտրությունն ավելի «շախով ու ճոխ» անցավ: Փետրվարի 18-ին Կապանում ՀՀԿ-ի պարտությունից հետո, այս անգամ ԱՄԲՈՂՋ ՀՀԿ-ն՝ մեծից փոքր, «գործի էր անցել»: Նույնիսկ «Սյունիքի փրկիչ - բարերար» Մաքսիմն էր անձամբ գլխավորում ՀՀԿ-ի շտաբը. տղան պիտի չէ՞ «առաջին քննությունը  գերազանց  հանձներ»: Ամեն ինչ, իհարկե, անցավ «նժդեհաբար»:

Իսկ  Կապանը միայն իրենց  հանքային երևակայության մեջ է «ծաղկում ու բարգավաճում»: Մի քաղաք, որտեղ մարդկանց 2/3-ը դեռ աղքատ-չքավոր է, իսկ 3-4-ը` ֆեոդալ-հանքատեր, յուրաքանչյուրը 200 մլն դոլար է գրպանել:

Մի քաղաք, որտեղ պետական քաղաքաշինություն չկա. բացի հանքային բարոնների մի քանի օլիգարխահոտ օբյեկտների: Մի քաղաք, որտեղ  վաճառվող բնակարանները չվաճառվողներից շատ են:

Մի քաղաք, որտեղ մի քաղաքակիրթ շենք չես գտնի, որ մի բնակարան գնես: Շենքերը՝ քայքայված, մուտքերը՝ մութ, անդուռ ու անլուսամուտ, տանիքները՝ մաշված: Շենքից  շենք գույնզգույն  լվացքի թառերը կապկպած. հազար տեսակի, չափի ու գույնի «շուշաբանդներ». մեծացրած բալկոնները շենքերին կպցրած. տարբեր չափի ու գույնի ինքնաշեն փայտե, երկաթե ու բետոնե ավտոտնակներն ու տնակները (բուդկաներ) ամենուր՝ մեկը մեկից գեշ՝ անկանոն շարված կամ իրար գլխի.  փողոցներն ու մայթերը՝ մութ ու անհարթ, թափառող շները՝ամենուր, աղբը՝ բաց կերպով լցված  հին աղբամանների մեջ (անգամ բնակելի շենքերի տակն  է աղբով լցված): Դեռ հիշում եմ այդ խեղճ աղբահան տղամարդուն, ով  բահով (ու  ժամերով)  աղբը լցնում էր ծռմռված աղբի մեքենայի բաց թափքը. իսկական ստրկական աշխատանք:

Քաղաքակրթությունը փախել է Կապանից. անտեր ու չկառավարվող մի քաղաք: Ազգային հարստություն ընդերքը տվել են մի քանի օտար ու տեղացի հանքային բարոնի  ու օր ու գիշեր  փող են մուրում իրենցից, որ 1-2 շենքի կտուր ու վերելակ նորոգեն: Իսկ որպես PR մի քանի կոպեկ շպրտող էդ հանքային բարոններին էլ  անվանում են «Կապանի քաղաքահիմն փրկիչ-բարերարներ»:  Երևանն էլ տանում է մի-երկու կոպեկ վճարված տուրքը: Այսինքն՝ հանքային փոշին սյունեցուն, իսկ փողը՝ իրե՞նց: Հայը սովորել է միշտ քաշել-տանել սյունեցուց:

Նույնիսկ Լիսկան էր Կապանի ավագանու անդամներին հեգնում` ասելով՝ «ձեռքներն արդեն վեր բարձրացրած են ներս մտնում»`  ի նկատի ունենալով, որ միշտ ամեն ինչին սուսուփուս կողմ են քվեարկում: Կապանը յուրօրինակ քաղաք է. քաղաքի որ կետում էլ որ կանգնես, մի՛շտ հանքային թափոն, հանքային թափոնի հետք, պոչանք կամ պոչամբար ես տեսնում: Քաղաքի կենտրոնով հոսող Ողջի գետում ժամանակին ձկներ էին ապրում, իսկ հիմա այն  հանքային թունաքիմիկատների ջրատար է:

Առաջ քաղաքի կենտրոնը «Լենինյան հանքեր» թաղամասն էր. այս թաղամասը հիմա համարյա անմարդաբնակ, ավերված ու պատերազմի գոտի հիշոցնող մի տարածք է՝  փլված, լքված ու անհետացած շենքերով, մոշի քոլերով ու արդեն չաշխատող ԱՀՌԵԼԻ բաց հանքի 4 կմ ձգվող հանքային թափոնների սարակույտերով: Քաղաքի  կենտրոնը  հիմա (Քաջարանի) «Նժդեհյան հանքերն» են:

Ոմանք, ժանգոտած ժամացույցի ձանձրանալի տկտկոցների պես, անընդհատ կրկնում են, որ «Կապանը հանքարդյունաբերության կենտրոն-մայրաքաղաք է»: Ու դեռ պարծենում են սրանով: Ու որպես «արգումենտ» խոսում են այն մասին, որ արդեն 19-րդ դարի 2-րդ կեսից  հույները և ապա ֆրանսիացիները Ղափանում պղինձ են արտահանել: Այս մարդիկ չե՛ն հասկանում, որ 100-150 տարի առաջ արտադրության ԾԱՎԱԼՆԵՐԸ շատ ավելի փոքր, իսկ  արտահանման եղանակները՝  մակերեսային-պրիմիտիվ էին: Այսօր, տարեկան կտրվածքով, հարյուր հազարավոր ու միլիոնավոր տոննաների արտադրանք է  փորվում,  որն  ԱՀՌԵԼԻ ու անշրջելի հետևանքներ է ունենում շրջապատի,  մարդկանց ու ամեն ինչի վրա:

Կապանն այսօր պոչամբարների արանքում տառապող-մաքառող քաղաքի է վերածվել:

Ժամանակին Կապանի կենտրոնում գործում էր Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ հանրակրթական դպրոցը՝ գեղեցիկ մի սպիտակ շենքում: «Վթարային» լինելու պատճառով այն հողին հավասարեցրին ու տեղը կառուցեցին Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցին: Թե ինչքան մարդ հարստացավ այս եկեղեցու կառուցումով, դա էլ աստված գիտե: Հետո սկսվեցին զանգվածային «կամավոր» կնքումները: Ամենաակտիվ կնքահայրը «հայ քրիստոնյա» Լիսկան էր, որի «նժդեհական» հայացքի ներքո շատերը «հոժարակամ» կնքվեցին ու դարձան «հայ քրիստոնյա»: Կապանի ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետն էլ  անցած տարի  նույն ձևով  կնքվեց  ու  դարձավ «հայ քրիստոնյա»:

Խորհրդային գորշ տարիներին ցածր դասարանի աշակերտներին շարքերով քշում- տանում էին քաղաքի Լենինի արձանի մոտ ու պիոներ-կոմերիտական դարձնում: Հիմա էլ նույն ձևով քշում-տանում են եկեղեցի՝  կնքում ու դարձնում «հայ քրիստոնյա»: 

Կապանի այս «նժդեհականները» նման են Կապանի Նժդեհի չկայացած  արձանին՝ կիսատ-պռատ, անավարտ ու Նժդեհի կերպարը չարտացոլող: Փողը «չհերիքեց», որ Նժդեհի  կերպարին հարիր ու ամբողջական մի արձան կառուցեն. մի անհասկանալի կիսանդրի «կերտեց» միայն «տաղանդավոր» քանդակագործը:

Տեսեք  թե  օժտված, ստեղծարար ու աշխատասեր կապանցուն ի՜նչ օրի են հասցրել: Ժամանակին (միջնադարում) քաղաքի կառավարչին նշանակում էր ֆեոդալը: Կապանն այսօր էլ պաշարված քաղաք է՝  պաշարված հանքային-ֆեոդալ  բարոն(ներ)ի վարձու կամակատարների բանակի կողմից:  Ե ՞րբ պիտի սկսվի  երկրորդ  (ու իսկական) Դավիթ-Բեկը: Կապանում վե՛ր պիտի կենան իսկական նժդեհականները, որպեսզի նմանվեն անկրկնելի գլուխգործոց Դավիթ-Բեկի արձանի պատգամին  ու,  Վահագնի սրի և  Արա Աստծո օրհնանքով,  նորից քշեն իրենց քաղաքը պաշարածներին: 

Իսկ մինչ այդ՝ շնորհավոր  տոնդ, Սիբիրի խորքերում  (մի կտոր հացի համար մաքառող)  կապանցի: 

Շնորհավոր տոնդ, քաղցած կապանցի: 

Շնորհավոր տոնդ, Ռուսաստան ու Թուրքիա տանող միկրոավտոբուսում կռացած կապանցի: 

 Շնորհավոր տոնդ, Կապան. իբր թե: 

ՀԳ-1. Ես կարոտում եմ ձեզ, իմ մանկության  ընկերներ: Հույս ունեմ ձեզ   տեսնել ՄԵՐ ծննդավայրում՝ հանքային բարոնների ջիպերից հեռու: Ես կարոտում եմ նաև ձե ՛զ, իմ մանկության  ադրբեջանցի ընկերներ.  դուք այս հանքայից  բարոններից շատ ավելի լավն էիք:

ՀԳ-2. Պարոն նժդեհական քաղաքապետին. կապանյան սփյուռքն ու հատկապես արտասահմանցիները կմտածեն  ԼՈՒՐՋ կերպով  ներդնել Կապանում ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ քաղաքում լինի ներքոհիշյալ  3 պայմանները.

ա)  տնտեսական միկրոկուլտուրա. այսինքն՝ տնտեսական դաշտը գրավված չլինի և/կամ չհսկվի հանքային բարոնների կլանի կողմից: Ինչքան էլ սիրեն իրենց քաղաքը, ոչ՛ ոք չի ուզում «քցվել» ու կորցնել (դրսերում դառն ու չարչարանքով աշխատած) իր փողերն ու ապագայի երաշխիքը: Հանքային կլանը ԱՏԱՄՆԵՐՈՎ պահում է, որ իրենց դեմ նոր տնտեսական (ուստի նաև քաղաքական)  ուժ չստեղծվի: Ոչ ոք ավելորդ գլուխ չունի, որ «նախորդի»  վրա «գլխին սարքելը» փեշքեշ անի:

բ)  քաղաքական միկրոկուլտուրա. այսինքն՝ քաղաքական դաշտը գրավված չլինի և/կամ  չհսկվի բացառապես մեկ կուսակցութան կողմից. որպեսզի այդ կուսակցությանը չպատկանող  կամ անկուսակցական ներդրողի տնտեսական հաջողությունները չդիտվի սպառնալիք  այդ կուսակցությանը ու «գլխին չսարքեն»: Իսկ սրան հասնելու համար ՊԻՏԻ առնվազն ունենալ ընտրովի մարզպետ ու ընտրովի «Մարզային ժողով»: Չափազանց կարևոր է նաև վերացնել ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ը, որպեսզի ստեղծվեն նաև  բացառապես տեղական ու Երևանից չկախված կուսակցություններ ու քաղաքային-տեղական մակարդակով ԱՆԿԱԽ քաղաքականություն հնարավոր լինի վարել:

գ) անկախ դատաիրավական համակարգ, որպեսզի դատաիրավական մարմինները ոչ՛ թե հանքային բարոններին ծառայեն, այլ օրենքին ու արդարադատությանը: Այսինքն՝ անցնել ժուրիով դատական համակարգի ու  ժողովրդի կողմից ընտրված դատավորների: Ու ստեղծել դատաիրավական համակարգը հսկող (տեղական) մարմիններ, որի անդամները նույնպես ընտրված կլինեն: 

Վարազ Սյունի

Ամստերդամ, 28.10.2013

Մեկնաբանություններ (2)

M.K.
Dipuq hodvac e. Sax Hayastann e nuyn vichakum.
վարդան
ալավերդում էլ էր էտ նոյն պատմությունը թե ինչպես վերջացավ ոչ ոք չիմացավ. երեվի մարդիկ ընտելացան. կապանը արդեն երկուհազար տարի է մուսուլմանական է զեկավարությունը ծափ է տալիս մարդիկ էլ են ծափ տալիս, ղեկավարներն հնազանդ ապրում են.շունը այդպես հնազանդ չի.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter