HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքները աղտոտում են շրջակա միջավայրը

Ախթալա - Շամլուղ ճանապարհահատվածի առաջին կմ-ի վրա, բավականին ուղիղ ճանապարհաեզրին է թափվում Ախթալա համայնքի կեցաղային աղբը: Աղբավայրը զարհուրելի գարշահոտություն է տարածում ճանապարհի շուրջ մեկ կմ տարածքում եւ դրան հարող անտառներում:

Մեքենայով երթեւեկելիս անհնար է շնչել աղբավայրի տարածած գարշահոտությունը: Այն ռեկուլտիվացիայի չի ենթարկվում: «Ուրիշ աղբավայր չունենք: Մեր հույսն այն է, որ Ալավերդին աղբավայր սարքի, պայմանագրով վճարովի օգտվենք այդ աղբավայրից: Ի՞նչ անեմ»,- ասում է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ով աղբավայրի վտանգների մասին հրապարակումից խիստ անհանգստացած է: «Եթե գրեցիք, գալու են մի քանի միլիոն դրամ տուգանք գրեն»,- նեղսրտում էր քաղաքապետը:

Հայկազ Խաչիկյանն ասաց, որ բնապահպանական տեսչության եւ Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրել են, սակայն նորմատիվներին համապատասխան աղբավայր կառուցելու համար Ախթալայի վարչական տարածքում համապատասխան տեղ չեն կարողացել գտնել: Ինչպես փաստեց քաղաքապետը, աղբավայրի ռեկուլտիվացիայի համար համայնքը ֆինանսական միջոցներ չունի. «Տրակտոր էլ չունենք ռեկուլտիվացիայի համար»:

Տրակտոր չունենալով` իսկապես դժվար է կատարել աղբավայրի հողածածկման աշխատանքները: Կիսում ենք նաեւ Հայկազ Խաչիկյանի մտահոգությունը անհարմար տեղում տեղավորված աղբավայրի համար ամեն անգամ տուգանքներ սահմանելը, մանավանդ որ այդ տուգանքներով հարցը չի լուծվում, ընդամենը համայնքի աղքատ բյուջեից գումարները փոխանցվում են պետբյուջե: Աղբավայրի խնդիրը Լոռու մարզում միայն Ախթալայում չէ: Այստեղ սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան որեւ աղբավայր հնարավոր չէ գտնել:

Մարզկենտրոն Վանաձորի Արջուտ գյուղի հարեւանությամբ տեղավորված աղբավայրը, որին «Հետքը» արդեն անդրադարձել է, լուրջ սպառնալիք է արջուտցիների առողջության եւ շրջակա միջավայրի համար: Ալավերդին իր կենցաղային աղբը լցնում է Դեբեդ գետը: Շնողում աղբը թափվում է Շնող գետի ափամերձ տարածքներում: Ճոճկանում` Մեծ Այրում գյուղի կողմից Ճոճկան մտնող ճանապարհի լանջերին:

Մնացած համայնքների կենցաղային աղբը նույնպես թափվում է համայնքների վարչական այս կամ հատվածներում, ինչպես Ախթալայում: Բնականաբար, այնտեղ նույնպես աղբավայրերի ռեկուլտիվացիայի մասին խոսք լինել չի կարող:

Որքան էլ աղբավայրի անվտանգության խնդիրը կարեւորվում է, համայնքների աղքատ բյուջեներով ուղղակի անհնար է լուծել ժամանակակից պահանջներին համապատասխան, շրջակա միջավայրի եւ բնակչության համար անվտանգ աղբավայրերի կառուցման հարցը:

Դրա վկայություններից է սեփական աղբավայր կառուցելու` Ալավերդու քաղաքապետարանի փորձը: Նախահաշվային փաստաթղթերով շուրջ 150 մլն դրամ արժողությամբ աղբավայրի կառուցման համար քաղաքապետարանն այսօր կարող է հատկացնել ընդամենը 38 մլն դրամ:

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ալավերդու աղբավայրի նախահաշվային փաստաթղթերում աղբավայրի կայուն ջրամատակարարման խնդիրը լուծված չէ, որի դեպքում Ալավերդու նորակառույց աղբավայրը գրեթե չի տարբերվելու Հայաստանի «ավանդական» աղբավայրերից:

Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի ջանքերը միջհամայնքային աղբավայր կառուցելու ուղղությամբ առայժմ հաջողությամբ չեն պսակվում` հարեւան համայնքապետերի` գործի կարեւորությունը չգիտակցելու պատճառով:

Աղբավայրի խնդիր ունեցող համայնքների ղեկավարները Ալավերդու քաղաքապետին ֆինանսական ներդրումներով միանալու փոխարեն սպասում են նրա նախաձեռնած աղբավայրը կառուցելուց հետո պայմանագրային կարգով դրանից օգտվելուն: Կառավարությունն այդպես էլ չհասկացավ, որ աղբահանության ու աղբավայրերի խնդիրը ազգային անվտանգության հարց է, եւ դրանք լուծելու համար պետք է օգնեն համայնքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter