HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Քաղսիի մաքրման կայանը համաճարակի մշտական սպառնալիք է շրջապատի բնակիչների համար

80-ական թվականներին կառավարությունը որոշում կայացրեց ամբողջովին տեղահանել Քաղսի գյուղի ներքեւի` Հրազդան գետի ձախափնյա թաղամասի բնակիչներին եւ բնակեցնել գյուղի «Վերին թաղամասում»:

Պատճառը գետի մյուս կողմում գործող մաքրման կայանն էր, որտեղ կատարվում էր Հրազդանի, Հանքավանի, Գագարինի եւ Սեւանի կեղտաջրերի մեխանիկական, կենսաբանական եւ ֆիզիկաքիմիական մաքրում: Խորհրդային Միության նորմատիվներով բնակելի տները մաքրման կայանի շրջակայքից պետք է գտնվեին 500 մ շառավղով հեռավորության վրա: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո տեղահանման ծրագիրը կիսատ մնաց: 

Այսօր բնակելի տների կարելի է հանդիպել անգամ կայանից 100 մ հեռավորության վրա, եւ այն էլ այն դեպքում, երբ կայանում այլեւս չեն իրականացվում կեղտաջրերի մաքրման բոլոր փուլերը:

«Էնտեղ հիմա հիմնականում մեխանիկական մաքրում է կատարվում: Միայն խոշոր կտորները հավաքվում են, ձեռքով վերցվում, դրվում մի կողմ, մեքենայով տանում, թափում ենք: Ուրիշ գործողություններ չեն կատարվում, քանի որ ամբողջությամբ հոսանքազրկված է, բոլոր պարզարանները էն ճգնաժամային տարիներին շարքից դուրս են եկել», -ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Հրազդան» տեղամասի պետի տեղակալ Ռուբեն Առաքելյանը, ով իր խոսքում շեշտեց, որ «ջուր տալուն զուգահեռ իրենք նաեւ ջրահեռացմամբ են զբաղվում»: 

Համակարգին մոտ գտնվող եւ մաքրման կայանի գործընթացին քաջածանոթ մի պաշտոնյա, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ տեղեկացրեց, որ երկար տարիներ է, ինչ մաքրման կայանը չի գործում: «Ճաղերը քարուքանդ են եղել, բետոնը` քանդվել: Մեխանիկական ոչ մի աշխատանք էլ չի տարվում: Ջուրը սարքերով անցնում է, ոնց որ խողովակի միջով: Եթե դուռը բացեք, ներս մտնեք, կտեսնեք, թե քանի տարի մարդ չի մտել այնտեղ, տանիքը կաթում է, ոչ մի նորմալ բան չի մնացել: Աշխատող չունեն, մի պահակ է»:

«Մեխանիկական մաքրում» անցած ջուրը լցվում է Հրազդան գետը եւ անցնում Քաղսի գյուղով, ինչը հակահիգենիկ է: Այսպիսին է Պետական հիգենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության (ՊՀՀՀ) Կոտայքի մասնաճյուղի պետի տեղակալ Գառնիկ Մկրտչյանի գնահատականը: «Կեղտաջրերն ավելի շատ անասունների ու բուսական աշխարհի համար են վտանգավոր, էդ ջրերով ոռոգել չի կարելի»,- ասաց Գ. Մկրտչյանը: Վերջինս նշեց, որ թեեւ հիվանդություններ կամ ջրային բռնկումներ չեն ունեցել, սակայն բազմիցս գրություններ են ուղարկել բնապահպանության նախարարություն: Գ. Մկրտչյանի խոսքով` ինքը դեռ խորհրդային տարիներին բարձրացրել էր Քաղսիի բնակիչների տեղահանման հարցը, սակայն կառավարությունն այդպես էլ չհասցրեց ավարտին հասցնել ծրագիրը:

Քաղսիի համայնքապետ Սեդրակ Դավթյանի խոսքով` այսօր մոտ 30 ընտանիք դեռ շարունակում է ապրել մաքրման կայանի հարեւանությամբ: Հողահատկացումներ արվել են նաեւ այդ ընտանիքներին, սակայն պետությունը նրանց բնակարանները չի կառուցել կամ թողել է կիսակառույց: «Կեղտաջրերը բարձիթողի լցվում են Հրազդան գետը, լրիվ համաճարակային իրավիճակ է: Միշտ էդ հարցը շոշափվում է, ոչ մի արդյունք չկա: Բնակիչները շատ-շատ են դիմում, բայց համայնքն էդ հնարավորությունները չունի, միջոցներ չունի, որ գոնե ամեն տարի մի բնակչի համար իր ուժերով մի տուն կառուցի»,- ասաց Ս. Դավթյանը:

«Հոտը, մոծակները, ճանճերը մեզ խեղդում են»,- ասաց մաքրման կայանի հարեւանությամբ ապրող Լաուրա Պետրոսյանը: Նա պատմեց, որ մոծակների խայթոցներից մեկ անգամ նույնիսկ թունավորվել է 2 ամսական հղի հարսը: 

Լ. Պետրոսյանը դժգոհեց իրենց սոցիալական պայմաններից: Ժամանակին պետությունը թույլ չի տվել վերանորոգել բնակարանները: 30 հազար ռուբլի ավանդը զուր տեղը կորել է: Հիմա իրենց տներում նույնիսկ գազաֆիկացումն է արգելված: Թաղամասն էլ տեղահանման արդյունքում ամայացել է, դպրոցը 2 կմ հեռավորության վրա է: Ձմռանը թաղամասն ամբողջովին մեկուսանում է գյուղից ու աշխարհից, եւ բնակիչների խոսքով` «որ երեխա վատանա, սկոռին էլ կանչես` չի գա»: «Նամակ ենք գրել նախարարություն, պատասխանը եկել է, որ տները պիտի սարքեն: Բայց հաշվի չեն առնում, ընտրությունից ընտրություն են գցում»,- դժգոհեց Լ. Պետրոսյանը, ով նույնպես հող ունի «Վերին թաղամասում», նույնիսկ նկուղն է կառուցվել, սակայն ավելին անել ի զորու չէ: Մեր հարցին, թե արդյոք գործո՞ւմ է մաքրման կայանը, Լաուրա Պետրոսյանն ասաց, որ ամուսինն արդեն 30 տարի այնտեղ պահակ է աշխատում, բայց «սաղ քանդել, թափել են, ի՞նչ կա էնտեղ»:

Քաղսիի մաքրման կայանից մոտ 100 մ հեռավորության վրա բնակվող Աշոտ Համբարձումյանին հողահատկացումն արվել է դեռ 1986-87թթ., տան հիմքը լցված է, սակայն քանի տարի է արդեն տունը չի կառուցվում: Տան կառուցման համար վերջինս միջոցներ չունի: «Շատ վատ վիճակ է մեզ մոտ, սաղ թաղամասը տեղահանել են, մի քանի ընտանիք է մնացել: Ամառը որ գաք, էդ մոծակները, կեղտն ու ջուրը լցվում են ստեղ: Մարդիկ, անգամ անասուններն ի վիճակի չեն ապրելու ստեղ: Էս ծառերը չենք ոռոգում: Տներն էլ չեն թողնում ռեմոնտ անենք: Չգիտենք` ո՞նց անենք, ո՞նց ապրենք ստեղ»: Ա. Համբարձումյանը պատմեց, որ 4-5 տարի առաջ եղբոր երեխաները վարակվեցին, ոտքերին վերքեր առաջացան, ընտանիքը ստիպված տեղափոխվեց «Վերին թաղամաս»: Թեեւ տունը կիսակառույց էր, բայց այլընտրանք չկար: 

Այնուամենայնիվ, բնապահպանական խնդիրների գիտակցումը գյուղում այնքան է, որքանով որ դրանք իրենց զգացնել են տալիս: Ամռանը գարշահոտություն է ու շուրջբոլորը` ճանճեր: Ոչ հիգենիկ պայմաններում բնակվող քաղսեցիներին առաջին հերթին, իհարկե, իրենց բնակության կարգավիճակն է անհանգստացնում: Քաղսիի համայնքապետարանը կադաստրային քարտեզներից դուրս մնացած տների բնակիչներին գրանցման համապատասխան փաստաթղթեր չի տալիս: Սա դեռ խորհրդային ժամանակներից ժառանգած որոշում է: Բնականաբար, արգելված է նաեւ գազաֆիկացումը: «Էդ բնակիչները պետականորեն ոչ մի կարգավիճակ չունեն: Կադաստրը վկայական չի տալիս, չի վերագրանցում: Միանշանակ պիտի տեղահանվեն»,- ասաց Քաղսիի համայնքապետը: 

Տեղահանության համար առայժմ միջոցներ չկան: Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ հուսադրող ոչինչ չկա: Առջեւում ընտրություններ են, բայց բնակիչներն անգամ չեն էլ սպասում, որ գոնե իրենց աջակցելու խոստում կլինի:

Փոխարենը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Հրազդան» տեղամասում վստահեցրին, որ հիմնանորոգման ծրագիր կա: «Մենք շահագրգռված ենք, որ դա վերագործարկվի: Անցած տարի Ուկրաինայից եւ Անգլիայից հյուրեր ունեինք, որոնք շահագրգռված էին կայանի վերագործարկմամբ: Առաջարկություններ արեցինք, գնացել են, պատասխան դեռ չունենք: Բայց որ վերականգնվելու է, դա փաստ է»,- ասաց տեղամասի պետի տեղակալ Գառնիկ Մկրտչյանը: 

Այն, որ իսկապես վերագործարկման ծրագիր կա, հաստատեց նաեւ Կոտայքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Կամո Թումոյանը: «Այս պահին կայանը շրջակայքի համար շատ մեծ վտանգներ է պարունակում: Մաքրում չի կատարվում, կեղտաջրերը Հրազդան գետով գնում են: Ոչ միայն Քաղսիի, այլեւ Բջնիի տներն էլ են գետի ափին: Նույն հարցը նաեւ Աղվերանում է: Այսօր դոնոր կազմակերպությունների միջոցներով նախատեսված է վերագործարկել Քաղսիի մաքրման կայանը: Եթե նախկին կարողություններով վերագործարկվի (մեխանիկական, կենսաբանական, ֆիզիկաքիմիական), ապա վտանգ չի լինի: Բայց այժմ վարակի վտանգ կա: Արդյունաբերական ձեռնարկությունների կեղտաջրերն էլ են Քաղսի գնում»,- ասաց Կ. Թումոյանը:

Քաղսիի համայնքապետ Սեդրակ Դավթյանը պատմեց, որ դեռ խորհրդային տարիներին կար վերագործարկման ծրագիր, որով ջրերը պետք է խողովակների միջով հոսեին: Սակայն նույնիսկ այդ դեպքում հրամայական էր բնակիչների տեղահանումը: Տեղահանման անհրաժեշտությունը շեշտեց նաեւ ՊՀՀՀ տեսչության Կոտայքի մասնաճյուղի պետի տեղակալ Գառնիկ Մկրտչյանը: «Տներն առնվազն 500 մ հեռավորության վրա պետք է լինեն մաքրման կայանից: Թեեւ ՀՀ-ում առայժմ նման նորմեր չկան, բայց շուտով կլինեն»,- հույս հայտնեց վերջինս:

Քաղսի կատարած մեր այցելության օրը առատ ձյուն էր տեղում: Ճանապարհները փակվել էին, ու կայանի հարեւանությամբ ապրող մի քանի ընտանիքներն ամբողջովին կտրվել էին գյուղից, «կորել փոսում»: Նրանց քիչ էր հետաքրքրում, թե դոնոր կազմակերպություններն ինչ ծրագրեր պետք է իրականացնեն կայանը վերագործարկելու համար, քանի որ դրա արդյունքում իրենց ո՛չ սեփականության վկայական են տալու, ո՛չ էլ` տների վերանորոգման կամ գազաֆիկացման թույլտվություն: Իրենց «անորոշ» կարգավիճակը դրանից չի շահելու, մանավանդ որ, համաճարակաբանների գնահատմամբ, բնապահպանական խնդիրները դրանով չեն լուծվելու: 

Կոտայք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter