HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին տնօրենն ու որդին դատի են տվել թերթին

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը, կրթության և գիտության նախարարությունը դատի տալու գործընթացը դեռ չավարտած, այս անգամ էլ որոշել է անչափահաս որդու հետ դատի տալ «168 ժամ» թերթին: Տնօրենն ու որդին թերթից պահանջում են 4 մլն դրամի հատուցում: Նրանց երկու առանձին հայցերը սեպտեմբերի 26-ին կլսվեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նախկին տնօրենը հայցադիմումով պահանջում է դատարանից «պարտավորեցնել «168 Ժամ» ՍՊ ընկերությանը և լրագրող Մարինե Մարտիրոսյանին՝ «168 Ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ես հանդիսանում եմ դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի: «168 Ժամ» ՍՊԸ-ից և լրագրող Մարինե Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Սուսաննա Նազարյանի բռնագանձել 2մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում»:

Սուսաննա Նազարյանը հայցադիմում է ներկայացրել «պատիվ ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին»:

Որդին՝ թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Տերտերյանը, ևս հայցադիմումը ներկայացրել է նույն պահանջով: Նա էլ իր հերթին պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի «168 Ժամ» ՍՊ ընկերությանը և լրագրող Մ. Մարտիրոսյանին ««168 Ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ես՝ Տիգրան Համլետի Տերտերյանս, հրդեհել եմ դպրոցի փաստաթղթային արխիվը: «168 Ժամ» ՍՊԸ-ից և լրագրող Մ. Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Տիգրան Համլետի Տերտերյանի բռնագանձել 2մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում»:

Տիգրանը նաև պահանջել է հայցագնի չափով արգելանք դնել թերթին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Թե ինչ կորոշի դատարանը, պարզ կլինի առաջիկայում, սակայն տնօրինուհու պահվածքն Էջմիածնում շատերին է զարմացնում:

Թե ինչու է Սուսաննա Նազարյանն աջ ու ձախ դատի տալիս բոլորին, «Հետքի» ընթերցողները քաջատեղյակ են: Ամիսներ առաջ մի քանի հրապարակումներով տեղեկացրել էինք տնօրեն եղած ժամանակ դպրոցում Սուսաննա Նազարյանի կազմակերպած «շոուներին»: Նախկին տնօրենը նույնիսկ դասերն էր ընդհատում և աշակերտներին բակ հանելով՝ բողոքի ակցիաներ կազմակերպում հօգուտ իրեն:

Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նույն դպրոցում սովորող Ալբերտ Հարությունյանը լրատվամիջոցներին պատմեց, թե ինչպես է տնօրենը դպրոցում հայհոյում ու վիրավորում աշակերտներին: Ալբերտը և մի քանի այլ աշակերտներ պատմում էին, որ տնօրենը դպրոցում իրեն վատ է պահում, իսկ նույն դպրոցում սովորող նրա որդին ու դուստրը կրթօջախում իրենց տեր ու տիրակալ էին զգում:

Պատիվն ու արժանապատվությունը վիրավորված նախկին տնօրինուհին մեր թերթի միջոցով նույնիսկ թուրք էր անվանել Ալբերտի տատիկին՝ նույն դպրոցում պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանին, ինչ է թե ուսուցչուհին որոշել էր պաշտպանել իր իրավունքները:

Երբ Սուսաննա Նազարյանը աշակերտների թիկունքում պաշտպանություն էր գտնում, այդ նույն ժամանակ դպրոցի մի քանի տասնյակ աշակերտներ ու նրանց ծնողները իրենց դժգոհությունն էին հայտնում «Հետքին»: Ծնողներն իրար հետևից պատմում էին, թե ինչպես է տնօրենը վերաբերվել իրենց ու դպրոցի աշակերտներին: Ծնողներից մեկն էլ հիշեց, որ Սուսաննա Նազարյանի աշխատասենյակում ամոթից կարմրել է, երբ տնօրենը նրան ասել է. «Իմ ֆիգուրան քոնից լավն է, ես մեքենա եմ քշում, լիքը փող ունեմ»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի անգամ անձամբ հանդիպել է տնօրենից դժգոհող աշակերտներին ու ծնողներին: Մեկ անգամ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն են հանդիպել Սուսաննա Նազարյանի պահվածքի հետևանքով դպրոցը փոխած աշակերտներին և լսել նախկին տնօրինուհու մասին աշակերտների պատմածները:

Անհասկանալի է, թե ինչու է Սուսաննա Նազարյանը վիրավորվել թերթի հրապարակած «բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի» տողերից, երբ մոտ հինգ տասնյակ ծնողներ այդ մասին գրավոր նամակ էին ուղարկել ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին: Տողերիս հեղինակը նույնպես ականատես է եղել, թե ինչպես է Սուսաննա Նազարյանի տնօրինության ներքո գործող դպրոցը մի քանի օր շարունակ վերածվել թատերաբեմի:

Մի՞թե անառողջ մթնոլորտ չէր, երբ ուսուցչուհի Բահար Եղիազարյանը ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ է դպրոցի շենքից դուրս եկել, քանի որ ուսուցչուհու ասելով, այնտեղ իր կյանքին վտանգ էր սպառնում: Ի վերջո, նախկին տնօրինուհու դեմ հարուցված է նաև քրեական գործ, ինչն ամենևին էլ «առողջ» մթնոլորտի արդյունք չէ:

ԶԼՄ-ների հրապարակումներից և ծնողների բողոքներից հետո նախարար Աշոտյանը տեսչական ստուգում իրականացրեց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում: Հայտնաբերեցին մի շարք ֆինանսական խախտումներ, և ի վերջո՝ երկու նկատողությունից հետո, Սուսաննա Նազարյանը հեռացվեց դպրոցից: Վերջինս իրեն ազատելու վերաբերյալ նախարարի հրամանը վիճարկելու է դատարանում:

«Անչափ զարմացած եմ այդ կնոջ վարքագծի վրա: Որպես քաղաքացի, մանկավարժ, տնօրեն՝ գլխիս մեջ չի տեղավորվում նրա կերպարը: Դատի տալ թերթին, որն արձանագրել է իրականությունը, փաստը և այն իրական մթնոլորտը, դպրոցում ստեղծված իրավիճակը, որը հեռուստատեսությամբ ամբողջ հանրապետությունը տեսավ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Մյուս կողմից պատգամավորին չի զարմացնում Սուսաննա Նազարյանի պահվածքը, քանի որ իրավապահ մարմինները հանրությանը չեն տեղեկացնում, թե ինչ ընթացք ունի նախկին տնօրենի դեմ հարուցված քրեական գործը:

«Իրավունք ունեմ ենթադրելու, որ այդ կնոջ թիկունքին այդ մարմինների անպատժելի գործելակերպն է կանգնած, իրեն թև են տալիս, կամ ոգևորում են, թե այդպիսի բան արա, և մենք կկոծկենք այդ գործը: Հակառակ դեպքում նորմալ բարոյականության աստիճան ունեցող մանկավարժը, տնօրենը այդ պատմություններից հետո առնվազն պիտի ձայնը կտրեր և փորձեր իր հեղինակությունը բարձրացնել այդ ձևով և ցույց տար, որ ինքն իրոք կրում է բարոյական արժեքներ»,- ավելացրեց Ա. Բախշյանը:

Մեկնաբանություններ (1)

GOHAR
chem zarmana ete dat@ shahi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter