HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատանդ մարզերն ու Երևանում չգտնված բանալիները, կամ ՀՀ կուսակցությունների մասին օրենքը կործանել է մարզերը

Վարազ Սյունի

Եթե մի բան սխալ կարող է գնալ, սխալ էլ գնալու է: Ահա այսպիսի մի սխալ գնացած «բան» էլ Հայաստանի մարզերն են, իսկ ավելի կոնկրետ՝ մարզերի ՍԽԱԼ քաղաքական-սահմանադրական կառուցվածքը:

Որ 2,5-3 մլն. մարդ ու ընդամենը 30 հազար քառ.կմ. տարածք ունեցող Հայաստանի համար 10 (+1) մարզ ունենալը կատարյալ խելացնորություն է, սրանում համոզված եմ: Կասկածելի քսակով-վարքուբարքով ու չընտրված մարզպետների գլխաքանակային ցուցահանդես չէ, որ մարզի բնակիչն այսօր կարիք ունի. ոչ էլ պետական բյուջեի փողերի ավելորդ վատնումն է նպատակը:

Հայաստանի մարզերում այսօր ՈՉԻՆՉ ճիշտ չէ. ու սրա ամենահիմնական պատճառը ՀՀ կուսակցությունների մասին օրենքն է: Երբ մոտ մեկ տարի առաջ կարդացի վերոհիշյալ օրենքի հատկապես 5(1) հոդվածը, անչափ շատ զարմացա, թե որն է այս անտրամաբանական ու կործանարար հոդվածի նպատակը:

Ըստ այս տխրահռչակ հոդված 5(1)-ի՝ «Կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Կուսակցությունը պարտավոր է ունենալ առանձնացված ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ՝ Երեւանում...»:

Փաստորեն այս հոդվածը՝ 2002 թվից սկսած,  ուղղակի սպանել է մարզերի և մարզային քաղաքների ու գյուղերի (Երևանից) ԱՆԿԱԽ քաղաքականություն վարելու ցանկացած հնարավորություն. իսկ սա, իր հերթին, նշանակում է մի բան՝ պատանդ ու կախյալ մարզեր ու մեռած (ներ)մարզային քաղաքականություն ու քաղաքական կյանք: Եթե ձեզ սա անկարևոր է թվում, ապա շատ եք սխալվում:

Սա իբր քիչ էր, ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5-ին 2004 թվին նոր մաս են ավելացրել, որն իրականում փոփոխել ու ավելի է խստացրել վերոհիշյալ հոդված 5(1)-ը. այն հիմա հետևյալ բովանդակությունն ունի.

«Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:

Իսկ ԻՆՉՈ՞Ւ: Հայաստանի քաղաքական կյանքը միայն Երևանն ու ԱԺ-ն է՞: Իսկ մարզե՞րը:

Ո՞ րն է այս անդեմոկրատական հոդվածի նպատակն ու իմաստը. որ ամբողջ քաղաքական դաշտը կառավարելի լինի միայն Երևանի՞ց:  

ՀՀ  կուսակցությունների մասին օրենքի այս 5(1) հոդվածի ԱՄԵՆԱՄԵԾ հասցրած վնասն այն է, որ հանրապետական կուսակցությունները ՉԵՆ ՄՐՑՈՒՄ մարզային/տեղական անկախ կուսակցությունների հետ, որովհետև մարզերում պարզապես հնարավոր չէ տեղական կուսակցություններ ստեղծել: Սա ԱՆՆԵՐԵԼԻ է, որովհետև առանց անկախ տեղական կուսակցությունների Հայաստանում ԵՐԲԵՔ իսկական դեմոկրատիա չի՛ լինելու:

Ենթադրենք, Գորիսում 200 մարդ ցանկանում է ստեղծել մի կուսակցություն, զբաղվել բացառապես Գորիսի հարցերով ու մասնակցել միայն Գորիսի ընտրություններին: Ինչո՞ւ պիտի սա հնարավոր չլինի: Սրա ի՞նչն է «վատ»: Այսօր, օրինակ, նաև Հոլանդիայում այսպիսի շատ տեղական կուսակցութուններ վաղուց մրցակցում են մեծ ու համապետական  կուսակցությունների հետ և վերջիններիս ստիպում ԼՐՋՈՐԵՆ զբաղվել տեղական խնդիրների լուծմամբ. հակառակ դեպքում տեղացի բնակիչները քվեարկում են տեղական կուսակցությունների օգտին: Այ սա՛ է դեմոկրատիան, ոչ թե հայաստանյան ՀՀԿ-ի ու «ալտերնատիվային» ԲՀԿ-ի կրկնվող քաղաքական ԹԱՏՐՈՆԸ :

Հայաստանի մարզերում այսօր դեմոկրատական-քաղաքական կառուցվածքի (կոնյուկտուրայի) նշույլ անգամ չկա. չկա ընտրովի մարզպետ, չկա ընտրովի «Մարզային ժողով»` որպես մարզի օրենսդիր օրգան, չկան տեղական կուսակցություններ: Մարզերն  իրականում դարձել են շղթայված պատանդներ. իսկ բանալիները Երևանում չեն:

Հայաստանը վաղուց ՊԻՏԻ անցած լիներ ԵՐԿՊԱԼԱՏ «Ազգային ժողովի». Առաջին պալատում պատգամավորները պիտի ընտրվեն ժողովրդի կողմից, իսկ Վերին պալատում՝ «Մարզային Ժողովների» կամ մարզերի ներկայացուցիչները պիտի նստեն, որպեսզի մարզերը ՎԵՐՋԱՊԵՍ լծակներ ունենան ու մարզերի խնդիրները ԼՈՒՐՋ ընդունվեն:

Մարզերից արտագաղթի ամենահիմնական պատճառը ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1) -ն է:

Մարզերում համատարած աղքատության ու գործազրկության ամենահիմնական պատճառը ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1) -ն է:

Հատկապես Սյունիքում հանքային տեռորիզմի ու էկոցիդի ամենահիմնական պատճառը ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1) -ն է:

Մարզերում անկախ դատաիրավական մարմինների բացակայության ամենահիմնական պատճառը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1) -ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter