HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տեր Վահրամ Մելիքյան. «Որևէ տարբերություն չկա՝ նոր կառուցվող եկեղեցու և հին տաճարի նորոգման հարցում»

Այսօր լրագրողները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանին խնդրեցին ներկայացնել, թե որն է եկեղեցու համար առաջնահերթ խնդիր. վերականգնել հայ միջնադարյան եկեղեցինե՞րը, որոնք փլուզման եզրին են, թե՞ կառուցել նոր եկեղեցիներ:

-Այսօր մարզերում կան 5-րդ, 7-րդ դարի եկեղեցիներ, որոնք գտնվում են իրոք անմխիթար վիճակում, ու մի թեթև երկրաշարժից կարող են լրիվ ոչնչանալ, բայց շատ մեծ արժեք ունեն: Ու այդ եկեղեցիներին հենց կողք կողքի կառուցվում են նոր եկեղեցիներ: Ինչո՞ւ չվերանորոգել հինը:

-Զատորոշեք նոր եկեղեցիների կառուցման խնդիրը և հին պատմական վանքերի և եկեղեցիների նորոգման խնդիրը: Երբեք մեկի միջոցը չի կարող նպատակաուղղվել մյուսին: Դրանք տարբեր խնդիրներ են և կապակցված չեն. պետք է առանձին դիտարկել այդ հարցը: Այսինքն՝ այդ մեղադրանքները, որ հնչում են, երբեք և երբեք հիմնավոր չեն:

-Ոչ թե բարերարի, այլ ձեր որդեգրած սկզբունքը ո՞րն է, առաջնահերթությունը ինչի՞ն է տրվում՝ վերանորոգել հները, թե՞ կառուցել նորը: Oրինակ՝ առաջնահերթությո՞ւն էր Աննա եկեղեցին կառուցել Երևանում, որտեղ հաստատ եկեղեցու կարիք չկար, թե՞, ասենք, Հաղարծինը կամ Սանահինը վերականգնել:

-Սկզբունքը հետևյալն է. Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հետամուտ է նոր եկեղեցիների կառուցման այն վայրերում, որտեղ եկեղեցու անհրաժեշտություն է նկատվում: Օրինակ՝ եթե Թբիլիսին ունի 98 եկեղեցի և դրանից բացի՝ Սբ. Երրորդություն տաճարն էլ կառուցեց, որը տարածաշրջանում ամենաշքեղ և ամենաբարձր տաճարն է՝ այդքան ներդրումներ կատարելով, ապա Երևանի պարագային, որը իր բնակչությամբ ընդամենը 100 հազարով է զիջում Թբիլիսիին, կարծում եմ՝ 15 եկեղեցիները բավարար չեն, և կան թաղամասեր, որ բացարձակ եկեղեցի չունեն և դառնում են ուղղակի տարբեր կրողական կազմակերպությունների և աղանդավորական հոսանքների որջեր:

Ինչ վերաբերում է պատմական վանքերին, դրանք էլ մի ուրիշ խնդիր է, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ոչ պակաս ուշադրության ներքո է, և հնարավոր բոլոր միջոցներն էլ և հայթայթվում են, և նաև փորձ է արվում համագործակցել թե միջազգային կազմակերպությունների, թե հայկական կազմակերպությունների և թե պատկան պետական մարմինների հետ:

-Առաջնահերթությունը ո՞րն է, այնուամենայնիվ:

-Երկու ուղղություններն էլ առաջնային են մեզ համար, և որևէ տարբերություն չկա՝ նոր կառուցվող եկեղեցու և հին տաճարի նորոգման հարցում:

-Արդյոք Մայր Աթոռը, կաթողիկոսը այնքան ուժ չունե՞ն, որ բարերարներին համոզեն, հուշեն, որ միլիոնավոր դոլարներով ոչ թե Երևանի կենտրոնում եկեղեցի կառուցեն, այլ, ասենք, Հաղարծինը կամ Սանահինը վերանորոգեն և մնացած մեր վանքերը:

-Յուրաքանչյուր անհատ, ով պատրաստակամություն է հայտնում բարերարություն անելու, ինքն է վճռում: Վեհափառ Հայրապետի կողմից բարերարներին ներկայացվում են տարբեր ծրագրեր, նախագծեր, որոնք իրենք կարող են հովանավորել: Պարտադրել բարերարի, որը ցանկություն ունի Երևանի օրինակ որևէ թաղամասում, կամ Սևան քաղաքում, կամ Դիլիջան քաղաքում նոր եկեղեցի կառուցել, քանի որ այնտեղ եկեղեցի չկա, և ասել՝ «չէ, պետք է այդպիսի ցանկություն չարտահայտես, և քո գումարները պետք է ուղղորդվեն այս վանքի կամ այս եկեղեցու նորոգությանը», եթե հնարավոր է լինում, ապա կատարվում է:

Բայց միշտ չէ, որ մենք կարողանում ենք համոզել բարերարներին, որ իրենց մտադրությունից ետ կանգնեն: Ի վերջո, մարդիկ երբեմն ուխտ են կատարում, երբեմն իրենց ցանկությունը իրենց համար նվիրական է, և մենք պետք է հարգենք իրենց ցանկությունը:

-Այսինքն՝ բարերարի ցանկությունը նվիրական է, Երևանում որտեղ ցանկանա, եկեղեցի՞ կարող է կառուցել՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու:

-Ոչ, որտեղ ցանկանա՝ չէ:

-Այդպես է ստացվում:

-Այդպես չի ստացվում: Մարդիկ ցանկություն են հայտնում նոր տաճար կառուցելու, մարդիկ ցանկություն են հայտնում՝ Նորավանքը նորոգելու: Եվ ըստ այդմ Վեհափառ Հայրապետը իրենց առաջարկներ է ներկայացնում: Շատ թաղամասեր կան Երևանում, որտեղ եկեղեցիներ չունեն, սակայն հողահատկացումները կատարված են, և այդ հողահատկացման հիման վրա այդ տարածքը տրամադրվում է՝ եկեղեցի կառուցելու, ոչ թե որ որտեղ ցանկանան: Չէ, վաղը ձեր բակում եկեղեցի եթե ցանկանան կառուցել, չեն գա կառուցի:

-Բարերարը բոլոր դեպքերում ուզում է լավություն անել, իր լուման ներդնել եկեղեցաշինության մեջ: Ուղղորդեք նրան:

-Այդ ուղղորդումը կատարվում է:

-Մենք ընդամենը ուզում ենք, որ մեր եկեղեցու կարծիքը շատ ավելի հզոր լինի, քան բարերարինը, և եկեղեցին նրան ասի, որ «դու ավելի օգտակար գործ կանես, եթե հինը նորոգես և ոչ թե նորը կառուցես»:

-Եկեղեցին որպեսզի հզոր լինի, դուք պետք է նպաստեք այդ հզորությանը և ոչ թե նմանօրինակ քննարկումներով, ընդհակառակը, ավելի վարկաբեկվի եկեղեցին, և անհեթեթ հայտարարություններ կատարվեն:

-Առողջ քննադատությունը միշտ օգնում է ուղղվելու:

-Այո, բայց անառողջ քննադատության այսօր կա:

Մեկնաբանություններ (6)

Karen
6 HK -in ! hayr...... , te inchu es anund taqcnum, chgitem, erevi amachum es, baic qo tex@ lineyi korektutyun kcucabereyi, chnayac Ktrichi sevani dprevanq-i achecrac sermeric ov a normal ban tesel vor ??
ՀԿ
Ես չափազանց մեծ հիասթափություն եմ ունենում տեսնելով բազմաթիվ այսպես կոչված , որոնք իրականում եկեղեցու հանդեպ նախանձով լցված արարածներ են, ձեզ եմ ուղղում խոսքս, դու նման եք ոչխարների, ովքեր կուրորեն հետևում են այծին, անկախ այծի ընտրած ճանապարհից, մի փոքր ինքնուրույնություն ունեցեք և մտածելու ունակություն, թեպետ վերջիններս մարդուն հատուկ հատկանիշներ են, իսկ նման բան մենք անբան արարածներից չենք կարող պահանջել: օրինակ, Սարգիս կոչեցյալ, Դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ պահանջում ես Գերագույն Հոգևոր Խորհրդի կազմը հրապարակել, թեպետ եթե մի փոքր քաջատեղյակ լինեիր, կիմանայիր, որ կազմը ամեն տարի հրապարակվում է Մայր Աթոռի օրացույցի մեջ, նմանատիպ կենդանիներ շատ են ովքեր ցանկացել են ցույց տալ, որ իրենք էլ են մարդ, ավաղ, չհաջողված փորձ
Սարգիս
Խնդրում եմ Ձեզ հրապարակել Գերագույն հոգևոր խորհրդի կազմը: Դրանից հետո կրոնական չինովնիկների գործելակերպի մասին միայն կարող ենք ասել no comment!!!
ASD
LSI AYY VAHRAMIK
հեկհեկ
Լավ կլիներ, որ կաթողիկոսը առաջինն իր հոգու տաճարը մաքրեր և կառուցեր, սիրելի տեր հայր տեղեկատվական համակարգի տնօրեն համարձակություն ունես տեղեկացնելու՟
Karen
Qahanan sovorakan demagogiaov e zbaxvats ! mardik amen inch tesnum en u giten ! kariq chka toz pchelu.... isk HETQ-i harcer@ shat lavn ein !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter