HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ես մուրացկան չեմ, ջանիդ մեռնիմ, կռիշս էլ սարքեն` ընձի հերիք է»

Փեփրոնե տատի խորշոմներով ծածկված դեմքը լուսավորվում է ժպիտով, երբ բակում տեսնում է կանգնած մեքենան ու փայտով լցված պարկերը, որոնք երիտասարդ տղաները դատարկում են մուտքի դռան մոտ: «Ապրի Վահանը, տեսար, խոստացել էր, էսօր բերեց»,-դիմելով ինձ՝ ասում է տատն ու ձեռքը մեկնում դեպի Վահանը. «Մեռնիմ ջանիդ, Վահան ջան, էս կռիշս սարքեք, ընդամենը 5 մետր է: Օր ձյութ լցնեք, էդ կաթոցը կկտրի, տունս էլ ջուր չի լցվի»:

«Շիրակ կենտրոն» հկ-ի ղեկավար Վահան Թումասյանն առանց ալարելու պատին հենած աստիճաններով բարձրանում է տան տանիքի հատվածն ու հուսահատված ձեռքը թափ տալիս: «Այ տատ, նախ 5 չէ, էստեղ 50 մետր է, հետո էլ սա սարքել հնարավոր չէ: Գարաժիդ (Փեփրոնե Մարկոսյանն ապրում է բնակելի տան վերածած ավտոտնակում.-հեղ.) պատերը ամբողջը ջրի մեջ են: Ավելի ճիշտ կլինի, եթե քո համար մի տնակ ճարենք, տեղափոխվես էս խոնավ տնից,-խորհուրդ է տալիս Վահանը,-բերածս փայտն էլ նորմալ կվառես, չխնայես, էլի ենք բերելու: Քեզ լավ տաք սապոգներ ու վերարկու էլ եմ բերելու, սնունդ էլ կբերենք: Ծնունդիդ գալու ենք, լավ իմացի: Եթե Աստված տա մինչեւ էդ մի հատ էլ դոմիկ ճարենք, քո համար կարգին մեծ նվեր կլինի նոր տարուն»:

Առանձին զրուցում եմ Վահան Թումասյանի հետ: Պարզվում է «Շիրակ կենտրոնի» ղեկավարը բավական լավատեղյակ է Փեփրոնե Մարկոսյանի կենցաղային պայմաններին: Թումասյանը մեկ անգամ էլ է շեշտում, որ տանիքը նորոգելով տատի տան խնդիրը չի լուծվելու: Տան արեւմտյան պատը հիմքից մինչեւ առաստաղը ջրի մեջ է: Խոնավությունն այստեղ տանտեր է ու իր ավերիչ գործն է անում:

«Կամ պիտի վաճառի ավտոտնակը որպես շինանյութ, էդ գումարով մեկ սենյականոց իրեն համար առնենք Մուշ թաղամասում, կամ պիտի տնակ բերենք, որ տեղափոխվի»,-ասում է Վահանը: Լսելով «վաճառել» բառը՝ Փեփրոնե տատը միանգամից ընդվզում է:

«Ի՞նչը ծախեմ, ընչի՞ ծախեմ: Ըստեղ ի՞նչ կա, օր ես էլ ծախեմ: Թե բդի դոմիկմ բերեք, բերեք, չէ՝ ես իմ տնից ելնողը չեմ»,-նեղսրտում է ծեր կինն ու ուղղվում դեպի տան մուտքը՝ կարծես ցանկանալով պաշտպանել իր երկար տարիների անդավաճան ընկերոջը, որ օթեւան է եղել երկրաշարժից հետո: Տատն ու «Շիրակ կենտրոն» հկ-ի ղեկավարն իրար հրաժեշտ են տալիս ջերմորեն: Վահանը հեռնալիս մեկ անգամ էլ է կրկնում, որ չմոռանա՝ տատի համար 38 համարի ձմեռային տաք ճտքավոր կոշիկներ է բերելու: «Դու գնա Վահան ջան, ես էս հրեշտակի հետ կմնամ,-ձեռքն ինձ ուղղելով՝ ասում է տատը,-ըբը էն մյուս հրեշտակն ուրա՞: Երկուսով էիք չէ, օր ընձի օգնիք էս վառելիքը տուն հասցրինք»:

Փեփրոնե տատին, ես եւ լուսանկարիչ Սառա Անջարգոլյանը հանդիպել էինք նոյեմբերի 25-ին, Գյումրիում գործող «Լենտեքս» ՍՊԸ-ի բակում: Տատը ինքնաշեն սայլակի վրա փորձում էր որքան հնարավոր է շատ թղթե թափոն բարձել, որ կուտակված էր բակում: Իմ հարցին, թե ինչ է անում, բացատրում է, որ վառելիք է հայթայթում: Ձեռնարկության տնօրինությունը թույլ է տվել, ինքն էլ 2 օրը մեկ գալիս է, որ տանի: «Ես մուրացկան չեմ, ջանիդ մեռնիմ, ես կյանքում ձեռքս երկրցրած փող ուզած չկամ: Էս էլ Գոմցյան Կարենը թույլ է տվել, կտանիմ, օր վառեմ»,-ասում է տատին ու հրավիրում ինձ եւ Սառային ծանոթանալ իր բնակարանային պայմաններին: Որոշում ենք օգնել տատին տանել վառելիքը՝ միաժամանակ զրուցել:

Այդպես երեքով, մոտ երկու կանգառի չափ քայլում ենք փողոցով՝ զարմացած անցորդների ու մեքենաների ուղեւորների հայացքների ներքո: Այդ ընթացքում հասցնում եմ տեղեկանալ, որ տատը տնակում չի ապրում, անօթեւան չէ եւ բնակարանի ակնկալիք չունի: Ծեր կինը մենակ է ապրում: Սկզբում կորցրել է ամուսնուն, հետո մինուճար զավակին: Ապրում է թոշակի ու նպաստի հույսով: Փեփրոնե տատին հրաժեշտ տալիս խոստանում եմ անպայման վերադառնալ: Երկրորդ հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 30-ին:

Լավ մարդկանց համար տանս դուռը միշտ է բաց

Մտնում ենք տուն: Փոքրամարմին կինը տեղավորվում է պատուհանի մոտ դրած թախտին՝ ինձ էլ հրավիրելով նստել կողքին: Ձեռքի տուփը, որտեղ լուսանկարներն են, դնում է ծնկներին ու սկսում մեկ առ մեկ ցույց տալ: 8-9 քմ-ը չգերազանցող սենյակում ծխում է վառարանը: Հատակի վրա տեղ-տեղ ջուրը կղզյակների է վերածվել: Թախտի մոտ պենոպլաստ է դրված, որի վրա Փեփրոնե տատը դնում է ոտքերը՝ չթրջելու համար:

Սենյակի կենտրոնում դրված սեղանի մի անկյունում շորի մեծ կույտ եմ նկատում: Տեսնելով հայացքս՝ ծեր կինն ասում է, որ դա իր վերմակն է, դրանով է ծածկվում գիշերը: Աթոռի վրա, թղթե մեծ տուփի մեջ հագուստներն են: Անկյունում հեռուստացույցն է ու խորհրդային տարիներին ննջասենյակի զարդ հանդիսացող կանանց շատ սիրելի «տրյումոն»՝ երեք հայելիներով: Սենյակում ծխի ու խոնավության հոտ է:

«Ըբը ես ըսուր էի արժա՞ն, աղջիկ ջան,-նեղսրտում է Փեփրոնե տատը,-ըդքան լավ ապրելուց հետո մարդ չբդի էս բախտին արժանանար: Հըմը ի՞նչ ըսեմ, բախտի բան է: Իմ հորոխպերս գեներալ Մազմանովն է եղել: Իմ հերանքս Ղարսից են գաղթել: Ես չեմ տեսել, բայց հերս կպատմեր, թե ինչխ են ընդեղ ապրել: Մենք 10 երեխա ենք եղել, բայց Աստված չուզեց, օր ես էդ բախտին արժանանամ: Հինգ երեխա եմ ունեցել, բայց չեն ապրել: Չորսս մեռել են, 47 տարեկան Միսակիս բերեցի, օր ծերությանս վախտ ընձի պահեր, էն էլ ըդպես ջահել, 35 տարեկան մեռավ՝ լյարդի ցեռոզ ուներ»:

Մի պահ ծեր կնոջ դեմքը կրկին լուսավորվում է, երբ հարցնում եմ ամուսնու մասին: Գլուխը թեքելով՝ կարծես ամաչելով, պատմում է, որ Սերգեյը՝ ամուսինը, իրեն փախցրել է: «Սիրու՞ն էիր ջահել ժամանակդ, տատի, էդ էր պատճա՞ռը փախցնելու»,-հարցնում եմ: «Չէ, հերս չէր ուզե Սերգեյին, որովհետեւ որբ էր»,-պատասխանում է Փեփրոնե տատն ու պատմում, թե ինչպես է Թիֆլիսից եկած տղան հավանել 18-ամյա աղջնակին, հետը ամուսնացել ու համերաշխ ընտանիք կազմել: «Սովետի վախտը հեչ մարդ «Զիմ» մաշինա չուներ, մենք ունեինք: Ավտոներ շատ ենք ունեցել, աղջիկ ջան, էլ «02», էլ «06»: Շատ լավ ենք ապրել: Մարդս մեխանիկ էր, շատ հարգված տղա էր, մեր տունը միշտ լիքը մարդ է եղել: Էս բակը կտեսնի՞ս, կիրակի օրերին խորոված կենեինք միշտ, էնքան մարդ կհավաքվեր, տեղ ու դադար չկար: Ըդիկ հմի է, օր դուռս բացող չկա»:

1988թ-ի երկրաշարժին Մարկոսյանները կորցրել են իրենց բնակարանը: Փեփրոնե տատի պատմելով իրենց տնակ չեն հատկացրել՝ ասելով, մի՞թե Սերգեյի նման հարուստ մարդը կարիք ունի տնակի: Ստիպված տեղափոխվել են ապրելու քարաշեն ավտոտնակում: Ամուսինը մահացել է, տղան տարիներ անց հիվանդացել քաղցկեղով: Ասում է, երկար տարիներ խնամել է միակ որդուն, պարտքեր կուտակել, եւ երբ 2011թ-ի աշնանը վերջապես բնակարան են ստացել Մուշ թաղամասի նորակառույցներից՝ ստիպված է եղել վաճառել:

«Տղես ըսավ, այ մերս, ես կմեռնիմ, դու տունն ինչ բդի էնես: Էդ պարտքերն ու՞րդից բդի տաս: Արի կեղնի տունը ծախենք, պարտքերը տանք: Հիվանդ պահելը զոռ բան է, բալա ջան: Էդ տունն ինչխոր ստացանք, ըդպես էլ ծախեցինք, պարտքերը տվինք, 6 ամիս հետո տղես մեռավ, թաղումն էրեցի, գերեզմանը սարքեցինք, ես մնացի անկոպեկ: Հմի 20 հազար թոշակ ու 16 հազար դրամ նպաստ կստանամ, ըդորով կապրիմ: 200 հազար դրամի չափ էլ պարտք ունիմ: Ամեն ամիս թոշակիցս 10 հազար դրամ կուտամ պարտքիս տեղը»,-ասում է տատը:

Զգուշորեն, որպեսզի չվիրավորեմ, հարցնում եմ, թե չէր ուզենա տեղափոխվել ապրելու ծերանոցում: «Ույ, ամա՜ն, էդ բառն էլ չըսես,-մեկից բռնկվում է տատը,-ընձի չի վայելե  ծերանոց էրթալ, օր մեռնիմ էլ տանս մեջ թող մեռնիմ: Սերգեյի կնիկը ծերանո՞ց…չէղնելու բան է: Մազմանովի աղբոր աղջիկն ի՞նչ գործ ունի, օր էրթա ծերանոց: Ըշտը ըստեղ կապրիմ, օր մե դոմիկմ բերեն դնեն, շատ շնորհակալ կեղնիմ: Ես ուրիշ բան չեմ ուզե»:

Հետո հանկարծակի հիշում է, որ կարտոֆիլով կարկանդակներ է պատրաստել ու ստիպում է համտեսել: «Կեր ղուրբանդ էղնիմ, իմ սարքածն է: Ես երկար տարիներ «Անուշարանն» եմ աշխատել՝ հրուշակեղենի բաժինը, վախտին լավ-լավ բաներ եմ թխել: Ես կարդացած կնիկ եմ: Եթե 18 տարեկան չնշանվեի, պատմաբան կդառնայի»,-ափսոսանքով ավելացնում է տատն ու ինձ մեկնում կարկանդակով ափսեն:

Հրաժեշտ տալիս հարցնում եմ, թե երբ է ծննդյան օրը: Ասում է, դեկտեմբերի 25-ին՝լրանում է 83 տարին: Չի նշելու, ինչպես որ Ամանորը չի նշում: Բայց գյումրեցու չկոտրված հպարտությամբ ու հյուրընկալությամբ ասում է. «Համեցեք, դուռս բաց է: Լավ մարդկանց համար տանս դուռը միշտ է բաց»:

Լուսանկարները՝ Սառա Անջարգոլյանի 

Մեկնաբանություններ (2)

hay_mard
Xndrum em tarmadrel hastse
Երանուհի Սողոյան
Եթե ձեզ դժվար չէ զանգահարեք -ի խմբագրություն եւ ստացեք իմ հեռախոսահամարը: Ես ձեզ կօգնեմ հանդիպել Փեփրոնե տատի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter