HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Էկոլաբ»-ը հարթակ է տրամադրում երիտասարդներին

Խելամիտ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում, պատասխանատվություն ապագա սերունդների հանդեպ: Ահա այսպիսի պարզ ու հակիրճ նկարագիր ունի գերմանական «Ռոբերտ Բոշ Շտիֆտունգ» և հայկական «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամների ֆինանսավորմամբ 2012թ-ից Հայաստանում իրականացվող «Էկոլաբ» ծրագիրը:

«Մենք փորձում ենք վեր հանել մեր համայնքներում առկա էկոլոգիական խնդիրներն ու տալ լուծումներ»,-ասում է հայաստանյան ծրագրի ղեկավար Յանա Մկրտչյանը, այնուհետեւ մանրամասնում, որ իրենք հարթակ են տրամադրում այն երիտասարդներին, ովքեր ունեն հետաքրքիր ու արդյունավետ գաղափարներ: Այս տարի «Էկոլաբ»-ի 25 մասնակիցները հանրապետության տարբեր մարզերում իրականացրել են 11 ծրագիր:

Վանաձորում իրականացվել է «Էկոավտոբուս» ծրագիրը: Մի խումբ երիտասարդներ մաքրել ու վերանորոգել են մարզային գրադարանի հարևանությամբ կայանած հին ավտոբուսը՝ այն վերածելով ինքնատիպ ժամանցային էկո-անկյան: Ավտոբուսը զարդարել են ծաղիկներով, պատերին էկո պաստառներ փակցրել: Եղեգնաձորում իրականացվել է «Շնչող համայնք» ծրագիրը, Տաուշում՝ «Էկոտոնածառ», Լոռիում՝ «Էկոֆուտբոլ» ծրագրերը և այլն:

Արմավիրի մարզի Դալարիկ համայնքն արդեն էկո կանգառ ունի: Այն ամբողջությամբ պատրաստված է պալաստմասե շշերից և այլ չօգտագործվող իրերից: Յանա Մկրտչյանի փոխանցմամբ` ծրագրի մասնակիցները միշտ չէ, որ համայնքներում իրենց գաղափարներին աջակիցներ կամ համախոհներ են գտել: Եղել են նաև խոչընդոտներ, որոնք հետո արագ հարթվել են: Անվստահություն դրսևորվել է մասնակիցներից Աննա Մկրտչյանի նկատմամբ, ով Դալարիկում իրականացրել է «Էկոկանգառ» ծրագիրը: «Սկզբում անվստահությունը կապված է եղել նրա հետ, որ Աննան միայնակ է իրականացնում ծրագիրը, մտածել են, թե այս աղջիկը ինչ պիտի անի, որ նորմալ բան լինի: Հետո իհարկե խնդիրը հարթվել է»,-պատմում է Յանա Մկրտչյանը:

Եվս մեկ խնդիր էլ եղել է Գյումրիում: «Էկոլաբ»-ի շրջանակներում գյումրեցի 5 երիտասարդներ որոշել էին իրականացնել «Էկոպատ» ծրագիրը: Գրաֆիտի եւ բնական ծաղիկների համադրությամբ էկոպատը Չերազի 61 հասցեում պիտի հայտնվեր սեպտեմբեր ամսին: Ծրագրի մասնակիցներն այդ նպատակով հանդիպել էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի և քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ: Երիտասարդների առաջարկը սկզբում հավանության է արժանացել քաղաքային իշխանությունների կողմից: Ընտրած վայրի առումով ևս առարկություններ չեն եղել:

«Տեղանքի ընտրությունը պատահական չէր: Նշված շինությունը, որի պատը պիտի օգտագործեինք մեր ծրագիրն իրականացնելու համար, գտնվում է Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ: Կից տարածքում գտնվում է «Հեղնար աղբյուր» հուշարձանը: Տարածքը տեսանելի է Վարդանանց հրապարակից և իր նոր տեսքով գրավելու էր ոչ միայն բնակիչներին, այլև Գյումրի այցելող զբոսաշրջիկներին: Այդ ժամանակ քաղաքապետարանում անգամ խոստացան, որ լուսավորություն կապահովեն»,-պատմում է ծրագրի ղեկավար Գոռ Թորոսյանը:

Երիտասարդները պայմանավորվել են նաև տարածքի մաքրման եւ այդ վայրում նստարաններ տեղադրելու վերաբերյալ: Քաղաքապետարանում առաջարկել են ներկայացնել իրականացվելիք աշխատանքի էսքիզը: «Հետո, երբ մենք էսքիզը տարանք գլխավոր ճարտարապետին, որ հաստատվի, դրանից հետո նա մեզ համար դարձավ «անհասանելի»: Երբ գնում էինք կամ զանգում էինք, ինքը տեղում չէր»,-ասում է Գոռը: Մի որոշ ժամանակ սպասելուց հետո «Էկոպատ» ծրագրի մասնակիցները որոշում են մեկ անգամ ևս հանդիպել Հենրիկ Գասպարյանի հետ:

«Գնացեք ձեր երեխայական ծրագրերն ուրիշ տեղ արեք, Գյումրիի կենտրոնում չի կարելի: Պատ եք ուզում ներկել, քաղաքի ծայրամասում պատ գտեք, ներկեք»,-խորհուրդ է տվել Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը «Էկոպատ» ծրագրի ղեկավարին: Նշենք, որ Եվրոպայում տարածված այս մշակույթը՝ «Էկոպատ»-երի ստեղծումը, ընդամենը կանաչապատման այլընտրանքային եղանակ է, և Գյումրիում իրականացվելիք ծրագրի նպատակն էլ աղբով ծածկված ու անխնամ տարածքը գողտրիկ անկյունի վերածելն էր: Ծրագրի մասնակից երիտասարդները նախ զարմացել են նման վերաբերմունքից, հետո որոշել են չհուսահատվել և ծրագի իրականացման համար հարմար պատ փնտրել ծայրամասում:

Ի դեպ, Հենրիկ Գասպարյանը հայտարարել է, որ «Էկոպատ»-ի առկայությունը քաղաքի կենտրոնում խաթարում է մնացած շինությունների ճարտարապետական տեսքը: Սա այն դեպքում, երբ քաղաքի պատմամշակութային տեսքը աղավաղող ու խաթարող մի շարք շինությունների կառուցման թույլտվությունների տակ հենց նույն Գասպարյան Հենրիկն է ժամանակին ստորագրել:

Գյումրիի գլխավոր ճարտարապետների ցուցակում վերջինս հայտնի է նրանով, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք երկու անգամ ազատվել է գլխավոր ճարտարապետի պաշտոնից, սակայն քաղաքապետարանի տիրույթներն այդպես էլ չի լքել՝ շարունակելով աշխատանքը ենթակայի կարգավիճակում: Հենրիկ Գասպարյանն այն քչերից էր, ով Սամվել Բալասանյանի քաղաքապետ ընտրվելուց հետո ոչ միայն մնաց ու շարունակեց աշխատանքը քաղաքապետարանում, այլև վերադարձավ գլխավոր ճարտարապետի պաշտոնին:

 «Դե մենք չէինք կարող ծրագիրը տապալել և ես հետևեցի պարոն Գասպարյանի խորհրդին ու սկսեցի այլ տեղ տարածք փնտրել,- ծիծաղելով շարունակում է պատմությունը Գոռը,- ընտրեցի թիվ 1 գիշերօթիկի շենքը: Խոսեցի տնօրենի հետ, ով սիրով համաձայնվեց համագործակցել մեզ հետ»:

Ծրագրի մասնակիցները դպրոցի պատն ամբողջությամբ յուղաներկով նկարազարդել են՝ ստեղծելով տան իմիտացիա և տեղադրել բույսերով ծաղկամաններ: Գիշերօթիկի սաներն այնքան են ոգևորվել իրենց հաստատության նոր ինտերիերով, որ խնդրել են տնօրինությանը թույլ տալ` կից պատն էլ իրենք նկարազարդեն սեփական նախագծով:

«Էկոլաբ»  ծրագրի ղեկավար Յանա Մկրտչյանի փոխանցմամբ` իրենք տարին ամփոփելուն զուգահեռ սպասում են նոր ծրագրերի և առաջարկների՝ 2014թ-ին իրագործելու ակնկալիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter