HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Մոնթեն երազում է համակարգչային խաղ ստեղծել

Անցած շաբաթ ընկերուհուս հետ զրուցում էի, ու նա պատմեց իր հարեւանի որդու` Մոնթեի մասին: Երբ փորձեցի պարզել, թե ով է այդ տղան, եւ ճանաչում եմ արդյոք ես նրան, ընկերուհիս ասաց, որ Մոնթեն Մարտունիում հայտնի թիթեղագործ Վազգենի թոռն է: Մի քանի վայրկյան մտածելուց հետո ուղղակի ասացի՝ այն թիթեղագործ Վազգենը, ով տոլմա չի՞ ուտում: Ի պատասխան՝ ընկերուհիս թեթեւ ժպտաց ու գլխով համաձայնության նշան արեց:

Մոնթեի պատմությունն ինձ հետաքրքրեց, եւ ես շաբաթ օրն արդեն Մարտունիում էի: Մոնթեն Պետրոսյանների 6 երեխաներից չորրորդն է: Մայրը` Նոնա Պետրոսյանը, մինչեւ հիմա շատ լավ հիշում է որդու ծննդյան օրը:

«1993 թ. դեկտեմբերի 16-ի առավոտը բավականին խաղաղ էր: Մենք ոտքով գնացինք հիվանդանոց: Կեսօրին արդեն Մարտունու վրա սկսեց գրադը խփել, եւ բոլոր հիվանդները տեղափոխվեցին նկուղ: Երեք զավակներս տանն էին, եւ ես ոչ մի լուր չունեի նրանցից: Շատ անհանգիստ էի, անդադար լացում էի»,- պատմում է Նոնան:

Ահա այդ ապրումների մեջ էլ նա ծննդաբերեց: Երեխան կապտած էր` պորտալարը մի քանի անգամ վզին փաթաթված: Բժիշկները զարմացած էին, որ երեխան կենդանի է ծնվել:

Նոնան պատմում է, որ Մոնթեն շատ շուտ թափ առավ, եւ կարծես անհանգստանալու կարիք չկար: Ո՞վ կիմանար, որ այն ամենը, ինչ ապրել են մայր ու որդի մինչեւ ծննդաբերությունը եւ դրանից հետո, այդպիսի դժբախտության պատճառ կդառնար:

«Մոնթեն ուշ սկսեց խոսել, երկու տարեկանում հազիվ մայրիկ-հայրիկ էր ասում: Ես սկսեցի անհանգստանալ, բայց կողքից ասում էին, որ այդպես լինում է, մտահոգվելու կարիք չկա: Ժամանակի ընթացքում ես նկատեցի, որ Մոնթեն ինձ հետ խոսելու ընթացքում միշտ ուղիղ դեմքիս էր նայում, իսկ ավելի կոնկրետ՝ շրթունքներիս: Հասկացա, որ նա ոչ թե լսում է, այլ փորձում կարդալ շրթունքներով»,- ասում է մայրը:

Հետպատերազմյան տարիներն էին, իսկ Պետրոսյանների բազմանդամ ընտանիքի հնարավորությունները` սուղ:

Շուտով Մարտունու շրջանի գյուղերից մեկում ապրող՝ լսողության խնդիր ունեցող մի երեխայի ծնողները Պետրոսյաններին ասացին, որ Երեւանի Արաբկիր հիվանդանոցում անվճար լսողական ապարատ են տրամադրում:

Հիվանդանոցում զննելով` ասացին, որ տղայի ականջներից մեկը 2-րդ, իսկ մյուսը 3-րդ աստիճանի խլություն ունի:

Բժիշկները տղայի ծնողներին վստահեցրին, որ վիրահատական միջամտությունը կամ բուժումն անօգուտ են, Մոնթեին կարող է օգնել միայն լսողական ապարատը: Այն կօգնի հնարավորինս հստակ լսել եւ զարգացնել խոսքը:

«Լսողական խնդիրների պատճառով ես չէի համարձակվում ժամանակին նրան դպրոց տանել: 9 տարեկանից միայն Մոնթեն սկսեց հաճախել առաջին դասարան, այն էլ՝ անհատական կարգով: Վախենում էի, որ նախ չի հասցնի, հետո էլ՝ անհարմար ու կաշկանդված կզգա իրեն»:

Այդ ամենով հանդերձ` Մոնթեն շատ հանգիստ բակում խաղում էր ընկերների հետ. բոլորը գիտեին, որ նա վատ է լսում եւ ամեն կերպ օգնում էին:

Այսօր արդեն 17-ամյա Մոնթեն թիթեղագործ պապի աջ ձեռքն է, գլուխ է հանում տեխնիկայից ու մեխանիզացիայից:

Մայրը խոստովանում է, որ տղան իրենցից վաղուց արդեն գումար չի խնդրում, ինքն է վաստակում իր ինտերնետի եւ տեսասկավառակների գումարը:

Դեռ խոսքը չավարտած` դարպասի չրխկոց լսվեց, Նոնան առանց պատուհանից նայելու ասաց` եկավ: Սենյակ մտավ Մոնթեն` ձեռքին տեսասկավառակներ:

Նա մի քանի վայրկյան զարմացած նայեց մեկ մորը, մեկ քրոջը` աչքերով ցույց տալով ինձ ու փորձելով պարզել, թե ով եմ ես: Ապա լուռ նստեց դիմացս:

Սկզբում իմ բոլոր հարցերին ի պատասխան՝ միայն ուսերն էր թոթվում կամ էլ մեղմ ժպտում էր ու ասում` ես ի՞նչ իմանամ: Իսկ երբ փորձեցի լուսանկարել, նախ ամաչելով գլուխը շրջեց, բայց քիչ հետո դերի մեջ մտավ ու սկսեց տարբեր դիրքեր ընդունել:

Հետո նաեւ պատմեց իր մասին: Մոնթեն շատ է սիրում «կռիվ կինոները», դիտելուց բացի՝ աշխատում է տեսած բոլոր շարժումները կրկնել:

Պետք է խոստովանել, որ դա նրա մոտ վատ չի ստացվում: Երբ հարցրի, թե ինչպես է ֆիլմերն ընկալում, շտապեց հարեւան սենյակ եւ հետ եկավ տեսասկավառակներով ու ականջակալով:

«Հարեւանուհուց վերցնելով հեռախոսի հին ականջակալները` այն հարմարեցրեց հեռուստացույցին: Գիշերները, երբ բոլորս քնում ենք, նա միացնում է իր ֆիլմերը եւ դիտում»,- ասում է մայրը` որդու հետ շփվելով միայն իրենց հասկանալի լեզվով:

Մոնթեն խոստովանում է, որ ֆիլմերից բացի շատ է սիրում համակարգչային խաղեր եւ կցանկանար մի օր ինքն էլ նման խաղեր ստեղծեր: Իսկ այսօր նա ընդամենը բավարարվում է ինտերնետ ակումբներում մի քանի ժամ խաղալով:

Նոնան ասում է, որ մի ժամանակ Մոնթեն գումար էր հավաքում համակարգիչ գնելու համար, բայց հետո միտքը փոխեց եւ այդ գումարով փոքրիկ քրոջն ու եղբորը ամանորյա նվերներ գնեց: Դրսից լսվեց հոր ձայնը, եւ Մոնթեն շտապեց նրան օգնության:

Մոնթեի համար մայրը երբեք նպաստ չի ստացել: Նա պատմում է, որ երբ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ էին, եւ փորձեց երեխայի համար հաշմանդամության կարգ ստանալ, նրան ասացին, թե չի հասնում, քանի որ տղան լսողական ապարատ ունի:

Այն ժամանակ նա չփորձեց հակաճառել կամ պարզաբանումներ ստանալ: Հիմա Նոնան նորից որոշել է դիմել համապատասխան կառույցներին` տղայի հաշմանդամության կարգ հաստատելու համար:

Այժմ Մոնթեն լսողական նոր ապարատի կարիք ունի: Օգտագործվող ապարատն արդեն փոքր է նրա համար, իսկ Երեւանում նորը ձեռք բերելու համար ընտանիքը միջոցներ չունի: Մոնթեն այսօր ստիպված է «յոլա գնալ» առանց այդ սարքի:

«Ամուսնուս 96 հազար դրամ աշխատավարձով եւ փոքր երեխային տրվող 15 հազար դրամ նպաստով ենք հոգում 8 հոգուց բաղկացած ընտանիքի հոգսերը, կողքից օգնություն է լինում, եթե արանքում տան տղամարդկանց հաջողվում է թիթեղագործություն անել»,- ասում է Նոնան:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու որդուն հատուկ դպրոց չեն ուղարկել՝ համապատասխան կրթություն տալու համար, մայրն ասաց, որ իրենց համար շատ դժվար էր Մոնթեին իրենցից հեռու պահել:

Իսկ անծանոթ միջավայրին Մոնթեն դժվար էր հարմարվում, անգամ եթե դա հարազատների տուն էր: Այսօր Մոնթեն արդեն ավելի ազատ է շփման մեջ, համեմատաբար ավելի անկաշկանդ:

Ծնողները մեծ սիրով հնարավորության դեպքում որդուն կրթության կտային՝ նամանավանդ հաշվի առնելով տեխնիկայի նկատմամբ նրա սերն ու ընդունակությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter