HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Դուք ունեք ատոմակայան, բայց չունեք նույնքան բնական ռեսուրսներ, որքան ձեր հարևանները»

Էներգախնայողության թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով բաժնի տնօրեն Մայքլ Քոհլերը (Michael A. Köhler, Director for the Neighbourhood, European Commission):

Այժմ ԵՄ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր` փորձելով լուծել էներգախնայողության խնդիրը աշխարհում: Դուք ինչպե՞ս եք գնահատում էներգետիկ իրավիճակը մասնավորապես Հարավային Կովկասում:

Հարավային Կովկասի երեք երկրների իրաավիճակը բավականին տարբեր է. Վրաստանը կարող է արտահանել էլեկտրականություն, Ադրբեջանը, ինչպես բոլորը գիտեն, նավթով և գազով հարուստ երկիր է, այն զարգացնում է իր բնական ռեսուրսները Կասպից ծովից դեպի Եվրոպա, և Հայաստանն այն երկիրն է, որն ունի ամենաքիչ զարգացած էլեկտրառեսուրսները: Դուք ունեք ատոմակայան, բայց բացի դրանից՝ չունեք նույնքան բնական ռեսուրսներ, որքան ձեր հարևանները: Հայաստանի դեպքում ավելի քան կարևոր է լինել ավելի էներգախնայող:

Կարծում եմ, որ բոլոր երեք երկրներում էլ կա ահռելի պոտենցիալ, և ես մեծ տարբերություն չեմ տեսնում երեք երկրների միջև: Բոլոր երեք երկրները, սկսելով իրենց տեղական ինքնակառավարման մարմիններից, տեղական մակարդակով կարող են զարգացնել էներգախնայողության պոտենցիալ, ինչպես մենք դա արել ենք ԵՄ շրջանակներում:

Ըստ ձեզ` կոնկրետ ի՞նչ պետք է անել Հայաստանում էներգախնայողության խնդիրը լուծելու համար:

Պետք է ասեմ, որ հատուկ չեմ դիտարկել իրավիճակը Հայաստանում: Բայց կարծում եմ` այն, ինչ ճիշտ է այլ երկրների համար, ճիշտ է նաև Հայաստանի համար: Երկրների մեծ մասում առաջին հերթին իշխանությունները կենտրոնացած են այն բանի վրա, ինչ մենք անվանում ենք մատակարարման անվտանգություն (security of supply): Այսինքն` ինչպես ենք մենք ստեղծում բավարար չափով էներգիա և ինչպես ենք այն մատակարարում քաղաքացիներին, գործարաններին, տնտեսությանը:

Այստեղ կա մեկ այլ խնդիր. շատ հաճախ դու պետք է կատարես ներդրումներ, որպեսզի ապահովես էներգախնայողությունը: Իսկ խնայողության արդյունքներն ի հայտ են գալիս միայն երեք-չորս տարի անց: Այսպիսով, դու պետք է ներդրումներ անես հիմա, իսկ արդյունքները ստանաս մի քանի տարի անց:

Բայց մենք ունենք մի շատ լավ օրինակ` Մոլդովան, չնայած այն Հարավային Կովկասի երկիր չէ: Քիշնևում նրանք բարեկարգել են քաղաքային ավտոբուսների փոխադրումը: Այժմ նրանք ունեն էներգախնայողություն ապահովող ավտոբուսներ, որոնք ֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD - ՎԶԵԲ)` ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Էներգախնայողության համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտին, քաղաքային լույսերին և այլն:

Արդյոք Հայաստանն ունի՞ պոտենցիալ՝ զարգացնելու իր ջրային ռեսուրսների օգտագործումը էներգախնայողության հարցում:  

Միանշանակ: Ջրային ռեսուրսների օգտագործումն էներեգիայի ստեղծման ավանդական եղանակներից է: Առավել ևս այնպիսի երկրների դեպքում, որոնք մեծամասամբ գյուղատնտեսական են, ինչպիսին Հայաստանն է: Այսպիսով, ես կարծում եմ, որ ջրային ռեսուրսների հզորության պարբերաբար աճող ցուցանիշը նույնպես կնպաստի խնայողությանը երկար ժամանակահատվածում: Ես տեսնում եմ դրա պոտենցիալը:

Ջրի վերաբերյալ միակ խնդիրն այն է (սա ճշմարիտ է նաև ձեր որոշ հարևանների համար), որ շատ հաճախ ջրային ռեսուրսները կիսվում են հարևան երկրների միջև. գետերն անցնում են մի քանի երկրների սահմանով: Դուք պետք է համաձայնության գաք հարևան երկրների հետ ջրային պաշարների օգտագործման հարցում: Հակառակ դեպքում, դա կոնֆլիկտի առիթ կարող է լինել: Հարցն այն է, որ պետք է լրջորեն ուսումնասիրել, թե ջրային ռեսուրսների օգտագործման որ եղանակը պետք է ընտրել:

Մայքլ Քոհլերին հանդիպեցինք նոյեմբերի 14-15-ը Ստամբուլում տեղի ունեցած Քաղաքապետերի համաձայնագրի բարձր մակարդակի ֆորումի ժամանակ, որը կազմակերպել էր "Energy Cities"-ը (European Association of local authorities in energy transition):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter