HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սպարտակ Ղուկասյանի՝ Կարեն Եսայանի սպանության հետ առնչությունը ճշտելու նպատակով փաստաբանները միջնորդեցին գումարել դռնփակ նիստ

Կարեն Եսայանի սպանության գործով նոյեմբերի 27-ի դատական նիստին ամբաստանյալի ցուցմունքը լսելուց հետո, պաշտպանական կողմը հանդես եկավ մի շարք միջնորդություններով: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին գումարել դռնփակ նիստ՝ առանց մեղադրող կողմի, որի ժամանակ պաշտպանական կողմը կներկայացնի վկայի, ով բավական հետաքրքիր տեղեկություններ կփոխանցի սպանված Կարեն Եսայանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տղայի՝ Սպարտակ Ղուկասյանի փոխհարաբերությունների մասին: Փաստաբանն ասաց, որ իրենք մասնավոր հարցման են ենթարկել այդ անձին, ով Սպարտակ Ղուկասյանի մերձավոր շրջապատից է: Վերջինս չի համաձայնվել, որ հրապարակվեն իր տվյալները, սակայն անվտանգության ապահովման ու գաղտնիության երաշխավորման պայմաններում՝ համաձայնվել է ցուցմունք տալ դատարանում:

«Նախաքննություն, որպես այդպիսին, կարելի է ասել իրականում չի կատարվել եւ չի պարզվել, թե Կարեն Եսայանն իրականում ում հետ եւ ինչպիսի տարաձայնություններ է ունեցել: Հարություն Սարգսյանի մայրը դատարանում տված իր ցուցմունքի ժամանակ հայտարարեց, որ կա մարդ, ով կպատմի այդ մասին: Մենք հանդիպել ենք այդ անձի հետ, մասնավորր հարցման ենթարկել նրան եւ ստացած տեղեկատվության հիման վրա՝ հաշվի առնելով նաեւ անմեղության կանխավարկածը, համարում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը կարող է առնչություն ունենալ Եսայանի սպանությանը»,-հայտարարեց փաստաբանը:

Մեղադրող Արմեն Մարուխյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ դատական պրակտիկայում չկա դեպք, որ նիստը գումարվի առանց մեղադրող կողմի եւ միջնորդեց դատարանին մերժել միջնորդությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Սպարտակ Ղուկասյանն այն անձն է, ով եթե չցանկանար քրոջ ամուսնությունը Եսայանի հետ, մի զանգով այդ հարցը կլուծեր: Փաստաբան Լուսինե Սահակյանը, չառարկելով Մելքոնյանին, միայն նկատեց, որ գոյություն ունի մրցակցային դատավարություն եւ եթե մեղադրող կողմը կարող է հրավիրել ու առանց պաշտպանական կողմի հարցաքննել իր ուզած վկային, ինչու՞ նույն կերպ չի կարող վարվել պաշտպանական կողմը:

«Այս դեպքում մենք միջնորդում ենք դատարանին գումարել դռնփակ նիստ` առանց մեղադրող կողմի, որպեսզի նրա տվյալները հասանելի չլինեն մեղադրող կողմին: Մենք պիտի կարողանանք երաշխավորել այդ անձի անվտանգությունը»,-հայտարարեց փաստաբան Հունան Բաբայանը:

Այս դատական նիստին մեկ անգամ եւս քննարկվեց դատակոչված վկաներից Հակոբ Կարապետյանի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների իրավաչափության հարցը: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, Հակոբ Կարապետյանն այն վկան էր, ով իբրեւ թե տեսել էր, թե ինչպես է ամբաստանյալ Հարություն Սարգսյանը նստում ինչ-որ մի արծաթագույն մեքենա: Դեռեւս մայիսի 6-ի դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը հանդես էր եկել այս վկայի նկատմամբ դատաբժշկական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությամբ՝ հրաժարվելով նրան դատարանում հարցեր ուղղելու իրենց իրավունքից:

Վկա Հակոբ Կարապետյանի մոտ, ինչպես պարզել էր պաշտպանական կողմը, առկա է ծանր աստիճանի մտավոր հետամնացություն: Տղան տառաճանաչ չէ: Չի կարողանում գրել անգամ իր անուն-ազգանունը: Եթե որեւէ բան էլ տղան կարողանում է գրել, ապա միայն արտանկարելու եղանակով: Հակոբ Կարապետյանը չի փայլում հիշողությամբ՝ մատուցված նյութը մտապահում է բազմաթիվ կրկնություններից հետո եւ արագ էլ մոռանում:

Փաստաբան Լուսինե Սահակյանը համալիր փորձաքննության միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, որ դատավարական օրենսգրքով չի թույլատրվում դատարան հրավիրել ու հարցաքննել մտավոր թերզարգացած անձի: «Մենք չենք կարող նրան հարցեր ուղղել եւ դեռ պետք է պարզել, թե նախաքննական մարմինն ինչ հիմքերով է հարցաքննել սակավամտությամբ տառապող այս անձին»,-դեռեւս գարնանը կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել էր փաստաբան Հունան Բաբայանը:

Դատարանը օգոստոսի 13-ի դատական նիստի ժամանակ քննարկել էր միջնորդությունը եւ բավարարել: Վկայի նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական- դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Պատասխանը հրապարակվել էր նոյեմբերի 6-ի դատական նիստի ժամանակ: Փորձաքննությունը հաստատել էր, որ Հակոբ Կարապետյանը տառապում է սակավամտությամբ, ունի ցածր ինտելեկտ, չի տիրապետում տարրական գիտելիքների եւ այլն: Սակավամտությունը վկայի մոտ արտահայտված է այն աստիճան, որ զրկում է նրան քրեական գործի շրջանակներում արժանահավատ տեղեկություններ տալուց:

Սակայն համալիր փորձաքննության արդյունքներում նշված տեղեկատվությունը չխանգարեց տուժողի իրավահաջորդ Արմեն Մելքոնյանի հանդես գալ միջնորդությամբ եւ պահանջել դատարանից, որպես վկա հարցաքննել Հակոբ Կարապետյանի մորն ու վկային քննած քննիչին: «Հարցաքննությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ, եւ բժշկական փորձաքննությունը պատասխան չի տվել այն հարցին, թե այն ժամանակ վկան կարող էր պատասխանել այդ պրիմիտիվ հարցերին: Այդ պատճառով էլ ես միջնորդում եմ հարցաքննել Հակոբ Կարապետյանի մորն ու քննիչին: Գուցե տղան երկու տարի առաջ հիվանդության սրացումներ չի ունեցել, գուցե հետո է ի հայտ եկել»,-միջնորդությունը հիմնավորեց Արմեն Մելքոնյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ստիպված էր կրկին անգամ ընթերցել համալիր փորձաքննության արդյունքները, որտեղ նշված էր, որ տղան 6 ամսական հասակում հիվանդացել է սեպսիս (իրենից ներկայացնում է ծանր, արյան վարակային հիվանդություն, որն առաջանում է, եթե թարախածին մանրէները բորբոքային օջախներից տարածվում են հիվանդի բոլոր օրգանների ու հյուսվածքների մեջ.-հեղ.) կոչվող հիվանդությամբ: Հետագայում ի հայտ են եկել ախտաբանական երեւույթներ:

«Տղան դրանով տառապել է մանկուց, հաճախել է օժանդակ գիշերօթիկ դպրոց: Նա ունակ չի օբյեկտիվորեն ընկալելու եւ վերարտադրելու իր շրջապատում կատարվող դեպքերը: Ինչ սրացումների կամ երկու տարի առաջ որեւէ դրական եւ դրանից հետո ասենք բացասական փոփոխությունների մասին կարող է խոսք գնալ: Չի կարող մանական տարիքից ինտելեկտի ցածր մակարդակ ունեցող, սակավամտությամբ տառապող անձը հանկարծակի սկսի տիրապետել փայլուն գիտելիքների հետո երկու տարի անց կրկին կորցնի դա»,-հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Դատարանը, քննարկելով տուժողի իրավահաջորդ Արմեն Մելքոնյանի միջնորդությունը, որոշեց մերժել այն՝ համարելով, որ վկայի մայրը եւ քննիչը որեւէ էական բան չեն կարող ասել գործի շրջանակներում: «Նրանք ընդամենը կարող են նկարագրել, թե ինչպես է ընթացել հարցաքննությունը, իսկ դա քրեական գործի հետ որեւէ առնչություն չի կարող ունենալ»,-պարզաբանեց դատավորը:

Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին վկա Հակոբ Կարապետյանի 16.04.2012թ-ին տված նախաքննական ցուցմունքները եւ դատարանում տված ցուցմունքը ճանաչել անթույլատրելի: Մեղադրողը կողմն առարկեց միջնորդության դեմ՝ համարելով, որ Հակոբ Կարապետյանի ցուցմունքը պետք է գնահատվի դատարանի կողմից: Դատավոր Մարտին Սարոյանը չմերժեց միջնորդությունը, սակայն նաեւ չբավարարեց: «Դատարանը վերջնական ակտ կայացնելիս կտա այդ ապացույցի գնահատականը»,-հայտարարեց դատավորը:

«Դատարանն այս պահին կայացրեց մի որոշում, որը հակասում է դատավարական օրենսգրքին: Գոյություն ունի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, ըստ որի դատարանը պետք է քննարկի եւ լուծում տա բոլոր միջնորդություններին դատաքննության ընթացքում: Չի կարող դատարանը գնահատական տալ մի ապացույցի, որը անթույլատրելի է»,-հայտարարեց փաստաբանն ու ավելացրեց, որ իրենք ցանկանում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Մարտին Սարոյանին:

Պաշտպանական կողմն իր դիրքորոշումը պարզաբանեց դատավորի կողմից բազմիցս թույլ տված դատավարական տարրական նորմերի խախտման դեպքերով: Նրանք համոզված են, որ արդար ու օբյեկտիվ դատաքննություն չի ընթանում, ինչպես նաեւ վստահ չեն, թե կլինի արդար վճիռ: Սա այս դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած 2-րդ ինքնաբացարկի միջնորդությունն էր, որ մերժվեց դատավորի կողմից:

Մեկնաբանություններ (1)

saro
Yete ka nman vka uremn nra beran@ es gisher kpaken. Spanox@ minchev spanel@ planavorel e Harutyunin Qavutyan Noxaz darznel. Harutyun@ giti bayz chi karox spanoxi anun@ tal, vorovhetev iren ban@ burd e linelu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter