HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կանաչ տարածքներ՝ Հայաստանում և Արցախում. «Էյ Թի Փի»

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ իրականացվել է համայնքային ծառատունկի տնկման 40-րդ սեզոնը: Համայնքային ծառատունկ ծրագիրը (CTP) գերազանցել է հիմնադրամի նախնական ցուցանիշները` տնկելով ավելի քան 1.2 միլիոն ծառ Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում: Համայնքային ծառատունկ ծրագրի թիմն այս աշուն տնկել է 27,427 պտղատու և դեկորատիվ ծառեր, որոնց ընդհանուր թիվը տարվա կտրվածքով կազմում է 56,184: Տնկված ծառատեսակներից են ծիրանենին, տանձենին, խնձորենին, բարդենին, փշատենին և թխկին:

«Հայաստանում գործող բազմաթիվ կազմակերպություններ սկսել են առաջնորդվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարով՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական խնդիրներին: «Էյ Թի Փի» ԲՀ-ը շարունակում է համագործակցել «Սինոփսիս» ՓԲԸ-ի հետ `այս աշնանը  տնկելով 1,160 մշտադալար ծառ Երևանի պետական համալսարանի տարածքում: Մեկ այլ ՏՏ կազմակերպության` AtTask-ի աշխատակիցների  հետ համատեղ Ավան համայնքում տնկվել է 50 ծառ»,- տեղեկացնում է հիմնադրամը:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի և Հայ կամավորների միության (ՀԿՄ)  համատեղ ջանքերով նոյեմբեր ամսին Նոր խարբերդ գյուղում տնկվել է 100 բարդի, 70 մշտադալար և 80 պտղատու ծառ: Ծառերը նվիրաբերել էին Նոր Խարբերդի մանկատանը, որտեղ «Էյ Թի Փի» ԲՀ-ը  տնկումներ է իրականացնում դեռևս 1995թ-ից: Այս մանկատունը «Էյ Թի Փի» ԲՀ-ի գործունեության վաղ շրջանի տնկման վայրերից  է, որտեղ ապրում են որոշակի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող  286 երեխա: Մինչ այժմ այս մանկատան տարածքում տնկվել է ավելի քան 1,600 ծառ:

«Հայ օգնության ֆոնդը» գլխավորող բարերարների և փաստաբանների համատեղ ջանքերով այս տարվա սեպտեմբերի 20-ին Գյումրիում բացվել է Օկտետ երաժշտական դպրոցը: Մինչ  դպրոցի բացումը դպրոցի սաները դասերն անցկացնում էին մետաղյա տնակներում, որոնք  1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո ծառայում էին որպես ժամանակավոր կացարաններ: «Էյ Թի Փի» ԲՀ-ը  դպրոցին տրամադրել էր 312 մշտադալար և 23 դեկորատիվ ծառ: Դպրոցի բացման արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի, ՀՕՖ-ի ներկայացուցչի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ հյուրերի  հետ միասին տնկվեցին այդ ծառերը :

«ՀՀ նախագահին ուղեկցում էին Deep Purple խմբի մենակատար Իէն Գիլանը և Do Something կազմակերպության հիմնադիր Ջոն Դին, ովքեր սերտորեն աջակցել էին այս  ծրագրի իրականացմանը: Հայաստանի նկատմամբ նրանց յուրահատուկ վերաբերմունքը  սկիզբ էր առել  դեռևս 25 տարի առաջ` ողբերգական երկրաշարժի ժամանակ: Գիլանը նշեց, որ հազիվ էր կարողանում զսպել իր արցունքները, երբ առաջին անգամ տեսավ դպրոցը: «Ես արդեն լսում եմ այն երաժշտությունը, որը կհնչի այս դպրոցից: Մեզ հաջողվեց վերակենդանացնել երաժշտությունը»,-ասաց նա:

«Էյ Թի Փի» ԲՀ-ը  համագործակցում է բազմաթիվ տեղական և միջազգային  կազմակերպությունների հետ: Գյումրուց ոչ հեռու գտնվող Մարալիկ գյուղը զուրկ էր հանրային կանաչ տարածքներից, երբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունը նոյեմբերի 1-ին այդ տարածքում բացեց  առաջին հանրային զբոսայգին: «Էյ Թի Փի» ԲՀ-ը  այգին կանաչապատելու համար  տրամադրել էր շուրջ 665 ծառ: «Էյ Թի Փի» ԲՀ-ը  և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ  Արմավիրի մարզում գտնվող  4 տարբեր դպրոցների այգում տնկեց թփեր և դեկորատիվ ծառեր: Այս աշուն Շենիկում, Քարակերտում, Արգինայում և Լեռնագոգում տնկվել են  ընդամենը 880 հիբիսկուսներ(սիրիական վարդ), հացենի և բարդի: «Ընտրվել էին այդ մի քանի համայնքները, քանի որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը մինչ այդ  վերակառուցել էր այնտեղի դպրոցները: Մեր հիմնադրամը  միշտ պատրաստ է աջակցել նրանց ` մեր գյուղերը առավել բարգավաճ դարձնելու համար»,- նշել է Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը

Նորվեգիայի ԱԳՆ-ը  հիմնադրամի գլխավոր գործընկերներից է  և  սկսած 2012թ-ից  համատեղ իրականացնում մի շարք ծրագրեր:  «Շնորհիվ նրանց կողմից մեզ հատկացրած դրամաշնորհի Համայնքային ծառատունկ ծրագիրը շարունակում է ծառատունկ իրականացնել Հայաստանի բոլոր  շրջաններում    և գյուղերում: Սյունիքի մարզի Հալիձոր, Վաղատուր և Խնձորեսկ գյուղերին տրամադրել ենք ընդհանուր առմամբ 1,067 ծառ, Արագածոտնի մարզին և Արայի գյուղին` 860 ծառ, Լոռու մարզի Ղուրշալու և Քարաձոր գյուղերին` 940, իսկ Արմավիրի մարզի Լեռնամերձ և Թալվորիկ գյուղերին` 450 ծառ:  Այս դրամաշնորհի միջոցով տրամադրված ծառերի 90 տոկոսը  պտղատու են և կօգնեն համայնքի բնակիչներին»,- նշել է Հարությունյանը: 

Այս աշնանը «Էյ Թի Փի» ԲՀ-ը հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է օգնել սիրիահայերին, ովքեր վերաբնակվել են Արցախում: Վերջին երկու տարիների ընթացքում Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով հազարավոր սիրիահայեր եկել են Հայաստան: Նրանցից շատերը բնակություն են հաստատել Երևանում և մերձակա տարածքներում , սակայն կան մի քանի ընտանիքներ, որոնք ընտրել են ապրել Արցախում: Բերդձորում և Կովսականում վերաբնակեցված շուրջ 23 ընտանիքի կհատկացվի 300 պտղատու ծառ` տանձենի, խնձորենի, սալորենի, կեռասենի, ծիրանենի և սերկևիլ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter