HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է փախչում 21-ամյա դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը

«Քննիչը խոստացավ ու չեկավ… ասեց`էսօր տուն եմ գնալու…սոված եմ, թողեք գնամ հաց ուտեմ…ես խելոք եմ, արդեն խելոք եմ…». 21-ամյա կալանավոր Սերոբ Մխիթարյանի խոսքերն են՝ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հենց դատավարության ժամանակ: Մինչ բոլորը զարմացած լսում էին Սերոբի չկապակցված մտքերը, իսկ մայրը անհանգիստ նայում էր որդուն, դատավոր Վարդան Գրիգորյանը նախ զգուշացում տվեց, ապա սանկցիա կիրառեց նիստը խանգարելու համար՝  հեռացնելով Սերոբին դատարանի դահլիճից:

Սերոբ Մխիթարյանի մայրը ցույց է տալիս տղայի բժշկական փաստաթղթերն ու ասում. «Դեռ 11 տարեկանից նրա մոտ արդեն նկատվում էր տարօրինակ վարքագիծ»: Սերոբը տառապում է «Անձի հիսթերիկ տիպի խանգարում» հոգեկան հիվանդությամբ: Այդուհանդերձ դատահոգեբանական համալիր փարձաքննության եզրակացությամբ նա ճանաչվել է մեղսունակ: Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Սերոբը կարող է մասնակցել դատավարությանը և պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար:

Այս կետերը դարձյալ հիշեցրեց դատավոր Գրիգորյանը՝ ի պատասխան հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանի հայտարարության, թե իր պաշտպանյալի հոգեկան հիվանդությունը սրվել է:

Ինչո՞ւ է Սերոբ Մխիթարյանը հայտնվել ամբաստանյալի կարգավիճակում:

Սերոբը 2010թ. օգոստոսին դատապարտվել է 1 տարի 11 ամիս ժամկետով: 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել: Սակայն 2012-ին դատապարտվել՝ այս անգամ արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Շուշվա բերդում

2012թ. մայիսին Սերոբը դարձյալ գողություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 6 տարի ժամկետով: Ըստ դատավճռի՝ Սերոբը անչափահաս Անդրանիկ Գաբրիելյանի (դատապարտվել է նույն գործով 4 տարվա պայմանական ազատազրկման) հետ գողություն է կատարել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Նորիկ Մանուչարյանի առանձնատնից՝ 293.000 դրամի չափով:

Սակայն նախ Նորիկ Մանուչարյանը հերքել է, թե իր տանը տեսել է Սերոբին, ապա փոխել ցուցմունքները:

Ահա ճանաչման ժամանակ արված լուսանկարները, որտեղ թե՛ տուժող Նորիկը, թե՛ վկան ճանաչել են միայն Անդրանիկ Գաբրիելյանին:

2012-ի հունվարի 31-ից Սերոբ Մխիթարյանը գտնվում է Շուշվա բերդում, սակայն հունվարի 27-ից գտնվել է Քաշաթաղի շրջանի ոստիկանությունում: Սերոբի մայրը՝ Մարիետա Գոգոյանը, պատմում է, որ 4 ամիս շարունակ չի կարողացել տեսնել որդուն: Իսկ Սերոբի նկարագրությունների համաձայն, որոնք տպագրվեցին նրա խցակից, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ահազանգերից հետո, ինքը Շուշվա բերդում գտնվել է անմարդկային պայմաններում:

«Հունվարի 31-ին կալանավորման սանկցիա կիրառեցին իմ հանդեպ և տարան Շուշիի բերդ: Բերդի օպեր բաժնի պետը՝ Մարատ Շաբոյանը, բերդի պետը՝ Ասեյանը, վարչության պետի տեղակալ Ղուլյանը ինձ հանգիստ չէին տալիս, գալիս, խցից հանում էին ու սկսում էին ոտքերով հարվածել, պահում էին մի սենյակում, որտեղ ահավոր ցուրտ էր: Դա՝ շուրջ 4 ամիս»,- գրել էր Սերոբը մամուլում:

«Հետքի» հարցին, թե ինչու ընտանիքը չի բողոքարկել վերը նշված բոլոր գործողությունները, Սերոբի մայրը՝ տիկին Մարիետան, պատասխանեց. «Վախենում էինք Սերոբի կյանքի համար»:

Երևան տեղափոխվելու շանսը. ինքնախոստովանական բացատրություն

2012-ի ապրիլին՝ Շուշվա բերդում 4 ամիս անցկացնելուց հետո, Սերոբ Մխիթարյանը խոստովանական բացատրություն է տալիս դեռևս 2009-2010թթ. Երևանի Տիգան Մեծ փողոցում իրենց հարևանների բնակարաններից կատարված չբացահայտված գողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ խոստովանում է, թե 2009թ. հոկտեմբերի 6-ին ինքն է կատարել Երևանի Տ. Մեծի 3-րդ նրբանցքի 2-րդ տնից գրանցված գողությունը (նախաքննության տվյալներով՝ գողության հետեւանքով տանտիրուհուն պատճառվել է շուրջ 11 084 560 դրամի գույքային վնաս՝ հափշտակելով 8 469 560 դրամին համարժեք 22 000 ԱՄՆ դոլար և 2 616 000 դրամ գումար), և ևս մի քանի այլ գողություն Տիգրան Մեծ փողոցից: Նույն օրը վերսկսվում է նշված գողության դեպքի առթիվ հարուցված և 2010թ. կասեցված քրեական գործի վարույթը: Երևանի քննչական վարչությունը միջնորդում է Սերոբ Մխիթարյանին տեղափոխել Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ և գտնվում է կալանավորը մինչ օրս:

Տեղափոխության մասին ինքը՝ Սերոբը, այսպես է գրել. «Բերեցին մի տետր ու կարդացին մի շարք գողություններ, ասացին՝ գրի, որ դու ես արել՝ տանենք Երևան: Ես էլ Ղուլյանին ասացի, որ համաձայն եմ գողությունը իմ վրա վերցնել, մենակ թե այդ սենյակից ինձ հանեն և տանեն նորմալ բանտախուց: Մի քանի օր անց եկավ Շաբոյանն ու ասաց՝ վեր կաց, գնում ենք Երևան՝ Նուբարաշենի ՔԿՀ, որտեղ և այժմ ես գտնվում եմ»:

Փաստաբան Տիգրան Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ բացի Սերոբի ինքնախոստովանական ու տուժողների ցուցմունքներից՝ որևէ այլ ապացույց չկա, որով կարելի լինի գողության մեջ մեղադրել Սերոբ Մխիթարյանին: «Այն էլ՝ նրանց ցուցմունքներում չկա որևէ տող, որ տեսել են Սերոբին գողություն կատարելիս, պարզապես ասում են, որ Սերոբին են կասկածում: Այսպիսի գործը նույնիսկ չպիտի մտներ դատարան, անգամ նախաքննական մարմինը Սերոբի ինքնախոստովանական ցուցմունքների մի մասը ստուգել ու իրականությանը անհամապատասխան է ճանաչել»,- ասում է փաստաբանը:

Հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյան

Ինքնավնասումներ, ինքնասպանության փորձ, փախուստ դատարանից

«Իմ տղայի ախտորոշման մեջ մշտապես նշված է եղել ինքնավնասման հակումը: Երկու անգամ ինքնասպանության փորձ է արել «Նուբարաշենում», հացադուլ հայտարարել՝ կարելով բերանը՝ ի նշան բողոքի, որ ինքն անմեղ է, որ ինքնախոստովանական ցուցմունքները տվել է Շուշիում միայն Երևան տեղափոխվելու համար: Նրան բժշկական մշտական հսկողություն է պետք: Սերոբին պետք է բուժել: Նրա մոտ սրացումներ են լինում»,- պատմում էր դատապարտյալի մայրը:

Հոկտեմբերի 23-ին Սերոբը փախուստի էր դիմել Էրեբունի-Նուբարաշեն դատարանից՝ դուրս գալով կալանավորներին պահելու սենյակից, ապա և՝ լուսամուտից:

4 օր անց նա հայտնաբերվեց ու տեղափոխվեց «Նուբարաշենի» մեկուսարան: Դատարանում ներկայացվեց ՔԿՀ պետի գրությունը, ըստ որի՝ փախուստից հետո մեկուսարան ընդունվելիս փախուստ կատարած կալանավորի մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ ծնկի, ոտնաթաթերի, ուսերի շրջանում: Սերոբն ինքը ասել է, թե ոտնաթաթերի վնասվածքները կոշիկներից են առաջացել, իսկ ծնկինն ու ուսերինը՝ ընկնելուց: Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ փախուստի հատկանիշներով (ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մաս): Արարքը պատժվում է մինչև 3 տարի ժամկետով:

Դատապարտյալի մայրն ահազանգել է ՄԻՊ-ի գրասենյակ, թե կասկածներ ունի, որ որդին բռնության է ենթարկվել: ՄԻՊ բռնության կանխարգելման բաժնի աշխատակիցներն այս պահին «Նուբարաշենի» բանտում են: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Նոյեմբերի 8-ին, ժամը 13:30-ին Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Սերոբ Մխիթարյանի գործով դատավարությունը: Եթե ամբաստանյալն ի վիճակի լինի, ցուցմունք կտա դատարանում:  

Հ.Գ. «Հետքը» փորձեց նաև տուժող Ռիտա Այվազյանի դիրքորոշումը ներկայացնել, սակայն նա կտրականապես հրաժարվեց հարցազրույց տալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter