HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Թումանյան եւ Բըրնս` երկու սարի տղերք. ավագ «Բամբիռը» ներկայացրեց իր նոր ալբոմը (վիդեո)

«Բամբիռ» լեգենդար ֆոլք-ռոք խմբի ավագ սերունդը` «Armenian Scotch» անվանումով նոր ալբոմ է ձայնագրել, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Շնորհանդեսին հաջորդեց «Բամբիռի» կենդանի համերգը թանգարանի բակում:

Ալբոմը նվիրված է հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 եւ շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին:

«Armenian Scotch»-ը «Բամբիռի» 4-րդ ձայնասկավառակն է, որտեղ տեղ են գտել երկու բանաստեղծների ստեղծագործությունները: 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը, ում ավելի շատ ճանաչում են Ջագ անունով:

 CD-ի ձայնագրություններում մասնակցել են այսօր արդեն ռոք երաժշտության երկրպագուների շրջանում մեծ ճանաչում վայելող «Բամբիռի» երիտասարդ սերնդի տղաները:

Խմբի ստեղծած երաժշտության մեջ կելտական մոտիվներ միշտ էլ նկատվել են: Պարզվում է` Շոտլանդիան եւ Հայաստանն իրենց լանդշաֆտներով նման են, ինչպես նաեւ ունեն երկու պոետներ, որոնք իրար համահունչ են` Ռոբերտ  Բըրնս եւ Հովհաննես Թումանյան: Այս ալբոմում երիտասարդ սերնդի «Բամբիռի» կիթառահար եւ վոկալիստ Նարեկ Բարսեղյանի խոսքերով` համադրել են Բըրնսի կելտական լադերը եւ Թումանյանի հայկական լադերը, որպեսզի երկու գյուղի պատմություն երեւա`Շոտլանդիայի Ալովեյը, որտեղ ծնվել է Բըրնսը եւ Դսեղը` Թումանյանի ծննդավայրը:

Ջագն իր հերթին պոետներին բնորոշեց այսպես` «երկուսն իրար շատ նման են, երկուսն էլ լեռնեցի, երկուսն էլ ռոք-այր, սարի տղերք»:

«Բամբիռ» ֆոլկ-ռոք խումբը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Խումբը հիմնականում կատարում է Ջագի երգերը` ֆոլկ-ռոք ոճով: Տարբեր տարիների ընթացքում խմբում նվագել են ավելի քան 30 երաժիշտներ:

««Բամբիռ» խումբը մենք բոլորս գիտենք ինչքան յուրահատուկ է: Հնի ու նորի խառնուրդը, ներդաշնակությունը, շարունակությունը, Գյումրին, իր համն ու հոտն իմ մեջ միշտ յուրահատուկ տեղ են գտել»,- ասաց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ով աջակցել է ձայներիզի թողարկմանը:

Մշակույթի նախարարությունը Ջագի համար անակնկալ էր պատրաստել: Նախարարության ներկայացուցիչը Հասմիկ Պողոսյանի անունից հայ ժամանակակից երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ «Բամբիռ» խմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter