HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորջրյա WiFi-ը մեծ ազդեցություն կարող է ունենալ. նախագծի թիմի անդամ է մեր հայրենակիցը

http://www.itechnology.am-ը գրում է, որ վերջերս համաշխարհային մեդիա դաշտը ողողվեց «Ստորջրյա Ինտերնետ» նախագծի աննախադեպ հաջողության մասին լուրերով:

Նախագիծն իրականացվում է Բուֆալո համալսարանի թիմի կողմից պրոֆեսոր Թոմասո Մելոդիայի ղեկավարությամբ: «Ստորջրյա Ինտերնետ» նախագծի շրջանակներում մշակվել է ստորջրյա անլար ցանց, որը, ի տարբերություն սովորական wifi-ի օգտագործում է ձայնային ալիքները ռադիո ալիքների փոխարեն: Եթե նախագիծը հաջողություն ունենա շատ ոլորտներում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն, այդ թվում ցունամիների վտանգի բացահայտման, օֆշորային նավթի եւ բնական գազի ուսումնասիրությունների, աղտոտվածության ուսումնասիրության եւ օվկիանոսներում շատ այլ գործընթացների իրակացնման գործում:

Հարցազրույներից մեկի ժամանակ պրոֆեսոր Մելոդիան ասել է. «Ստորջրյա անլար ցանցը մեզ աննախադեպ հնարավորություն կտա հավաքել եւ վերլուծել տվյալները, որ մենք կստանանք իրական ժամանակում օվկիանոսի խորքերից»: Այս նախագիծը հարյուրավոր հնարավորություններ կարող է ստեղծել. այն կարող է օգտագործվել նույնիսկ ձկների ու ծովային կենդանիների ուսումնասիրությունների համար: «Այս համակարգի տված տվյալները բոլորին հասանելի դարձնելը սմարթֆոնով կամ համակարգչով հատկապես ցունամիներից հաճախ տուժող վայրերում կարող է իրականում հազարավոր կյանքեր փրկել»,- ավելացնում է պրոֆեսոր Մելոդիան:

Սա իրականում հրաշալի նորություն է, սակայն մեզ` հայերիս համար այս պատմության լավագույն կետը թերեւս պրոֆեսոր Մելոդիայի թիմում մեր հայրենակից Հովհաննես Կուլհաջյանի ներկայությունն է:  iTechnology.am-ը ավելի քան հպարտ էր, որ հնարավորություն ստացավ կապ հաստատել Հովհաննեսի հետ եւ ներկայացնել տաղանդավոր երիտասարդի պատմությունը մեր ընթերցողներին:

Հովհաննեսը ծնվել է Գյումրիում` Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում: Ավերիչ երկրաշարժից հետո նա ընտանիքի հետ ստիպված տեղափոխվել է հարեւան Վրաստան, որտեղից էլ, քաղաքացիական պատերազմի սկսվելուն պես, տեղափոխվել է Եգիպտոս:
«Չնայած ես իմ կյանքի մեծ մասը հեռու եմ ապրել իմ հայրենի երկրից, սակայն, ի շնորհիվ իմ ծնողների, ովքեր տանը միշտ կիրառել են հայերենը, մենք պահպանել ենք մեր թանկագին մայրենին եւ հայկական մշակույթի տարրերը: Բացի այդ, ներգրավված լինելով դրսում ապրող հայերի կազմակերպած բոլոր հանդիպումներին եւ միջոցառումներին, մենք կարողացել ենք պահպանել մեր արմատները եւ հայրենական ժառանգությունը»,- ասում է Հովհաննեսը:

Դպրոցում կրթությունն ավարտելուց հետո Հովհաննեսն ընդունվում է Կահիրեի Ամերիկյան համալսարանը. «Մենք` հայերս ամբողջ աշխարհում բարձր են գնահատում բարձրագույն կրթության արժեքը եւ աջակցում ենք այն ուսանողներին, ովքեր ունեն այդ ներուժը, սակայն ֆինանսապես դժվարանում են դիմել հայտնի հաստատություններ: Ես կուզենայի նշել, որ ես երախտապարտ եմ հայկական մի շարք կրթաթոշակային ֆոնդերի: Առանց դրանց օգնության ես չէի կարողանա խորանալ իմ մասնագիտական կրթության մեջ»,- պատմում է Հովհաննեսը` նաեւ նշելով իր ընտանիքի կարեւորագույն դերը իր բարձրագույն կրթության եւ մասնագիտության ձեռքբերման հարցում:

Կահիրեի Ամերիկյան համալսարանը բարձր գնահատականներով ավարտելուց հետո Հովհաննեսը ընդգրկվում է Բուֆալոյի համալսարանի էլեկտրական ինժիներիա բաժնի դոկտորական ծրագրի մեջ եւ մասնագիտանում թվային ազդանշանների ստացման  եւ անլար ցանցերի ուսումնասիրությունների մեջ: Այժմ Հովհաննեսն աշխատում է իր դոկտորական աստիճանը պաշտպանելու վրա: Հովհաննեսի ղեկավարը պրոֆեսոր Թոմասո Մելոդիան է. «Իմ ուսումնասիրության շրջանակները ստորջրյա ակուստիկ անլար սենսորների ցանցերն են: Ես աշխատում եմ տարբեր նախագծերի վրա, ինչպիսին է օրինակ Ստորջրյա Ինտերնետը»-, պատմում է Հովհաննեսը:

Այս թիմի վերջին հաջողությունը Բուֆալոյի մոտակայքում Էրի լճում կատարված ուսումնասիորւթյունն է: Հետազոտողների թիմը երկու 18կգ-անոց սենսորներ է  սուզել ջրի տակ եւ ապա կարողացել է համակարգչի օգնությամբ ինֆորմացիա փոխանցել այդ սենսորներին:

Նոր համակարգը թույլ կտա լուծել ինֆորմացիայի փոխանակման խնդիրները ներկայիս ստորջրյա սենսորներից համակարգիչներին, սմարտֆոններին եւ այլ սարքավորումներին. «WiFi-ի ռադիո ազդանշանները վերածվում են ծփոցների, որն էլ դրանք դարձնում է ակուստիկ ալիքներ ստորջրյա սոնսորների համար:  Դրանք երկկողմանի են. դու խոսում ես նրանց հետ, նրանք էլ խոսում են քեզ հետ»,- բացատրում է Հովհաննեսը:

Ապագայում թիմը հույս ունի, որ սենսորները կօգտագործվեն բացահայտելու եւ լուծելու մի շարք միջավայրային խնդիրներ: Թիմը պատրաստվում է ներկայացնել նախագիծը հաջորդ ամիս Թայվանում անցկացվելիք համաժողովին:

Հետեւեք  iTechnology.am-ին «Ստորջրյա ինտերնետ» նախագծի մասին ավելին իմանալու եւ Հովհաննեսի ունեցած հաջողություններին տեղյակ լինելու համար:

Լուս.` Դուգլաս Լեվեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter