HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Ես ուզում եմ Արցախի մասին նոր պատկերացում ստեղծել»,-ասում է իտալացի ֆոտոլրագրողը

Ստեփանակերտի սրճարաններից մեկում է, որ իտալացի ֆոտոլրագրող Ֆրանչեսկո Ալեսին պատմեց իր` Արցախ այցելելու պատմությունը:

«Իտալիայում իմ ընկերուհի Նատալիի հետ սրճարանում պիցա էինք ուտում եւ զրուցում: Նա պատմում էր ինձ անցած աշնանն իր` Հայաստան եւ Արցախ կատարած այցելության մասին: Ես չգիտեի, որ Նատալին ազգությամբ հայ է, քանի որ նա ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում: Ու ահա նա հարցրեց. ինչո՞ւ չես գնում Հայաստան, այնտեղից էլ` Արցախ: Այդ պահին ես չգիտեի` ինչ պատասխանել, Արցախ (կամ Ղարաբաղ) անունը ինձ ոչինչ չէր ասում»,- հիշում է Ֆրանչեսկոն:

Նա խոստովանում է, որ մինչ այդ ոչինչ չէր լսել կամ էլ Ինտերնետում կարդացել Արցախի մասին: Բայց Նատալիի առաջարկը նրան գրավել էր, ու Ֆրանչեսկոն սկսեց Ինտերնետում փնտրել Արցախի մասին տեղեկություններ: 2005-ից սկսած` անգլերեն լեզվով Արցախի մասին բոլոր տեղեկությունները պատերազմի մասին էին, որ այն դեռ չի ավարտվել:

«Այնուամենայնիվ, ես որոշեցի գալ Արցախ, բայց հոգուս խորքում վախ կար. ես գիտեի, թե գալիս եմ շատ վտանգավոր մի երկիր, որտեղ պատերազմ է, կրակոցներ, մարդիկ ապրում են անընդհատ վախի զգացողությամբ ու պատսպարվում նկուղներում»,- ասում է Ֆ. Ալեսին: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ ժամանեց Ստեփանակերտ: Իրականությունը շատ էր տարբերվում Ֆրանչեսկոյի կարդացած հոդվածներում նկարագրված Արցախից:

«Ես հասկացա, որ առկա վտանգի մասին իմ կարդացած ինֆորմացիան բոլորովին չի համապատասխանում իրականությանը, իսկ թե ո՞ւր է այդ վտանգը, ես այն այդպես էլ չտեսա: Ոչ միայն ես, այլեւ այստեղի ժողովուրդն էլ բանի տեղ չի դնում քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունները, ինչի համար ես ավելի սիրեցի ու հարգեցի արցախցիներին: Այստեղի մարդիկ մնացածների նման շուկա են գնում, կոշիկ կարում, ամուսնանում, երեխա ունենում, ուրախանում եւ այլն»,- անթաքույց զարմանքով ասաց Ֆրանչեսկոն:

Ֆրանչեսկոյի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ թե ադրբեջանցի, թե հայ քաղաքական գործիչները չեն անում ամեն հնարավորը` հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: Անընդհատ խոսելով հակամարտության եւ թշնամության մասին` մարդկանց մոտ թշնամանք է սերմանվում միմյանց նկատմամբ:

«Ես հասկանում եմ, որ այն սերունդը, որն անգամ աղոտ հիշողություն ունի պատերազմի մասին, նրա համար դժվար կլինի երկխոսել հակամարտող մյուս կողմի հետ: Եթե երկու պետությունների իշխանություններն, իրոք, խաղաղություն են ուզում, ապա ես կառաջարկեի նրանց գնալ դպրոցներ ու առաջարկել երեխաներին խաղալ միմյանց հետ: Հավատացեք, երեխաները դա սիրով կանեն, միայն թե ծնողներն են դեմ դրան»,- ասաց նա:

Ֆ. Ալեսիի կարծիքով` ներկա իրավիճակի համար մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ լրատվամիջոցները, որոնք ավելի շուտ եւ ավելի շատ լուսաբանում են ռազմատենչ հայտարարությունները, քան այն, որ սոցիալական ցանցերի եւ այլ միջոցներով երկու կողմի երիտասարդները փորձում են երկխոսության եզրեր գտնել:

Գալով Արցախ` ֆոտոլրագրողը պատրաստվում էր ֆոտոռեպորտաժ պատրաստել թեժ կետից, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում:

«Տեսնելով միանգամայն այլ պատկեր` ինձ մոտ նոր գաղափար ծնվեց, որոշեցի «դե ֆակտո» ֆոտոռեպորտաժ պատրաստել այս երկրի ու նրա ժողովրդի կենսակերպի մասին, որը «դե յուրե» ճանաչված չէ: Չնայած` այս փաստը չի խանգարում մարդկանց ապրել նորմալ կյանքով, այսինքն` անել այն ամենը, ինչ անում են աշխարհի մնացած երկրներում»,- ասում է նա:

Ֆրանչեսկոն ցանկանում է, որ բոլոր նրանք, ովքեր Արցախում չեն եղել, այդ ֆոտոռեպորտաժի միջոցով պատկերացում կազմեն:

«Դե ֆակտո» կոչվող ֆոտոռեպորտաժում շեշտը դրվել է արցախցիների ներկա կյանքի, նրանց կենսակերպի վրա` միաժամանակ հետին պլան չմղելով նաեւ նրանց անցյալն ու պատերազմը:

Ֆոտոլրագրողի նպատակն է համաչափորեն ցույց տալ արցախցիների լավատեսական առօրյան ու այն բացասականը` կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ, որ շրջապատում է նրանց:

Ալեսին խոստովանում է, որ չնայած իր հիմնական մասնագիտությունը ֆոտոլրագրությունն է, ու նա Արցախ է եկել որպես ֆոտոլրագրող, սակայն աշխատելու ընթացքում միշտ մտածում է, թե ինչպես դա կարելի է տեսախցիկով նկարել:

Հենց այդ տեսանկյունն է, որ նրան դրդեց մտածել Արցախում փաստավավերագրական ֆիլմ նկարելու մասին:

«Քանի որ ինձ միշտ հետաքրքրել են սովորական մարդիկ, ես որոշեցի ֆիլմ նկարել երկու ոտքերից զրկված, բայց շատ լավատես ու աշխույժ մարդու` Նարեկի մասին: Ես հիացած էի ու ցնցված այդ մարդու կամքի ուժով ու ապրելու ցանկությամբ: Այդ մասին ես պատմեցի իտալական մի կինոարտադրական ստուդիայի, եւ նրանք հետաքրքրվեցին: Ես արդեն որոշ նկարահանումներ եմ արել եւ ինձ հետ Իտալիա կտանեմ: Իսկ մյուս ֆիլմը կլինի արեւածաղիկ վաճառող կանանց մասին, չնայած այդ կապակցությամբ դեռ ոչ մեկի չեմ դիմել»,- ասում է Ֆրանչեսկոն:

Նա հույս ունի, որ ամռանը կվերադառնա եւ իրականություն կդարձնի այդ երկու նախագծերը:

Արցախում ապրելով 6 շաբաթ` Ֆրանչեսկոն հասցրել է սիրել Արցախն ու արցախցիներին: Նրան հիացրել են ընտանեկան հարաբերությունները, հոգատարությունն ու ջերմությունը միմյանց նկատմամբ:

Իսկ ահա միատեսակությունն ամեն ինչում` լեզվի, հագուստի, ուտելիքի, երաժշտության, մշակույթի, վերջինիս մոտ հակակրանք են առաջացրել:

«Ես սովոր եմ փողոցում լսել մեկից ավելի լեզուներով խոսք, ուտել ամենատարբեր կերակրատեսակներ, տեսնել տարբեր ոճերով հագնված մարդկանց, այս ամենը ես չտեսա այստեղ, ինչը ինձ, իրոք, դուր չեկավ»: Այդուհանդերձ, Ֆրանչեսկոն խոստովանում է, որ լավ հիշողություններով է վերադառնում եւ իր սրտում տանում է իր արցախցի լավ ընկերներին, որոնց հետ շփվել է ընդամենը 6 շաբաթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter