HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբրև ես եմ սպանել Կարեն Եսայանին»

«ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետև որևէ առնչություն Կարեն Եսայանի սպանությանը չունեմ: Տեղի է ունեցել դաժան սպանություն և մարդասպանը ազատության մեջ է»,-հայտարարեց ամբաստանյալ Հարություն Սագսյանը նոյեմբերի 27-ի դատական նիստի ժամանակ: Վերջինս զգուշացրեց, որ չի պատրաստվում պատասխանել կողմերի հարցերին, սակայն դատարանում ցուցմունք տալուց էլ չի հրաժարվում: Հարություն Սարգսյանն ասաց, որ չի վստահում դատարանին:

Ամբաստանյալը հայտարարեց, որ այն անձինք, ովքեր տեղեկություն ունեին սպանության իրական հանգամանքների եւ իր անմեղության վերաբերյալ կամ դատարան չհրավիրվեցին, կամ դատարան ներկայանալով՝ չցանկացան պատմել իրականությունը:

«Ես կրկին պնդում եմ, որ ոչ մի առնչություն ոչ սպանության, ոչ սպանության նախապատրաստության հետ չունեմ: Այդ մասին քաջատեղյակ էին որոշ անձինք, ովքեր կարող էին դատարանում տալ ցուցմունքներ և հաստատել իմ անմեղությունը: Սակայն նրանք դա չարեցին, որովհետև վախեցան, որ կամ իրենք էլ իմ պես անմեղ լինելով և սպանության հետ առնչություն չունենալով՝ կհայտնվեն իմ կողքին, կամ իրենք էլ Կարեն Եսայանի պես անմեղ զոհ կդառնան»,-նշեց իր ցուցմունքում Հարություն Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ եթե ինքն իսկապես մեղավոր լիներ, ապա վաղուց, դեռեւս նախաքննության փուլում, բազմաթիվ խոշտանգումների ենթարկվելուց հետո՝ կխոստովաներ: Սակայն ինքն անմեղ է եւ այդ մասին ասել է նախաքննական մարմիններին, որը բնականաբար հաշվի չի առնվել: Հարություն Սարգսյանն ասաց որ ինքն ենթարկվել է դաժան եւ աննկարագրելի ծեծի թե Գյումրիի ոստիկանությունում, թե Երեւանում՝ ձերբակալվածների պահման վայրում: Ամբաստանյալը պատմեց, որ դեպքի օրը՝ 2012թ-ի ապրիլի 12-ին, ժամը 15-ին իրենց տուն է եկել ոստիկանության բարձրաստիճան սպա Հրայր Քալաշյանը (վերջինս մեղադրվում է Գյումրու ոսկերչական խանութից գողության փորձ կատարելու համար եւ ներկա պահին դատաքննություն է ընթանում.-հեղ.) եւ հրավիրել իրեն ու հորը ոստիկանություն:

«Ոստիկանության աշխատասենյակներից մեկում կային 4-5 հոգի: Նրանցից մեկը ներկայացավ պետի տեղակալ, որի անունը հիշում էի՝ Արսեն էր: Նախկինում ճանաչում էի նրան: Արսենը սկսեց հարցեր տալ հորս և ինձ, թե այդ օրը ի՞նչ ենք արել, որտե՞ղ ենք եղել, արդյո՞ք ճանաչում ենք սենյակում գտնվողներին: Ներկաներից մեկը հետագայում իմացա, որ Կարեն Եսայանի հայրն էր: Նա ևս հարցեր էր տալիս: Իմ պատասխանները լսելով՝ հասկացավ, որ ես իր տղայի հետ առնչություն չունեմ և հեռացավ ոստիկանությունից»,-պատմեց ամբաստանյալը:

Այնուհետեւ Հարությունին առանձնացրել են եւ տեղավորել մեկ այլ սենյակում: Այնտեղ ամբաստանյալի հարցաքննոթյունը շարունակել է ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը: Սենյակում եղել են 7-8 դիմակավորված անձինք: Վահրամ Ենգոյանը հարցրել է ամբաստանյալին, թե ով է սպանել Կարե նԵսայանին: Վերջինս էլ պատասխանել է, որ չի ճանաչում նրան և այդ սպանության մասին տեղեկություն չունի:

«Նման պատասխան լսելուց հետո նա բռունցքներով հարվածեց ինձ ու հայհոյեց: Հարվածներ էր հասցնում երիկամներիս, հետո մի անգամ էլ խփեց ձախ ականջիս,-պատմեց ամբաստանյալը,-դրանից հետո ընկա գետնին, Ենգոյանը վերցրեց ռետինե սև մահակն ու հարվածեց ոտքերիս: Ամբողջ ծեծի ընթացքում հայհոյում էր ու հրամայում, որ սատկացնեն ինձ: Հետո դիմակավորվածները սկսեցին հարվածել ինձ, թե մարմնիս որ հատվածին էին խփում, չեմ հիշում: Լավ հիշում եմ սենյակի հոսանքի բաց լարերը, ու որ կոչումով գնդապետն ամեն անգամ ասում էր` լարերից հեռու պահեք: Ծեծից հետո ինձ հարցաքննեց քննիչ Խաչիկ Հայրապետյանը»:

Հետո հարցաքննողներին միացել է ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը: Նա էլ է Հարությունին հարցեր տվել սպանության կապակցությամբ: Հետո հահանգել է կասկածյալին տանել իր կաբինետ: Հարությունը հիշում է, որ մարզային վարչություն իրեն տարել են Կարեն Բաբակեխյանին պատկանող Տոյոտա Կորոլա 010 ՈՍ 09 համարի մեքենայով:

Սենյակում, որտեղ շարունակել են հարցաքննել Հարություն Սարգսյանին բացի Կարեն Բաբակեխյանից եւ Վահրամ Ենգոյանից, ներկա են գտնվել նաեւ երկու անձինք քաղաքացիական հագուստով: Հետագայում ամբաստանյալը պարզել է, որ նրանցից մեկը քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն է:

«Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ: Մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Հետո հրահանգեց, որ աթոռ բերեն: Բերեցին փայտից աթոռ: Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով որ երկաթից աթոռ բերեն: Ինձ պառկեցրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից, սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Վահրամ Ենգոյանը հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ուԵնգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբրեւ ես եմ սպանել Կարենին:   Ամենադաժան ծեծն ու մարմնական վնասվածքների մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծն այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա Բաբակեխյանը ջուր էր լցնում վրաս: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ինձ տեղափոխեցին Երևան՝  ՁՊՎ»:

Ձերբակալվածների պահման վայրում եւս Հարություն Սարգսյանն ենթարկվել է ծեծի: Այստեղ նրա հարցաքննությունը շարունակել է Աշոտ Կարապետյանը: Վերջինս համոզել է, որ Հարությունն ընդունի մեղքը եւ խոստովանի, որ ինքն է սպանել Կարեն Եսայանին, այլապես վատ կլինի իր համար: Երբ Հարությունը հրաժարվել է կատարել Կարապետյանի պահանջը, վերջինս հրահանգել է սենյակում գտնվող դիմակավորված անձանց ծեծի ենթարկել նրան:

Հարություն Սարգսյանը՝ դիմելով դատարանին, ասաց, թե իր կարծիքով բոլորի համար էլ ակնհայտ է, որ ինքն առնչություն չունի այս սպանության հետ, այլապես նման դաժան ծեծի ու խոշտանգումների պայմաններում անպայման ցուցմունք տված կլիներ:

«Գիտեմ, որ իմ ցուցմունքը ոչինչ չի փոխելու,-հայտարարեց ամբաստանյալը,-մոտ մեկ տարի է դատաքննություն է ընթանում և դուք, հարգելի դատարան, հնարավորություն եք ունեցել պարզելու, որ ես իրականում որևէ առնչություն չունեմ Կարեն Եսայանի սպանությանը:  Բազմաթիվ անձինք այստեղ տվել են ցուցմունքներ, հետազոտվել են ապացույցները, գործի նյութերը, հնարավորություն եք ունեցել հասկանալու, թե ինչ պայմաններում է ընթացել նախաքննությունը: Եթե դուք կլինեք օբյեկտիվ, ուրեմն ես ժամ առաջ կլինեմ ազատության մեջ, եթե ոչ` ապա գոնե հնարավորություն տան, որ այլ դատավոր քննի իմ գործը»:      

Ամբաստանյալն՝ օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին, ինչպես որ հարցաքննության սկզբում տեղեկացրել էր դատարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter