HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել Սանահինի խնդիրը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչ օրակարգի ձևավորումը ցանկանում եմ, որ մենք անդրադառնանք Սանահինի վանական համալիրի խնդրին։ Վերջին շրջանում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այս հարցը, և անհրաժեշտ է տալ պարզաբանումներ, թե մեր նախորդ տարվա Սանահին այցելությունից հետո ինչպիսի միջոցառումներ են իրականացվել։ 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախորդ տարի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետն այցելեց Սանահին, ծանոթացավ առկա խնդիրներին, հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվեցին հստակ հանձնարարականներ։ Դրանց արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել է միջոցառումների հստակ ժամանակացույց:

Ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն։

Առաջին քայլը եղավ այն, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարեցին չափագրումներ` հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արևմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը` պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրները հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ։

Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո` հասկանալու, թե ինչ դինամիկա ունի ճաքը և որ ուղղությամբ է այն զարգանում։ Մայիս ամսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են, և հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր։

Զուգահեռաբար պետական բյուջեի միջոցների հաշվին մենք նախատեսել ենք, որ Սանահինում մեկնարկելու են հնագիտական պեղումների աշխատանքները, քանի որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գրունտի վիճակը և հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առկա հուշարձանի հանույթի հետ կապված։

Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները` ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաև լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին։

Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ նախագծի համար 2011 թ. պետական բյուջեով նախատեսվել է 6 մլն դրամ գումար, նախագծային առաջադրանքի հիման վրա կհայտարարվի բաց մրցույթ, և մենք ողջունելու ենք այն բոլոր մասնագետներին, որոնք կգան, կմասնակցեն այդ մրցույթին։

Նախագիծը կկազմվի և 2012 թ.-ից կրկին, արդեն ՄԺԾԾ-ով հաստատված 90 մլն դրամ գումարի շրջանակներում, մենք սկսելու ենք իրականացնել վերականգնման աշխատանքները։ Բնականաբար, մինչ այդ մշակված նախագիծն անպայման պետք է անցնի փորձաքննություն` ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատված չափանիշների։

Կար նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի երկրորդ հանձնարարականը. երբ 1998 թ. հուշարձանը սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ առաքելական եկեղեցուն, փաստաթղթային ձևակերպումները չէին կատարվել, և ըստ էության, մենք նաև 2011 թ. ընթացքում սեփականության իրավունքով համապատասխան փաստաթղթերով հուշարձանը հանձնեցինք Հայ առաքելական եկեղեցուն։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հիմա գերմանացի մասնագետների եզրակացությամբ ի՞նչ-որ վտանգ սպառնում է համալիրին։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան - Հարցին, թե ճաքը զուտ կոնստրուկտորական իմաստով ինչ դինամիկա ունի, այսինքն` աճում է այն, թե ոչ, պատասխան կտա երկրորդ այդ հսկիչ հետազոտությունը։ Նախնական տվյալներով` այնքան ճաքը չի խնդիրը, որքան ճաքի հիմքերը, այսինքն` ենթադրվում է, որ դրա համար մենք այդ հնագիտական հետազոտություններն ենք կատարում, որ հասկանանք, թե ինչքան խորն է այդ ճաքը գնում։

Ենթադրվում է, որ ճաքը նստած է այն հատվածների վրա, որտեղ կան սողանքներ, և դա է առաջացնում հիմնական խնդիրը։ Համապարփակ այդ եզրակացությունը կլինի երկու վերջնական հետազոտությունների հիման վրա։ Սեպտեմբերին մենք կունենանք այդ վերջնական եզրակացությունը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ։ Հարցը պահեք Ձեր ուշադրության կենտրոնում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին հետաքրքրող հարցերին մշտապես պարզաբանումներ տվեք։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան - Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մենք, ըստ ժամանակացույցի, բոլոր աշխատանքները կատարում ենք և գործ ունենք նաև արտասահմանցի մասնագետների հետ, որոնք շատ ճշգրիտ են իրենց պարտավորությունների նկատմամբ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter