HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կենտրոնական բանկի հանդուգն քայլը

Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75 %: Սա այս տարվա ընթացքում ԿԲ ամենահանդուգն ու անակնկալ քայլերից մեկն է:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկավորում է առևտրային բանկերին: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության միջոցով ԿԲ-ն փորձում է ազդել բանկային տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի վրա, ինչպես նաև կառավարել գնաճը: Ութ տոկոսը բավական բարձր տոկոսադրույք է (Եվրոպայում ու ԱՄՆ-ում, օրինակ, 0.25 % է), այն սահմանվել է դեռ 2011 սեպտեմբերին ու դրանից հետո 2 տարի չէր փոխվում: Այդ պատճառով էլ հայկական դրամը միշտ էլ համարվել է թանկ փող, ի տարբերություն եվրոյի ու դոլարի:

Համարվում է, որ թանկ փողը զսպում է գնաճը, իսկ էժան փողը՝ նպաստում դրան: Երբ գնաճի տեմպը բարձր է, ԿԲ-ն թանկացնում է փողը և սեղմում պահանջարկը: Այդպես վարվեցին այս տարվա օգոստոսին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից բարձրացնելով կես տոկոսով (սահմանելով 8,5%): Սակայն գնաճն այն ժամանակ գերազանցում էր 9 %-ը: Հոկտեմբերին կրկին վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրին մինչև 8 %, իսկ ներկայում այն ավելի ցածր է:

Ի՞նչն է ստիպել ԿԲ-ին էժանացնել հայկական դրամը: Նրանց կանխատեսմամբ՝ գնաճի տեմպը կշարունակի նվազել ու արդեն տարեվերջին 5.5-6 %-ի շրջանակում կլինի: Բացի այդ՝ համաշխարհային շուկաներից գնաճային ճնշումներ չկան, իսկ գնաճը Հայաստանում կնվազի նաև առաջիկա ամիսներին:

Այս վարդագույն կանխատեսումների ներքո էլ որոշվել է էժանացնել դրամը: Սակայն, մեր կարծիքով, կա ավելի հիմնավոր պատճառ, որի մասին ԿԲ-ն լռում է: Բանն այն է, որ տոկոսադրույքները շուկայում արդեն նվազման միտում ունեն, ու դա սկսվել է պետական պարտատոմսերից: Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը վերջին 1 ամսում նվազել է միանգամից 3-4 տոկոսային կետով, այդպիսի բան չէր նկատվում արդեն 15 տարի: Պետական պարտատոմսերի տոկոսների նվազումը վաղ թե ուշ կանդրադառնա բանկային համակարգի տոկոսների վրա՝ վարկերը կտրվեն ավելի էժան, ավանդները կընդունվեն ավելի ցածր տոկոսով: Սա այն ազդեցությունն է, որ գալիս է կենսաթոշակային նոր համակարգից: Կենսաթոշակային ֆոնդերը մի քանի ամիս հետո արդեն զգալի գումարներ կունենան, սակայն այդ գումարները ինչ-որ կերպ պետք է օգտագործեն: Սպասվում է, որ հենց նրանք էլ կիջեցնեն բանկային տոկոսները:

Բայց մինչ դա տեղի կունենա, ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի գոնե համահունչ ընթանա այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում պետական արժեթղթերի շուկայում:

Մեկնաբանություններ (1)

ArMen
Է սա անկախ կազմակերպություն է՝ նա օրենքով անկախ է թե պետությունից թե ժողովրդից, հետևաբար ինչ ուզեն կանեն; Սա երեք դասական իշխանություններից վեր կանգնած կազմակերպություն է որ ուղիղ ենթարկվում է միջազգային վաշխառու կենտրոններին՝ արժութային հիմնադրամ, միջազգային բանկ և այլն: Տրամաբանական և ,առավել ևս, “տնտեսագիտական” որևէ հիմնավորում մինչև հիմա դասական գրականությունում չկա թե ոնց կարող է պետության բյուջեից անկախ վարկավորման հիմնարկ գործել: Այս, այսպես կոչված, պետական հիմնարկը պարզապես քաղցկեղ է ցանկացած պետության առավել ևս մեր նման փոքր տնտեսության համար; Ապագա ազգային ցանկացած իշխանություն եթե իր առաջնային նպատակը չհամարի կենտրոնական բանկի լուծարվումը և նրա գործառույթների տեղափոխում կառավարության ենթակայության տակ , չի ունենա որևիցե հաջողություն: Այս հիմնարկը միշտ կլինի հակապետական ու մեր տնտեսությանը հիմնական խոչընդոտ հանդիսացող մարմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter