HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մերկ ճշմարտություն մատուցելը շատ բարդ աշխատանք է

Արտակի արվեստանոցում որոշակի կարգուկանոն կար, որ զարմացրեց ինձ: Երիտասարդ գեղանկարիչը, տեսնելով հարցական հայացքս, ծիծաղում է. «Սովորաբար շատ թափթփված է լինում, ինչպես բոլոր նկարիչների արվեստանոցներում՝ ներկեր, վրձիններ, կտավներ: Ձեր գալու կապակցությամբ եմ խնդրել քրոջս, որ հավաքի, կարգի բերի արվեստանոցը»:

Պատերին գրություններ են: Բացատրում է, որ ցանկացած այցելու, ով առաջին անգամ է ոտք դնում իր արվեստանոց՝ հեռանալիս պետք է մի հուշ թողնի, անպայման որեւէ բան պիտի գրի՝ մաղթանք, ցանկություն կամ թեկուզ միայն անունը: «Հետո, երբ տեղափոխվելու լինեմ Երեւան, դրանք հանելու եմ պատից, տեխնոլոգիային տիրապետում եմ: Կտեղադրեմ շրջանակի մեջ ու հետս կտանեմ, որպես հուշ,- ասում է Արտակն ու ավելացնում,- դուք էլ անպայման մի բան պիտի գրեք, չէ որ առաջին անգամն եք: Իմ արվեստանոցում իրենց «հետքն» են թողել նաեւ Քիքին ու Սեւը, մի բան, որ երեւի բաց աչքերով էլ չկարողանայի երեւակայել, թե նրանց նման արվեստագետները մի օր կայցելեն իմ արվեստանոց ու անգամ կգիշերեն իմ տանը»:

Փոքրիկ արվեստանոցի մի հատվածն ամբողջովին զբաղեցրել է մերկ կնոջ պատկերով կտավը, որն հիշեցնում է ինձ Վերածննդի վենետիկյան գեղանկարի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչ, իտալացի գեղանկարիչ Ջորջոնեի «Քնած Վեներա»-ն: Արտակի «Վեներան» արթուն է, պարզապես թիկն տված հանգստանում է՝ թեպետ բերանի անկյուններում ծվարած լարվածությունը, որ փոխանցվել է ամբողջ դեմքին, խոսում է կնոջ մեջ փոթորկվող անհանգստության ու նրան հուզող ինչ-ինչ մտքերի մասին:

Ջորջոնե, «Քնած Վեներա» կտավը, 1508-1510թթ.
Լուս.` wikipedia-ից

«Հա, բնորդուհիս լարված էր,- խոստովանում է Արտակը,- չնայած ինքն անընդհատ ասում էր, թե նորմալ է ամեն ինչ, թե լարված չէ, բայց դե ես հո տեսնում էի իրա անհանգստությունը: Որ ուշադիր նայեք, դեմքի գույնն ավելի մուգ է ստացվել, քան մարմնի գույնը: Իրա անհանգստությունը, կարմրությունը հենց դեմքի հատվածում է արտահայտվել: Ու դա բնական է: Նույն մարդու դեմքը հագուստով լրիվ այլ արտահայտություն ունի, մերկ վիճակում՝ այլ»:

Գյումրիում ստեղծագործող գեղանկարիչներից Արտակ Փիլոսյանը միակն է, որ փորձում է մերկ մարմին նկարել ու արդեն համոզվել է, որ մերկ ճշմարտություն մատուցելը շատ բարդ աշխատանք է: Գյումրիում դեռ չի գտել մեկին, ով կհամաձայնվեր անգամ վճարի դիմաց որպես բնորդ մերկանալ:

«Ռուսաստանում շատ հեշտ էր: Աղջիկներն իրենք էին առաջարկում նկարվել: Այս բնորդուհիս Երեւանից է: Էնտեղ էլ եմ դժվարություններ ունեցել: Շատերը չեն համաձայնվում, որ դեմքը երեւա, մի մասն էլ խնդրում է նկարելուց հետո փոխել դեմքը, բայց դա ինձ համար կեղծիք է, ու ես սովորաբար մերժում եմ այդ պահանջը,- ասում է Արտակը,- իհարկե, լավ կլիներ, եթե բնորդներ գտնեի տեղում: Երեւանում ստիպված ես արվեստանոց վարձել, բնորդին վճարել, դու ինքդ ապրել: Էդպես շատ թանկ է նստում վրա»:

22-ամյա գեղանկարիչը խոստովանում է, որ մարդու մերկ մարմին նկարելու գաղափարին հակվել է շատ ավելի ուշ: Գյումրու գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին, ինչպես եւ իր շատ համակուրսեցիներ, տարված է եղել իմպրեսիոնիզմով:

«Ռենուարի գիժ էի մեկ այլ կարգի: Մեր արվեստաբանության դասախոս ընկեր Մարգարյանից անընդհատ գրքեր էի ուզում իմպրեսիոնիզմի հետեւորդների վերաբերյալ: Հետո, իհարկե, ես իմ համար բացահայտեցի, որ նույն Ռենուարն ինքն էլ կանացի մերկ մարմնի սիրահար էր, բայց էն ժամանակ դեռ էդ կողմով չէի մտածում: Ամեն ինչ սկսվեց Վերածննդի դարաշրջանի ուսումնասիրությունից: Ինձ ահավոր շատ հուզեց հումանիստական գաղափարախոսությունը: Ու ես հասկացա, որ ի վերջո երկրագնդի կենտրոնը մարդն է: Շատ շնորհակալ եմ ակադեմիայի իմ բոլոր ուսուցիչներից, ովքեր ինձ սովորեցրել են նկարել, բայց հենց ընկեր Մարգարյանի դասերն օգնեցին, որ ես ընտրեմ այն ուղղությունը, որով հիմա առաջ եմ շարժվում»:

«Հոգի եւ մարմին» երկու կտավից բաղկացած գործերը ստեղծելիս Արտակը ստիպված է եղել սկզբում ճեպանկարներ անել, իսկ աշխատանքն ավարտել լուսանկարների օգնությամբ: «Ֆոտոյի հետ աշխատելն էլ իր հետաքրքրությունն ունի, որովհետեւ ֆոտոն սահմանափակ է, մի տեսակ տափակ է ու դու սկսում ես երեւակայել մնացածն ինչ այդ պահին քեզ հասու չէ, թե ինչ կարող է լինել այդ տափակությունից այն կողմ»,- ասում Արտակը:

Արտակին ակադեմիական իր ընկերները կոչում են «հին գեղանկարիչ», սակայն տղան այդ պիտակից չի վիրավորվում: Ամեն ինչի ակունքը դասականն է: Ինքը վերադարձել է ակունքներին եւ շատ գոհ է դրանից: Ըստ Արտակի, արվեստը շատ է հեռացել իր սկզբնաղբյուրից, մի տեսակ կորցել է ինքնությունը, եւ արմատներին վերադառանալու խնդիր կա:

«Էդ տենդեցները միայն նկարչության մեջ չէ, երաժշտության, թատրոնի, երգարվեստի մեջ էլ կա, բայց քանի որ ես գեղանկարիչ եմ, երեւի խոսեմ իմ ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններից,- ասում է Արտակը,- պատկերացրեք, որ դարեր առաջ նկարիչները վերցրել նյութեր են հորինել, տեխնիկան են փնտրել-գտել իրենց համար, գործեր են ստեղծել, որ մինչեւ օրս իրանց խորհրդավորությամբ, առեղծվածով գրավում են մարդկանց: Իսկ հիմա շատ հանգիստ մարդիկ կվերցնեն ցեխ կամ մազութ, էդ մազութը որ ասում եմ, կարդացողը կհասկանա, ես անուն չեմ տա, ու ինչ որ միրգը թաթախելով մազութի մեջ, կհանեն կկախեն պատից՝ ասելով, սա ժամանակակից արվեստ է: Ուզում եմ ասել, որ եթե դու պիտի նկարես մարդ, նկարի էդ մարդուն, մի նկարի բադրիջան»:

«Նույն գեղանկարիչը, որ ընդունվում է Գեղարվեստի պետական ակադեմիա, ստանում է բոլոնյան ծրագրին համապատասխան բարդ ուսում, ավարտում է այն, հետո սարդը բռնում, ճզմում-գցում է կտավի վրա ու ասում է, սա արվեստի գործ է: Նման մտածողության արդյունքում տուժում է էն համով ու հասուն գեղանկարչությունը, որը տարիների, դարերի ընթացքում ստեղծվել է,-շարունակում է Արտակը՝ ոգեւորված թափահարելով ձեռքերը, կարծես կռվելով աներեւույթ թշնամու դեմ,- դրա փոխարեն էսօր Միլոսյան Վեներայի կողքին տանում են, շատ ներողություն, դնում են տուալետի ունիտազն ու համեմատում են: Ներվայնացնող հանգամանք է, երբ գեղեցկության կողքը կեղտ ես դնում: Բոլորին էլ պարզ է, թե ունիտազն ինչի համար է, գաղափարը որն է: Այ, դրա համար էլ տանել չեմ կարողանում «ժամանակակից արվեստ» կոչվածը»:

Ընբես բան նկարե, օր մարդիկ մտնին ելնին, ըսեն էս տունը նկարիչ կա

Արտակի արվեստանոցը երկհարկանի տան սենյակներից մեկն է: Այնտեղ հասնելու համար հարկ է անցնել հյուրասենյակով, որտեղ պատերից մեկը զարդարված է մի մեծ կտավով: «Ռուբենսի «Խնջույք Մատթեոսի տանը» կտավի կրկնօրինակումն է: Հայտնի նկարիչների գործերի կրկնօրինակումները շատ են օգնում հասկանալ նրանց տեխնիկան, մտածողությունը, ասում է Արտակը: Առաջին գործը, որ կրկնօրինակել է, Ռեմբրանդի «Տատիկի դիմանկարն» էր. «Ռուբենսի այս գործը սկսել եմ երկու տարի առաջ, հորական պապիս ցանկությամբ: Ինձ շատ էր ասում, թե «տղա ջան, ընբես բան նկարե, օր մարդիկ մտնին ելնին, ըսեն էս տունը նկարիչ կա, ոչ թե խզբզող»:

Կրկնօրինակելիս հաճախակի է վեճեր ունեցել պապիկի հետ: Վերջինս անընդհատ դժգոհել է թոռից, որ լավ չի նկարում: Ի վերջո, պայմանավորվել են, որ Արտակը կավարտի գործը, իսկ այդ ընթացքում պապը պիտի խոստանա չմիջամտել իր դժգոհություններով: «Հետո երբ ավարտեցի, այնքան էր հավանել, որ էլ ազգ, բարեկամ, հարեւան չմնաց, որ չկանչեր տուն ու ցույց չտար»,- հիշում է կտավի ստեղծման պատմությունը երիտասարդ գեղանկարիչը:

Արտակը սիրով է հիշում հորական եւ մորական պապիկներին, որոնք եղել են արվեստի հանդեպ սեր սերմանած երկու կարեւոր մարդիկ իր կյանքում: «Նկարել սկսել եմ 4 տարեկանից; Փոքր ժամանակ գլուխս էի գցել, որ ուզում եմ ֆուտբոլիստ դառնամ: Մորական պապիկս էլ՝ թե դու ինչ ֆուտբոլիստ, քեզնից ֆուտբոլիստ դուրս չի գա, դու պիտի նկարիչ դառնաս: Ամեն տարի ծննդյանս օրը պապիկներս հիմնականում վրձին, թուղթ ու ներկեր էին նվիրում: Երկուսն էլ մահացել են, բայց ես շատ երախտապարտ եմ իրանց, որ այսօր ունեմ գեղանկարչի կոչում: Շատ ու շատ բաների համար հենց պապիկներիս եմ պարտական»,- ասում է Արտակը:

Առաջին ցուցահանդեսը Ախուրյանի «Հեքիաթ» նախակրթարանում էր: Տնօրեն Ռուզաննա Բաբուջյանը որոշել էր իր շնորհալի սանի նկարների ցուցադրությունն անձամբ կազմակերպել: Այդ ժամանակ Արտակն ընդամենը 14 տարեկան էր: Ցուցահանդեսը կոչվում էր «Աշխարհն իմ պատուհանից»:

«Ինչ նկարել, չէի նկարել, թեկուզ սեւագրության թղթի վրա մի հատ ծաղիկ, ներկայացրել էի ցուցահանդեսին,- ծիծաղելով պատմում է Արտակը,- շատ էի ոգեւորված ու հիշում եմ, որ մուտքը գումարով էինք դրել: Սիմվոլիկ գումար էր, հիմա չեմ հիշում ինչքան էր հավաքվել, բայց էնքան էր, որ ցուցահանդեսից հետո գնացինք մեկ կգ պաղպաղակ գնեցինք ու երեք ընկերով կերանք»:

Արտակն իր ստեղծագործություններով մասնակցել է նաեւ «Ռեալ-արտ» նախագծի երեք ցուցահանդեսներին: Միակ դասական նկարիչն է, ում կտավներից մեկը, որ դիմանկար էր, ցուցադրվել է անցյալ տարի կազմակերպված Գյումրու Բիենալեին: Առաջիկայում պատրաստվում է թերեւս եղածներից ամենապատասխանատուին:

«Այս բոլոր ցուցահանդեսները ուսանողական են, հիմա թերեւս ավելի լուրջ քայլ եմ պատրաստվում անել,- ասում է Արտակը,- «Մերկ մարմին» խորագիրը կրող ցուցահանդեսի առաջարկը նկարիչ Արման Գրիգորյանինն է: Միայն մերկ կանանց չեմ նկարելու, կլինեն նաեւ մերկ տղամարդիկ: Առաջին բնորդս հենց Արման Գրիգորյանն է: Ինքն անձամբ ցանկացավ, որ ես իրեն նկարեմ»:

Հարցնում եմ, թե որտեղ է տեսնում իր ապագան Արտակը: «Ես շատ կուզենայի պատասխանել Գյումրիում, բայց անհնար է: Եթե արվեստի ու արհեստի քաղաքին կպցնում են «կրիմինալի քաղաք» պիտակը, ինչ ապագա կարող է ունենալ արվեստագետն այդտեղ»,- Արտակի ձայնի մեջ ափսոսանքի երանգներ եմ նկատում: Ասում է, թե հազար թելերով կապված է Գյումրիին, անգամ երկրաշարժին նվիրված կտավների շարքը, որ ստեղծում էր, ձեռքը չբարձրացավ ավերակներ նկարելու:

«Ես նկարել էի ապագայի իմ պատկերացրած Գյումրին: Իմ նկարներում հետաքրքիր ճարտարապետական շենքեր կային՝ կառուցված նույն «դոմիկներից»: Ես երկրաշարժից 3 տարի հետո եմ ծնվել,- պատմում է Արտակը,- հայրս լուսանկարիչ, է ու շատ կադրեր, որ ֆիքսել է այդ օրերին, մինչեւ հիմա նայելիս, սարսուռ եմ զգում: Ես տնակային մանկապարտեզ ու դպրոց եմ հաճախել, սակայն կարծում եմ, որ իրական արհավիրքն ավելի լավ կարող են բացատրել միայն այն զգացած ու ապրած մարդիկ: Իմ սերունդը դրա հետեւանքները կրողն է»:

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (3)

Արաքս Մարգարյան
Շնորհակալ եմ Երանուհի ջան, հրաշալի նյութի ու նկարիչների ներաշխարհ ներթափանցելու համար: Հուսով եմ, քո հոդվածը կոգևորի և նոր ուժեր կտա ստեղծագործելու:
Մելիքսեթ Փիլոսյան
Արտ ջան ես 2 բառով կասեմ ասելիքս, ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶԱՆՈՎ...
Armine
Դու լրացնում ես այն բացը, որը թողնում է ՛՛ժամանակակից՛՛ արվեստը!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter