HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենացավագին բանն այն է, որ ես ավելի եմ ապրելու, քան իմ աշխարհն է ապրելու»

«Հետքի» հարցերին պատասխանում է արձակագիր Լևոն Ջավախյանը: 

-Այսօր (նոյեմբերի 2-ին) «Շնողի օր» տոնակատարությունն է: Ի՞նչ զգացողությամբ եք մասնակցում Ձեր հայրենի գյուղի տոնին: 

-Մարդ, որ հասակ է առնում` գնում է, բայց ու՞ր է գնում: Ուրեմն իմ տեսակի մարդը գնում է դեպի մանկություն, ոչ թե դեպի մահ: Իսկ մանկությունից հիշում եմ Շնողի Քամոտա Ղաշը, Վարդևորը, հետո` Վարդևորի գեղավորը, որ էշը բեռնած գալիս էր սարը: Սարվոր երեխանց համար ամենաքաղցր նվերը էդ գեղավորն էր, ու ծմակում կանգնած` ձեռներս պարզած ասում էինք.

                                Այ գեղավոր լոլոկ տու,

                                Լոլոկ չունես, բոլոկ տու: 

Էդ քաղցր հուշերով եմ եկել Շնող: Եկել եմ իմ լոլոկն ու բոլոկը տանեմ: Եսիմ, կտանեմ, թե չեմ տանի, որովհետև էս մանկության թախծի հետ, նաև գյուղը տեսնելով` ուրախության հետ իմ մեջ ամեն ինչ շաղախված է նաև տխրությամբ: Ավելի շատ տխրությամբ, որովհետև գալիս ես մի տեղ, որտեղ քո աշխարհի կեսը չկա: Քո տատը չկա, քո պապը չկա, քո հերը չկա: Մերդ չկա: Դու կաս, ու վաղը-մյուս օրը կարող է դու էլ չլինես, բայց ամենացավալին այն է, որ քո աշխարհը չլինի: Ո՞վ կարող է մտածել, որ ինքն իր ծնող աշխարհից կարող է շատ ապրել: Ո՞վ կարող է մտածել, որ ժողովրդին հարստացնելու միտումով ստեղ հանքեր կբացեն, ու էդ աշխարհը վաղը, մյուս օրը կավերվի: Ես առաջին մարդն եմ, որ գրել եմ «Շնող» ակնարկը, որտեղ նախատեսել եմ էդ ցավագին գալիքը, որ գալիք է, նկատի ունեմ Թեղուտի հանքերը: Դրանք  իմ մանկության աշխարհն են: Չկա ինձ համար ավելի մեծ գեղեցկություն, քան Դուքանաձորը: Երբ Դուքանաձորով գնում էի, իմ պապն ասում էր. «Այ, երեխեք, ինչ Մայիսի 1, էնա մայիսի 1 է, էլի»: Էդ կամարը կապած կանաչի միջով գնում ես անտառով, ու դա մի հատ տոն էր: Դա մի տոն էր, որ այլևս մեզ հետ չի ու չի էլ  լինելու: Եվ ամենացավագին բանը, որ իմ կյանքում կատարվում է, այն է, որ ես ավելի եմ ապրելու, քան իմ աշխարհն է ապրելու: 

-Ի նկատի ունեք Դուքանաձո՞րը: 

- Ի նկատի ունեմ մեր երկրի էկոլոգիան և  սպասվող է՛լ ավելի վատթար վիճակը: Ասում են, թե ծառեր են տնկելու, ասում են, թե անտառը վերականգնելու են: էդ ո՞ւմ են խաբում: 90-ական թվականների պատերազմի ժամանակ հեռուստատեսության դիմացի անտառը ժողովուրդը լավ կտրեց` ամբողջ հայ ազգի աչքի առաջ, որ տաքանա, օրերն անցնեն: Ավելի քան 20 տարի է անցել, էդ անտառը դեռ չի վերականգնվել: Էս ո՞նց է վերականգնվելու էս անտառը: Էդ սուտ է: Կոմունիստների ժամանակ գիտեին էդ հանքերի տեղը, բայց թաքցնում էին, չէին բացում, որովհետև գիտեին՝ բնությունն ավիրվելու է: Իսկ ավիրված բնության ցավն ավելի շատ էր լինելու, քան տված օգուտը: Տված օգուտն ի՞նչ, մի քանի մարդու ջեբն ա գնալու, իսկ ընդհանուր առմամբ էդ ավիրվող բնությունը դարերի շնորհիվ է բլլմիշ եղել, դարերի շնորհիվ է գոյացել, և էնտեղ միլիարդավոր դոլարների ծախս է արել Աստված, որ էդ աշխարհը սարքել է: Իսկ հիմա մերկանալու է մեր բնաշխարհը: 

Շնողի ողջ կոլորիտը նաև Ձեր մեջ կա: Ինչպե՞ս կբնութագրեք էդ կոլորիտը: 

Շնողնեցուն կարող ես տեսնել նաև Թումանյանի պատմվածքներում: Ցանկացած իսկական լոռեցու բնութագրի մեջ կտեսնես նաև շնողնեցուն: Շնողը իսկը Լոռին է` իր միամտությամբ, պարզությամբ, աշխարհով հանդերձ: Ես էդքան առանձնահատուկ չեմ առանձնացնի Շնողը, թեև Թումանյանը վախտին ասել է «գեր գերդիզան շնողնեցիք», ի նկատի է ունեցել արտի դեզերը: Այսինքն` հարուստ գյուղ է եղել Շնողը: Ես մի ընկեր ունեմ, ինքը լոռեցի է, հերը գյումրեցի է, մայրը՝ լոռեցի: Նա էլ է գրող, բայց որ կարդում ես իր գրածները, տեսնում ես կիսատ-պռատ լոռեցի է: Գենը իրենը տալիս է: Մեր Լոռվա աշխարհը կենցաղի առումով աղքատ աշխարհ է, բայց հարուստ է իր խոսքով: Էն խոսքը, որ Աստված լոռեցու բերանին է տվել, էդ խոսքն աստվածատուր խոսք է, և Աստված տվել ու չի խնայել: Պատահական չէ, որ Հովհաննես Թումանյան ու Հրանտ Մաթևոսյան ենք տվել: Էդ ամենամեծ հարստությունն է: Մի անգամ գնացել էի Հրանտ Մաթևոսյանենց տուն` իրար հետ ծանոթացանք, հետո իմացան, որ գրում եմ, Հրաչիկ Մաթևոսյանն ասավ. «Ադա, էդ դու խի՞ ես գրում, երևի մտածում ես` էդ ո՞նց է` ահնիձորցին կգրի, շնողնեցին չի՞ գրի»: Հա, հենց էլ որ շնողնեցին էլ կգրի, բայց շնողնեցին իր ճամփով կգնա: 

Դուք պարզ ու անկեղծ եք գրում: Որտե՞ղ են դրա ակունքները: 

Իմ պարզությունն ու անկեղծությունն իմ հորից են գալիս, իմ մորից են գալիս, իմ գեղից են գալիս, իմ բնաշխարհից են գալիս, Թումանյանից են գալիս, որ ասում էր` «աչքի պես պարզ, աչքի պես բարդ»: Աշխարհի ամենախորը լիճը Բայկալ լիճն ա, բայց նաև աշխարհի ամենապարզ լիճն ա: Ամենամեծ պարզությունների մեջ ամենամեծ խորություններն են: Էդտեղից ա գալիս: Մեկ-մեկ գրողների գործերը կարդում ես, ոնց որ գլուխկոտրուկ լուծես, այսինքն` ընթերցողը  ջանքեր պետք է գործադրի, որ տեսնի` ինչ է ասում: Գրողի առավելությունը նաև նրանում է, որ նախ պետք է կարդացվի: Լավից–վատից առաջ՝ նախ պետք է կարդաս, հետո հասկանաս՝ լա՞վն է, թե՞ վատը: Մեր գրողների մեծամասնությունն էդ առաջին պահը չի կարողանում դրան հասնել: Իսկ իմ դեպքում և՛ պետք է ընթերցելի լինի և՛ պետք է բանասելի լինի: Մինչև հիմա գրականությունը զարգացել է սյուժեի վրա, սյուժետային է եղել: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ բան ասես, խոսք ասես: Էդ բանի շուրջ քո սյուժեն, քո ասելիքը իրագործես: Էդ բանն է, որ պակասում է: 

Ովքե՞ր են Ձեր հերոսները: 

Իմ հերոսներից մեկն էլ դու կարող ես լինել, որովհետև իմ շրջապատի ամենամոտ ընկերն ու ընկերուհին ես: Ում տեսնում եմ՝ կոլորիտային է, ում կերպարի մեջ տեսել եմ, որ խոսք կարող եմ ասել` ասել եմ: 

Մեր գյուղերի վիճակի մասին ի՞նչ կասեք: 

Մեր ցանկացած գյուղ էս հանրապետության տեսքն է: Գյուղերին հիմա պետք է առավել ևս ուշադրություն դարձնել, որովհետև մեր հիմնական հայրենիքը գյուղն է, որովհետև հող է, տարածք է, սահման է: Երևանը չէ: 

«Շնողի օրվա» առթիվ ի՞նչ եք մաղթում շնողցիներին: 

Շնողը շատ մարդիկ ստուգաբանում են որպես շեն հող,  շինող, կառուցող բառից է: Շնողցիներին ցանկանում եմ, որ տեր դառնան իրենց ակունքին: Այսինքն`  և՛ կառուցեն և՛ շենանան: Էդ եմ ցանկանում շնողցիներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter