HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Իմ տեղացի չլինելն ինձ անկաշկանդ գործելու հնարավորություն է տալիս. Շիրակի մարզի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով նոյեմբերի 6-ին Շիրակի մարզի դատախազ էր նշանակվել առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի  պաշտոնից: Այսօր Շիրակի մարզի նորանշանակ դատախազը հանդիպեց տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Րաֆֆի Ասլանյանի կարծիքով, այս հանդիպումը կարելի էր ավելի ուշ կազմակերպել, քանի որ ինքն ընդամենը 10 օր է, որ պաշտոնավարում է եւ շատ հարցերի թերեւս չկարողանա պատասխանել՝ հատկապես քրեական կարեւորագույն գործերի վերաբերյալ: Լրագրողներն էլ իրենց հերթին նկատեցին, թե պատրաստ են մեկ ամսից կրկին հավաքվել դատախազությունում, եթե, իհարկե, հանդիպման հրավեր լինի:

«Հետքին» հետաքրքրում էր, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մարզի մի շարք դատախազների աշխատանքից ազատման մասին լուրը եւ ի՞նչն է նրանց ազատման պատճառը: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը չժխտեց, որ իր պաշտոնավարումից հետո հինգ դատախազ ազատվել է աշխատանքից արդեն ավանդական դարձած ձեւաչափով՝ սեփական դիմումի համաձայն:

«Այնպես չէ, որ ես եմ նրանց ազատել աշխատանքից: Նրանք իրենք են որոշել գնալ կենսաթոշակի: Համենայնդեպս, նրանցից երեքին անձամբ փորձել եմ համոզել, որ գոնե մեկ տարի մնան աշխատեն, սակայն չեն համաձայնել՝ պատճառաբանելով, որ գերադասում են ներկա պայմաններով անցնել թոշակի»,-նշեց Ր.Ասլանյանը: ՇՄ նորանշանակ դատախազը հրաժարվեց հայտնել, թե ովքեր էին այդ երեք թեկնածուները, որոնց հետ ինքը կցանկանար համագործակցել առնվազն մեկ տարի ժամանակով:

«Ես համարում եմ, որ դա կոռեկտ չէր լինի մյուս երկու դատախազների նկատմամբ, թեպետ նրանց գնալը այսպես թե այնպես որեւէ կերպ չէր անդրադառնալու դատախազության աշխատանքների վրա, ամեն դեպքում կգերադասեի անուններ չտալ: Միայն կասեմ, որ կենսաթոշակի գնացած դատախազներից երեքն եղել են շատ պրոֆեսիոնալ դատախազներ»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Դատախազը նշեց, որ ակնկալում է լրագրողների աջակցությունը: Աշխատանքները կազմակերպելիս հաշվի են առնելու լրատվամիջոցների հրապարակումները: Հույս ունի, որ դրանք կլինեն իրականությունից բխող եւ ապատեղեկատվական բնույթ չեն կրի: Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ հատկապես կարեւորում է լրագրողական հետաքննությունները:

«Մարդկանց պահանջմունքները արդարադատություն ոլորտում նույնն են` անկախ նրանց բնակության վայրից, եւ իմ տեղացի չլինելը որեւէ դերակատարություն չունի: Ընդհակառակը, դա անկաշկանդ գործելու հնարավորություն է ընձեռում: Ես իմ աշխատակիցներին էլ եմ զգուշացրել, եթե կաշկանդված են լինելու իրենց պարտականությունները կատարելիս, կարող են դիմում գրել եւ ազատվել աշխատանքից»,-հայտարարեց Րաֆֆի Ասլանյանը:

Նա նաև նշեց, որ պատրաստ է շարունակել նախորդ դատախազի թողած լավ գործերը եւ շտկել բացթողումները: Նորանշանակ դատախազը խոստացավ նաեւ ապահովել թափանցիկ ու բաց աշխատանք տեղի լրատվամիջոցների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter