HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ պապան սարերն էր գնում, ջերմությունս բարձրանում էր կարոտից»

Վոլոդյա Ավետիսյանը, Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից Արմավիրի մարզի Պտղունք գյուղում թողնելով կնոջը՝ Մարգարիտային ու մանկահասակ երկու տղաներին՝ Արթուրին ու Նորիկին, գնում է ռազմի դաշտ: Կռվում է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ՝ «Ազատագրական բանակում», մասնակցում 27 գյուղերի ու Քարվաճառի ազատագրմանը: Պատերազմի ժամանակ էլ ծնվում է երրորդ որդին: Վոլոդյան ռազմի դաշտից պատվիրում է նորածնի անունը Ավետիս դնել: Ավետիսից հետո ծնվում է Նոյը՝ Վոլոդյայի չորրորդ որդին, իսկ հրադադարից հետո ծնվում են դուստրերը՝ Ալլան ու Սվետան: 

«Հետքի» հետ զրույցում Վոլոդյայի որդին՝ Նորիկը, պատմում էր պատերազմի տարիների իր հիշողություննները եւ ցույց տալիս իր հետ բերած լուսանկարները. «Երբ պապան սարերն էր բարձրանում, ես հիվանդանում էի, ջերմությունս էր բարձրանում կարոտից, ուրիշ ոչինչ չեմ հիշում, փոքր էի շատ»: 

Զինակից ընկերներով Քարվաճառի ազատագրումը 

Հրադադարից  մինչև ձերբակալություն 

Վերադառնալով հայրենի գյուղ՝ Վոլոդյա Ավետիսյանը մեկընդմիշտ որոշում է գնալ զինվորականի ճանապարհով, նախ ծառայության է անցնում Նուբարաշենի զորամասում, ապա դառնում գնդի հրամանատարի առաջին տեղակալ, աշխատում Էջմիածնի զորամասում, ապա սովորում Մոսկվայի ռազմական ինստիտուտում, ծառայում Գյումրիի զորամասում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես գումարտակի հրամանատար: Իսկ 2012-ին Վ.Ավետիսյանն անցնում է թոշակի պահեստազորի գնդապետի կոչումով: 

Գնդապետի կոչում ստանալիս 

Վոլոդյայի տղան՝ Նորիկը, հիշում է, թե ինչպես այս տարվա սկզբից հավաքվում էին զինակից ընկերներով, զրուցում, մտածում էին, որ մի բան պետք է անել, որ կռված տղաները վատ վիճակում են, ոմանք գնացել են երկրից, ոմանք հուսալքված են, ոմանք էլ` սոցիալական ծանր պայմաններում: Որոշեցին մայիսի 10-ից նստացույց կազմակերպել Ազատության հրապարակում: «Այդպես մոտ 4 ամիս: Գիտեք՝ մի քանի անգամ հանդիպումներ եղան վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Բայց խնդիրները չէին լուծվում: Իսկ սեպտեմբերի 20-ին հանրահավաք պիտի լիներ, 19-ի գիշերը մեզ անծանոթ չորս տղամարդ եկան մեր տուն, նրան դուրս կանչեցին, էլ տուն չմտավ, դրանից հետո երեք ամիս է` չենք տեսել, քննիչը չի թողնում: Ամբողջ գիշեր փնտրում էինք, բջջայինն անջատված էր: Առավոտը ՊՆ քննչականից զանգեցին, ասացին, որ պապան իրենց մոտ է: Շարունակությունն արդեն գիտեք»,- պատմում է Նորիկը: Նրա կարծիքով` հոր ձերբակալությունը կապված է վերջին ամիսների պայքարի հետ: «Եթե պապան չպայքարեր ազատամարտիկների իրավունքների համար, էս գործը չէին սարքի»,- վստահ է Նորիկը: 

Վեց երեխաների հայր, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը սեպտեմբերի 23-ին 50-ամյակը նշել է «Նուբարաշենի» մեկուսարանում, որտեղ գտնվում է նախնական կալանքի տակ: Վոլոդյան, ըստ մեղադրանքի, կասկածվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ, իսկ հոկտեմբերի 17-ին ավելացել է ևս մեկ հոդված՝ խարդախության փորձ կատարելը: Սակայն Վոլոդյայի փաստաբան Արա Զաքարյանն ընդգծում է, որ ամենակարևոր քննչական գործողություն առերեսումը Հ. Զաքարյանի հետ տեղի չի ունեցել: 

Ո՞վ է Հ. Զաքարյանը 

Բոլորը փնտրում են Հ. Զաքարյանին, այսինքն՝ այն անձին, ում խաբելով էլ, ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը 2000 դոլար է վերցրել՝ թոռանը զինծառայությունից ազատելու խոստումով: Նախաքննական մարմինը լռում է այդ անձի ով լինելու մասին: Նորիկ Ավետիսյանն ասում է, որ իրենք չեն ճանաչում Զաքարյան Հ.-ին: «Միակ բանը, որ մոտավորապես իմացել ենք, իբր Գյումրիից է: Բայց գյումրեցի կռված տղերքը հետաքրքրվել են, փորձել են փնտրել նրան, բայց այդպես էլ չեն գտել»,- ասում է Վոլոդյայի տղան: 

Վերաքննիչ բողոք 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կլսվի Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու` քննիչի միջնորդության բավարարման դեմ: «Հետքը» լրացուցիչ կտեղեկացնի դատարանի որոշման մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter