HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աստված չանի՝ պատերազմ լինի, կհիշեն օդաչուներին»

Որտե՞ղ են աշխատում հայ օդաչուները

2011թ. նոյեմբերի տվյալներով` «Արմավիա»-ում աշխատել է 84 օդաչու: Այս պահին 10-15 օդաչու է մնացել Հայաստանում, 6-ը թոշակի են անցել, 9-ը աշխատում են «ԷյրԱրմենիայում»: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասացին «Արմավիայում» աշխատած օդաչուները, ովքեր դեռ Հայաստանում են: Մնացածն աշխատում են դրսում՝ Ղազախստանում, Աֆրիկայում, ռուսական ավիափոխադրող ընկերություններում: Նախկինում «Արմավիայում» աշխատող 28 օդաչու պայմանագիր է կնքել ռուսական «Аэрофлот»-ի հետ, նրանք բարձր աշխատավարձով ու լավ պայմաններով աշխատում են դրսում: 35 տարվա թռիչքի փորձ ունեցող Ավագ Ալեքսանյանը մեկն է նրանցից: Պատմում է, որ ստացել է ՌԴ քաղաքացիություն, երեք օր Ռուսաստանում է, չորս օր՝ հայրենի Հայաստանում: Կացարանի հարցերը լուծված են, աշխատավարձը՝ բարձր, վերապատրաստումը կազմակերպվել է ընկերության հաշվին:

«Տղե՛րք, եթե դուք չթռնեք, Հայաստանն ենք տալու»

«Հիշում եմ՝ երբ որոշեցի գնալ Ռուսաստան, մի երիտասարդ օդաչու կար, ասաց՝ բա որ գնում եք, մեզ ո՞վ պիտի սովորեցնի: Հիմա նա էլ է գնացել Հայաստանից, աֆրիկյան պետություններից մեկում է աշխատում: Գիտե՞ք՝ ամբողջ աշխարհում է հարգի օդաչուի մասնագիտությունը, իսկ Հայաստանում օդաչուների արժեքը չեն հասկանում: Աստված չանի, եթե նորից պատերազմ լինի, այդ ժամանակ կարող է հիշեն օդաչուների մասին»,- ասում է Ավագ Ալեքսանյանն ու հիշում Վազգեն Սարգսյանի ծնկաչոք ու արցունքն աչքերին խնդրանքը օդաչուներին՝ տղե՛րք, եթե դուք չթռնեք, Հայաստանն ենք տալու: «Տանկերը կանգնած էին, քաղաքացիական օդանավերով վառելիք էինք տեղափոխում: Օդաչուների 10 տոկոսը զոհվեց հենց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- ասում է Ավագ Ալեքսանյանը:

«Ղարաբաղի դրոշի վրա լինելու է ՅԱԿ-ի թևը, մեկ էլ՝ վեռտալյոտի պոչը»

Ավագը շարունակեց. «Հա՛, մի՛ զարմացեք, հենց այդպես էր ժամանակին ասում այսօր արդեն մեծ նավագնաց Զորի Բալայանը. «Ղարաբաղի դրոշի վրա լինելու է ՅԱԿ-ի թևը, մեկ էլ՝ վեռտալյոտի պոչը» (ասում է Ղարաբաղի բարբառով ու ինտոնացիայով- Զ.Մ): Իսկ այսօր ոչ մեկը չի հիշում օդաչուներին: 1990-ականներին էլի փորձեցին հայկական ավիացիայի մեջքը ջարդել: Վերջապես 2001-ին ստացվեց: Երբ ստեղծվեց «Արմավիան», պատկերացրեք՝ մենք 1000-ից ավելի օդաչու ունենիք… Հիմա մնացինք մի բուռ: Մարդիկ կային, որ չկարողացան նոր տեխնիկայի հոգեբանությունը սովորել, դուրս մնացին, անցան թոշակի, ոմանք գնացին Հայաստանից: Հիմա մենք ունենք զրո… եղեռն է սա»,- պատմում էր օդաչուն:

«Հայկական ավիացիան այնքան հարգված էր, որ սովետական տարիներին Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա հավաքին, երբ նկարվում էին 15 հանրապետությունների ավիացիայի ղեկավարները (այդպիսի ավանդույթ կար, կարծես տոնում էին, որ տարին անկորուստ էին փակել), հայտնի Բուգաևի կողքին նստում էր Ղազախստանի ավիացիայի ղեկավարը, իսկ մյուս կողքին՝ մեր Դմիտրի Ադբաշյանը: Իսկ հիմա եթե Հայաստանին մի վտանգ սպառնաց, ի՞նչ ենք անելու: Սա ստրատեգիական, երկրի անվտանգության խնդիր է, որն արդյո՞ք չենք գիտակցում: Տեսեք՝ օրենքով արգելված է պատերազմող երկիր քաղաքացիական ինքնաթիռի մուտքը: Նորից եմ հարցնում՝ ի՞նչ ենք անելու...»,- իրենց մտահոգությունն են փոխանցում օդաչուները:  

 «Теперь Вы поняли кто Ваш Президент?»

Երբ նոր էր սկսվել «Արմավիայի» կործանման պատմությունը, օդաչուները հանրապետության նախագահին դիմել էին նամակով: Սերժ Սարգսյանին նրանք հիշեցրել էին երկրաշարժը, Ղարաբաղյան ազատամարտը, Սիրիական պատերազմը, երբ Հայաստան էին տեղափոխում սիրիահայերին, իսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օդաչուներն ուղիղ գծով իջնում էին պատերազմի կիզակետ՝ խուսափելով Աղդամից, վայրէջք կատարում Ստեփանակերտի օդանավակայանում: «Սրանք որպես հերոսություն չէ, որ նշել էինք, այլ հիշեցրել նախագահին նաև այդ դժվարին օրերը: Նա պետք է անդրադառնար այս ամենին՝ որպես Գերագույն Գլխավոր հրամանատար, սակայն միգուցե նրան ամեն ինչ սխա՞լ էր զեկուցվում: Նախ՝ պատասխան չկար, հետո նախագահականից ասացին, որ պատասխանը սեփականատեր Միկա Բաղդասարովի մոտ է, գնացեք, վերցրեք: Ես անձամբ չեմ գնացել, մի երկու հոգով գնացել էին, բայց չէին տեսել նախագահի պատասխանը, Բաղդասարովը պարզապես նրանց ասել էր. «Теперь Вы поняли кто Ваш Президент?»»,- «Հետքի» հետ զրույցում պատմում էին օդաչուները:

Դատական գործեր

Հայտնի է, որ օդաչուները, ինչպես և բորտուղեկցորդուհիները, ինժեներային կազմը, մոտ 1 տարի աշխատավարձ չեն ստացել: Նրանցից շատերը դիմել են դատարան այն բանից հետո, երբ «Արմավիայի» գրասենյակ բազմիցս գնալ-գալուց, բողոքի ակցիաներ անելուց հետո պարզ դարձավ, որ բազմամիլիոնանոց պարտքերն այդպես էլ չի կարող վճարել ընկերությունը: Նրանք «Արմավիայից» արդեն դատական կարգով են պահանջում իրենց չվճարված աշխատավարձերը:

Օդաչու Մերուժան Կիրակոսյանին «Արմավիան» պարտք է 1 տարվա աշխատավարձ՝ 9 միլիոն դրամ: Այսօր դատական կարգով նա պահանջում է վճարել իր աշատավարձը, զուգահեռաբար պատրաստել է բոլոր փաստաթղթերը և շուտով կդառնա ՌԴ քաղաքացի, կաշխատի ռուսական ավիաընկերություններից մեկում: Նոյեմբերի 11-ին դատարանն արդեն նիստ է նշանակել:

Մերուժան Կիրակոսյանի և ևս 5 օդաչուի շահերը Մալաթիա-Սեբաստիա դատարանում ներկայացնում է փաստաբան Սյուզաննա Գևորգյանը: Միայն 5 օդաչուի աշխատավարձի պարտքն, ըստ դատարան ներկայացված հայցի, 61 մլն դրամ է:

Փաստաբան Սյուզաննա Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ պատասխանող կողմը ընդհանրապես դատարան չի ներկայացել, ոչ մի պատասխան առ այսօր չեն ներկայացրել դատարանին: «Բանավոր կամ գրավոր կարգով միջնորդել են հետաձգել նիստը՝ չարաշահելով իրենց իրավունքը, սակայն հաջորդ անգամ ևս չեն ներկայացել: Փաստաբանական հարցումներին չեն պատասխանել: Արգելանք է դրվել «Արմավիայի» գույքի վրա՝ որպես հայցի ապահովման միջոց»:

«Հետքը» փորձեց «Արմավիայի» դիրքորոշումը ևս իմանալ: Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան էլեկտրոնային փոստով պատասխանեց հարցերին՝ կարճ նշելով, որ աշխատավարձի պարտքերի 88 տոկոսն արդեն մարված է, պարտքերն ամբողջապես մարելուց հետո ընկերությունը գործնականում կդադարի գոյություն ունենալ և ավիացիոն շուկա այլևս չի վերադառնա: «Ինչ վերաբերում է բաց երկնքի քաղաքականությանը, ապա կարևոր է, որ այն տա զգալի արդյունք մեր ուղևորների համար: «Արմավիան» գտնում է, որ «Էյր Արմենիան» փորձառու ընկերություն է և կկարողանա լուծել այդ բոլոր հարցերը»,- նշված էր «Արմավիայի» պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter