Նշվեց «Շնողի օրը»
Նոյմեբերի 2-ին Լոռու մարզի Շնող գյուղում նշվեց «Շնողի օրը»: Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանն ասում է, որ «Շնողի օր» տոնակատարությունը խորհրդային տարիներին եղել է շնողցիների սիրված տոնը: Վերջին 10 տարներին այն չէր նշվում եւ մոռացության էր մատնվել: Շնողի ավագանին որոշել է վերականգնել այն:
«Նպատակն այն է, որ գյուղը համախմբվի, պառակտումը վերանա: Գյուղում ապրողների կրկնակի չափով շնողցիներ դրսում են` ապրում են Երևանում և արտերկրում: Մենք ցանկանում ենք նաև նրանց կապել իրենց ծննդավայրի հետ»,- ասաց Հովիկ Սահակյանը: Շնողցի բանաստեղծ և դպրոցի ուսուցիչ Արևշատ Ամիրջանյանը, երգիչ Ալիկ Խառատյանը, գյուղի արվեստի և միջնակարգ դպրոցների շնորհալի սաները ամեն ինչ արել են տոնական միջոցառման համար: Տոնակատարությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Մարզպետը շնողցիներին շնորհավորեց տոնի առթիվ և հորդորեց նրանց լինել համախմբված. «Եթե լինեք միաբան, եթե լինեք միահամուռ, ապա ավելի արագ և հեշտ կլուծվեն գյուղի առջև ծառացած խնդիրները»:
Ճարտարապետ Գառիկ Շախկյանը իր խոսքում կարևորեց հայրենի բնաշխարհի նկատմամբ սերը. «Եթե ինչ-ինչ պատճառներով հեռանում ես հայրենի բնաշխարհից, անպայման պետք է հետ նայես: Անհամեստություն թող չհամարվի, եթե ես ասեմ իմ օրինակով, արդեն 46 տարի ես ապրում և աշխատում եմ Երևանում, սակայն ինձ երբեք երևանցի չեմ համարել, մնացել եմ լոռեցի, շնողցի, և երևի դրա հաստատումն է իմ կյանքի ուղղվածությունը, իմ ստեղծագործությունները և ուսումնասիրությունները, որոնք բոլորը նվիրված են մեր բնաշխարհին ու նրա մարդկանց»:
Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը իր խոսքում նշեց, որ գյուղն է պահում երկրի կերպարը: «Գյուղը որքան շեն, ամուր և միասնական է, պետությունն այնքան ուժեղ է: Ես համոզված եմ, որ բոլոր քանքարավոր ու դրսում գտնվող շնողցիները պարտավորություն կստանձնեն տարվա մեջ այս օրը իրենց ծննդավայր գալու համար»,-ասաց նա: Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը բարձր գնահատեց շնողցիների նկարագիրը: Նա խոստացավ աջակցել Շնողի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնելուն:
«Թեղուտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ռուբեն Պապոյանը ընկերության և «Վալլեքս» խմբի ըկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անունից տոնի առթիվ նույնպես շնորհավորեց շնողցիներին. «Մենք հուսով ենք, որ մյուս տարվա 2-րդ կեսին ձեզ հետ միասին կստանանք պատրաստի արտադրանք, որն էլ ավելի կհզորացնի և մեր գյուղերը և մեր ողջ ազգին»,- ասաց նա:
Մանկապարտեզի, արվեստի և միջնակարգ դպրոցի սաների ուժերով տրվեց համերգ:
Գյուղապետ Հովիկ Սահակյանը հայտնեց, որ այսուհետ «Շնողի օր» տոնը կնշվի յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակում:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել