HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հրանտ Մաթևոսյան և Անդրեյ Բիտով. նույնի և ուրիշի միջև

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Շատե՞րն են ուշադրություն դարձրել այն բանին, որ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքում սխալ է վերապատմվում «Գոմեշը»: Եւ խոսքը ինչ-որ մանրամասնության մասին չէ կամ անկարեւոր հանգամանքի, որ կարող էր վրիպել ընթերցողի ուշադրությունից կամ մոռացվել. Մաթեւոսյանի պատմվածքի բովանդակությունը ներկայացնող մի քանի տողանոց այդ հատվածում մանրամասներ չեն էլ հիշատակվում: Միեւնույն ժամանակ, պատմողն ընդգծում է, որ ինքն «իր ընկերոջ» այդ ստեղծագործության մեծ երկրպագուն է:

Այդուհանդերձ, սխալը վերաբերում է պատմվածքի հիմնական իրադարձությանը. «…ինչպես մի գոմեշ մի գյուղում, որտեղ էլ գոմշացուլ չի մնացել, վաղ առավոտյան, թողնելով պառավ նանին, Հայաստանի սարերով գնում է գյուղից գյուղ, որտեղ նույնպես չկան գոմշացուլեր: Համակված անհասկանալի ու գեղեցիկ թախծով` նա քայլում է այդ հրաշալի երկրով, որտեղ գոմշացուլեր չկան. եւ այդ ամենը` միայն նրա (գոմեշի) միջոցով, բույրերի, պարզ պատկերների ու ձայների միջոցով: Եւ թե ինչպես նա գոմշացուլ չի գտնում եւ վերադառնում է»:

Հաճախ գոմեշի բնազդներով, զգայություններով ու տպավորությունններով առաջնորդվող պատումի մեջ շատ եզրակացություններ տեքստից դուրս են մնում, թողնվում են ընթերցողին: Չի բացառվում, որ կլինեն եզրակացություններ, որոնք հետադարձ ազդեցությամբ աննկատելիորեն կփոխեն կամ կխմբագրեն պատմվածքի սյուժեն:

«Հղիանալն անցյալ անգամ էլ դժվար եղավ»,- հիշում է ճանապարհի վրա պատահաբար գոմեշին հանդիպած, լեհ զբոսաշրջիկներին ուղեկցող Երվանդ Խաչատրյանը: Այս անգամ հղիանալը կարող էր եւ չլինել. պատմվածքի ընդհանուր տրամադրությունը (եւ տրամաբանությունը) ավելի շատ հենց այդ է հուշում, եւ նման ելքը ընթերցողին կարող է թվալ ավելի բնական:

Հովվերգական տրամադրությունների եւ ընկալումների, լավատեսական մուտքի եւ ելքի հետ միասին, պատմվածքում առկա է ընդհանուր վտանգի, տագնապահարույց փոխակերպումների ու միտումների հստակ զգացողություն… Այսպիսով, ունենք պարադոքսային իրադրություն: Բիտովի շարադրանքի մեջ գտնում ենք «հրաշալի երկիր», որտեղ գոմեշը գոմշացուլ չի գտնում եւ չի հղիանում: Մինչդեռ Մաթեւոսյանի մոտ իրավիճակը շոշափելիորեն տարբեր է. հակառակ բոլոր անբարենպաստ հանգամանքներին ու տագնապալի իրողություններին` գոմեշը հասնում է նպատակին` հղիանում է:

Գոմեշը` «ազգային այլաբանությո՞ւն»

Պարզաբանելու համար այս անհամապատասխանությունը` տեղին է հիշել մի հատված Մաթեւոսյանի «Ինքնանկարի փորձ» («Ի սկզբանե էր բանն…») էսսեից, որում, ըստ էության, ձեւակերպվում է մի բան, որ ընդունված է անվանել «ստեղծագործական սկզբունք». «…ինձ դուր են գալիս ազգային բոլոր մշակույթներից այն մշակույթները եւ այդ մշակույթների մեջ հատկապես այն արվեստագետները… որոնք նախաստեղծ քաոսը տեսքի եւ հավասարակշռության են բերում` իրենց վերստեղծվող աշխարհից վտարելով վթարային հնչյունը, գույնը, ձեւը, ասես նույնիսկ վախենալով վթարային իրավիճակի ընկալումից եւ առավել եւս արտացոլումից»:

Այս սկզբունքային տեսանկյունից դիտված` գոմեշի հղիանալուն կարելի է վերագրել գաղափարաբանական նշանակություն. այն թույլ է տալիս, շրջանցելով իրողությունների ռեալիստական թելադրանքը, խուսափել «վթարային վիճակը» արտացոլելու անհրաժեշտությունից: Առիթ եմ ունեցել, բնութագրելու համար «Խումհար»-ի գլխավոր հերոսին, մեջբերել ամերիկացի տեսաբան Ֆ. Ջեյմիսոնի միտքը, որ նա արտահայտում է Երրորդ աշխարհի գրականությանը նվիրված իր հոդվածում: Ջեյմիսոնը պնդում է, որ Երրորդ աշխարհի տեքստերն անպայման այլաբանական են, որ դրանք պետք է ընթերցվեն որպես ազգային այլաբանություններ:

Անգամ այն դեպքում, երբ դրանք առերեւույթ միայն մասնավոր կյանքի մասին են, «անհրաժեշտաբար արտացոլում են քաղաքական չափումը ազգային այլաբանության ձեւով. մասնավոր անհատի ճակատագրի պատմությունը միշտ այլաբանությունն է հանրային մշակույթի եւ հասարակական իրադրության»: Ես պնդել եմ, թե սա ճիշտ է «Խումհար»-ի հերոսի` Մնացականյանի դեպքում, եւ հիմա ենթադրություն եմ անում, թե այս միտքը կարող է կիրառվել նաեւ «Գոմեշը» պատմվածքի հերոսի` Սաթիկ գոմեշի նկատմամբ, որ գոմեշի «անհատական ճակատագրի պատմությունը» եւս անխուսափելիորեն արտացոլում է 1960-ականների խորհրդահայ մշակութային եւ հասարակական իրադրության կարեւոր կողմեր:

Ուստի, կարծում եմ, որ առանց չափազանցության գոմեշի հղիանալը կարող է մեկնաբանվել որպես նշմարվող սպառնալիքների պայմաններում ազգային վերապրումի հնարավորությունը հավաստելու, գուցե նույնիսկ գրությամբ ինչ-որ բան իրագործելու ցանկության արտահայտություն:

Եթե իմ ենթադրությունը ճիշտ է, ապա էլ ավելի հասկանալի է դառնում Մաթեւոսյանի «կանխակալ» մեկնաբանությունը, ինչպես նաեւ այն, որ հակառակ «ավանդական ռուսական ընդունակության` տոգորվելու օտար գոյությամբ» եւ 1960-ականների «նույն սերնդին» պատկանող երկու գրողների ջերմ բարեկամությանը` այդ դիրքորոշումը կարող էր չընկալվել Բիտովի կողմից:

Մյուս կողմից` պատմվածքում ի հայտ եկող տագնապալի իրադրությունը եւ համապատասխան քննադատական շեշտադրումները ակնհայտորեն դուրս են գալիս տեղային եւ ազգային շրջանակներից: Թեեւ շատ դեպքերում այդ քննադատության թիրախները պարզ երեւում են` արդյունաբերացում եւ ուրբանացում, եւ դրան զուգահեռ` գյուղի ամայացում եւ այլ ճակատագրական հետեւանքներ, այդուհանդերձ այն ուղղված է ոչ միայն խորհրդային արդիականացման ընթացքին, այլեւ ի ցույց է դնում տեխնոլոգիականացման աղետալի համամոլորակային ընթացքը:

Ահա մի բնութագրական հատված. «Արահետի վրա մի տղա եւ երեք աղջիկ էին նստել… Մերկ, թուխ, գոհ ու հանգած… Հայտնի չէր, թե ովքեր են նրանք, որտեղից էին գալիս այդ լճի ջրերը, որտեղից էր բերված ավազը… Նրանց զգայարաններում այդ լիճը ճիշտ տեղին էր բացված, ավազը հարմար էր փռված, հեռու դաշտերում մեքենաները հաց ու ձկնկիթ էին անում, բժշկուհիների սպիտակ գումարտակները խածում էին երեխաների թմբլիկ թեւերը, դեսպանները թարմ թաշկինակներ էին խոթում բաճկոնների գրպանները, գազամուղները գազ էին քշում տափաստաններով ու կիրճերով, եւ այդ ամբողջը նրա համար էր, որ նախաստեղծ իրողությունների բազմության խառնուրդից իրենք համբարձեն ժամանակի ու հողագնդի իմաստը արեւային համակարգության մեջ: Իսկ նրանց արգանդներն ու ողնաշարները այդպես սմքում էին ժամանակի տարտամ գոյությունից»:

Վերջին նախադասությունն ուղղակիորեն վկայակոչում է պատմվածքի հիմնական թեման` հղիանալու, գոյության շարունակության` արդեն կասկածի տակ հայտնված կարողության թեման: Բայց պատմվածքում կա շատ ավելին: Ջուրն անմատչելի դարձնող թուջե կափարիչն ու մետաղյա խողովակները, հողը ծածկող բետոնն ու ասֆալտը, ի վերջո` գոմշացուլերի անհետացումը, ընդամենը գոմեշի կյանքը բարդացնող տեխնոլոգիական միջամտություններ կամ դրանց հետեւանքները չեն:

Բնությունը վերածվում է պաշարների, մարդը` դրանք արդյունավետորեն կառավարելու կարողության: Տեխնոլոգիական նոր դրվածքի պայմաններում ամեն ինչի ներկայությունը որոշվում է` ըստ շահագործման եւ առաքման, կուտակման եւ վերափոխման տրամաբանության: Օտարվում, բնազուրկ են դառնում տարերքն ու արարածները… (Այստեղ չունենալով այս հարցերի մանրամասն քննարկման հնարավորությունը` նկատեմ միայն, որ «Գոմեշը» պատմվածքի` տեխնոլոգիական նոր իրադրությանը վերաբերող դիտարկումներն ու կռահումները ակներեւ զուգահեռներ ունեն Մարտին Հայդեգերի «Տեխնոլոգիայի մասին հարցը» նշանավոր զեկուցման որոշ թեմաների հետ):

 

Հայացք երրորդ կողմից

Շարունակում եմ «Հայաստանի դասերը»-ի թեման (թեմա, որն ակներեւ դասեր ունի հայ քննադատի համար)` անդրադառնալով Բիտովի գրքի անգլերեն թարգմանությանը եւ այդ գրքին նվիրված մի ուսումնասիրության: Գուցե խորհրդային տարիներին պետք չէր ակնկալել, որ այս գրքում լիներ ծանոթագրություն` տեղեկացնելու ընթերցողին, որ բազմիցս հիշատակվող «իմ ընկերը» այն ժամանակվա խորհրդային ընթեցողին լավ ծանոթ հայ գրող Հրանտ Մաթեւոսյանն է:

Գրական համատեքստին ծանոթ շատերին այդ բանը հայտնի էր, իսկ ուրիշների համար գուցե դա այնքան էլ կարեւոր չէր: Իսկ այսօ՞ր: Համենայն դեպս, ինձ մատչելի ետխորհրդային ռուսերեն հրատարակության մեջ նման ծանոթագրություններ չկան: Մինչդեռ, վստահ եմ, այժմ, խորհրդային ընդհանուր համատեքստի բացակայության եւ վերագտնվող ռուսական կայսերական հավակնությունների պայմաններում, այդպիսի բացատրությունները բնավ ավելորդ չեն լինի:

Հայտնի է, որ «Հայաստանի դասերը» հրատարակվել է բազմաթիվ լեզուներով: Իմ ձեռքին է այդ գրքի անգլերեն թարգմանությունը, ավելի ճիշտ` «Կովկասի գերին» ժողովածուն, որը ներառում է երկու տեքստ` «Հայաստանի դասերը» եւ «Վրացական ալբոմ»-ը (1992 թ.):

Այստեղ ամբողջովին վերականգնված են այն բոլոր հատվածները, որոնք ժամանակին դուրս է թողել խորհրդային գրաքննությունը, եւ որոնց մի մասը չի մտել անգամ ետխորհրդային ռուսերեն հրատարակություններ: Բացի Բիտովի` 1989-ին գրած նոր առաջաբանից` անգլերեն հրատարակությունը ունի թարգմանչի կարճ, բայց բավական հետաքրքրական վերջաբանը, ինչպես նաեւ ծանոթագրություններ, որոնք հիմնականում վերաբերում են գրքում առկա մեջբերումներին եւ այլ գրական իրողությունների:

Ծանոթագրություններից մեկը պարզաբանում է, որ վերջին գլխի հերոսը «հանրածանոթ նկարիչ» Մարտիրոս Սարյանն է: Այդուհանդերձ, գրքում բազմիցս հիշատակվող եւ որպես գրող բարձր գնահատվող «ընկերոջ» մասին չկա ոչ մի խոսք:

Նույն բանը տեսնում ենք ճապոնացի հետազոտողի հոդվածում (Տ. Նակամուրա, «Գրականություն եւ սահմաններ. Կովկասը ռուս գրականության մեջ»): «Հայաստանի դասերը» քննարկելիս նա նկատում է. «պատմողը ապրում էր Երեւանում մի հայ ընկերոջ տանը…»:

Այստեղ ինձ անհանգստացնողը, իհարկե, իմ վիրավորված ազգային արժանապատվությունը չէ. հասկանալի է` Մաթեւոսյանը կարող էր լինել շատ ավելի հայտնի եւ գնահատված, նրա գրքերը կարող էին հրատարակված լինել բազմաթիվ լեզուներով (շատ ավելի, քան այսօր), նրա մասին կարող էին գրված լինել փայլուն հետազոտություններ (այդ թվում, ինչ իմանաս, գուցե նաեւ հայ քննադատների կողմից), եւ այդ դեպքում ոչ ոք չէր մոռանա ասել, հիշեցնել ընթեցողին, թե Բիտովի հայ «ընկերը» նա է` Հրանտ Մաթեւոսյանը:

Մի ուրիշ հոդվածում փորձել եմ հիմնավորել, որ Բիտովի` բոլոր առումներով բացառիկ այս գիրքը զերծ չէ Կովկասի մասին ռուս գրականությանը խիստ բնորոշ օրիենտալիստական տարրերից, որ այդպիսի մշակութային ավանդության եւ Խորհրդային Միությունում ռուսական մշակութային եւ քաղաքական տիրապետության պայմաններում անհնար էր լիովին հաղթահարել այդ օրիենտալիստական կեցվածքը: Առավել եւս սա ճիշտ է բրիտանացի թարգմանչի կամ ռուս գրականության ճապոնացի հետազոտողի համար: Ի թիվս այլ բաների, այս կեցվածքը կայսրության ծայրագավառին չի վերապահում սեփական ձայն ունենալու հնարավորություն, ինքնաներկայացման լիարժեք կարողություն: Հանգամանք, որ «անտեսանելի» է դարձնում այդ կարողությունը մարմնավորող հայ գրողին:

Երկրորդ լուսանկարը` www.hrantmatevosyan.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter