HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժաժքից հետո». աղբանոցը նրանց վառելիքի աղբյուրն է

Երկրաշարժից 25 տարի անց

Տիկին Նինան մեզ ներս է հրավիրում: Ուզում ենք նստել, զգուշացնում է. «Ըդտեղ միք նստի, կընգնիք»: Տեղափոխում է մեզ մեկ այլ տեղ:

Նինա և Լևոն Բարսեղյանները 25 տարի է, ինչ ապրում են Գյումրու ավտոկայանին հարող տնակային ավանում՝ վագոն-տնակում: Նրանք կորցրել են իրենց տունը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի օրը:

Նինա Բարսեղյանը 63 տարեկան է: Որպեսզի ձմռանը տաքանան, աղբանոցներից վառելիք է հավաքում և բերում տուն: Բացի նրանից, որ տնակի մուտքի մոտ է հավաքում աղբանոցներից հավաքած վառելիքը, տնակի սենյակներն էլ է հատկացրել դրան:  

Դա է նաև պատճառը, որ նրանց տնակում առնետները ազատ ելումուտ ունեն և խանգարնում են նաև նրանց գիշերվա քունը. «Կռիսները մեզի կուտեն, կելնեն գիշերները թռնինկը վրեքներս: Պապի թոշակը կստանամ, սաղ դեղի փող կուտամ, բերեմ դնեմկը, տիա դուզաղը դրած է կռիսի, հնար չկա»,- պատմում է Նինան:

Ամուսինը՝ 65-ամյա Լևոն Բարսեղյանը արդեն հինգ տարի է կորցրել է տեսողությունը և տնակից գրեթե դուրս չի գալիս:


Երկու երեխա են ունցել Բարսեղյանները: Մեկը մահացել է 9 տարի առաջ՝ «ոսկու ցեխում»  տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Երկրորդն իր ընտանիքի հետ ապրում է Շիրակի մարզի Առափի գյուղի վագոն-տնակում և հազիվ է հոգում իր ընտանիքի կարիքները:

Երկու ամիս է՝ Նինա և Լևոն Բարսեղյանները նպաստ են ստանում: Մթերքով նրանց օգնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն:

Նրանց ողջ օրվա զբաղմունքը թոշակով գնված հին ռադիոընդունիչն է: Նրանք քնում են մութն ընկնելու պես կամ ժամը 20:00-ի լուրերից հետո: Արթնանում են գիշերով` առնետների «հարձակումից»:  

Լողանալու համար պայմաններ չունեն: «Տաշտը կդնեմ, պապին ընդեղ կլողցնեմ, գարունը դրսի ջրով կլողնանք, ձմեռն էլ փեչքը կվառենք, կլողնանք»,- ասում է տիկին Նինան:  

Բարսեղյանները երկրաշարժի ժամանակ կորցրել են մեկսենյականոց բնակարան: Կառավարությունը նրանց տվել է մեկսենյականոցի սերտիֆիկատ: Սակայն Բարսեղյանները հրաժարվել են սերտիֆիկատից, քանզի այդ ժամանակ նրանց ընտանիքը 10 անդամից է բաղկացած եղել:  «Հարս, թոռնիկ, բան, ի՞նչղ յոլա էրթայինք,- ասում է տիկին Նինան և քիչ անց ավելացնում,- սերտիֆիկատ կուտային, դե ըդիկ ով պիտի էրթար գործարքի մեջ դներ»: 

Տիկին Նինայի պատմածից դժվարությամբ ենք հասկանում, թե ի վերջո բնակարան ստացողների ցուցակում հերթագրված են, թե ոչ: «Ես կորցրել եմ, չեմ օգտվե պետությունից, էլի հույս ունիմ»,- ասում է տիկին Նինան:

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter