HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Սարալանջը բյուջետային պարտքերը մարեց 22 հա հողի վաճառքով

Եթե նախորդ տարի աշխատավարձի պարտքեր ունեցող համայնքների թիվը 17 էր, ապա 2007 թ. ավարտին աշխատավարձի պարտքեր ունեին միայն 4 գյուղական համայնքներ` Գողթը, Սեւաբերդը, Կոտայքը եւ Ջրառատը: 

2007 թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձի եւ սոցիալական վճարների գծով մոտ 500 հազար դրամի պարտք ուներ Սարալանջ համայնքը, սակայն մինչեւ նոյեմբերի 1-ը մարել էր նախորդ տարիների պարտքերը եւ հաջողվել էր ընթացիկ տարում պարտքեր չկուտակել: 

360 բնակիչ ունեցող բարձրադիր գոտում գտնվող Սարալանջ գյուղը քանդվելու վտանգի տակ էր դեռ խորհրդային տարիներին: Խորհրդային իշխանությունների որոշմամբ լեռնային գյուղը մի քանի անգամ միացվել էր Արագյուղին, հետո` առանձնացվել: Այնուհետեւ Սարալանջի հողերում հիմնադրվեց Զորավան գյուղը, եւ սարալանջցիների մի մասը տեղափոխվեց այնտեղ: 1987 թ. գյուղը կրկին առանձնացավ եւ, ի տարբերություն շատ գյուղերի, Սարալանջը նախկին կոլտնտեսությունից ոչ միայն գյուղատնտեսական տեխնիկա չժառանգեց, այլեւ դպրոց ու մանկապարտեզ, թեեւ, ինչպես հպարտությամբ վերհիշեցին տեղացիները, «էն տարիներին փոխանցիկ դրոշը միշտ մեր գյուղում էր մնում` որպես լավագույն տնտեսություն»:

2007 թ. սեպտեմբերի 1-ին Սարալանջի 60 աշակերտները նորակառույց դպրոց նվեր ստացան, իսկ մանկապարտեզ գյուղն առայժմ չունի: Իհարկե, դա գյուղի միակ խնդիրը չէ. վերանորոգված չեն ջրագծերն ու ճանապարհները, բացի այդ, Սարալանջն առայժմ գազաֆիկացված չէ: Դրան հավելենք նաեւ այն, որ սարալանջցիների մեծամասնությունն իր զբաղվածության խնդիրը լուծում է արտագնա աշխատանքի միջոցով: «Ոչ մի զբաղմունք չունենք: Անասնապահությունն ա մեր մոտ` մի կով, մի մոզի, մի 10 հատ էլ ոչխար: Դրանով յոլա ենք գնում: Տղաս գնաց Ռուսաստան` աշխատելու, ես էլ գնացի Երեւան, բայց գործ չճարեցի: Գյուղում էլ ինչո՞վ պետք ա զբաղվենք, էդ կաթն ա, էդ մթերքը: Ուրիշ ոչինչ չկա: Դաշտերն էլ լավ չեն լինում: Անցած տարի ցանեցինք, բան չեղավ, թողեցինք խոտի հույսին, անասնակեր քաղեցինք»,- պատմեց սարալանջցի Երջանիկ Խաչատրյանը: 

Դաշտերի բերքատվությունից գյուղացիներից շատերն էին դժգոհ (գյուղն ունի ընդամենը 360 հա վարելահող), իսկ եթե բերք չկա, դժվար է հողի հարկ գանձել: «Տեխնիկան` թանկ, վառելիքը` թանկ, գյուղացին չի կարողանում ժամանակին իր հողը վարել, ցանել: Էլ ո՞նց հողի հարկ տա, 50 տոկոսի էլ չի հասնում: Խեղդելով, խնդրելով հավաքում ենք... Ընդհանրապես հրաժարվողներ չկան: Քիչ-քիչ վճարում են: Իրար հետ մեծացել ենք, իրար հետ ապրում ենք, գիտենք իրենց ընտանեկան վիճակը»,- ասաց Սարալանջի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հակոբ Բադալյանը: 

Միմյանց ընտանեկան վիճակի, հոգսերի մասին գյուղում գիտեին բոլորը: Թեեւ խնդիրներն ակնառու էին, սակայն դժգոհողներն այնքան էլ շատ չէին: Սովորության համաձայն` սարալանջցի տղամարդիկ մեր այցելության օրը հավաքվել էին համայնքապետարանի շենքի հարեւանությամբ ու քննարկում էին գյուղի ու երկրի հոգսերը: Նրանց մի մասն էլ ակումբում էր` շախմատ ու նարդի էին խաղում: Փայտի վառարանով ջեռուցվող ընդարձակ դահլիճում հարմարավետ պայմաններ էին ստեղծված գյուղացիների ժամանցը կազմակերպելու համար: Գյուղի բնակիչներից Միհրան Մելքոնյանը պատեց, որ համայնքապետը վերջերս է վերանորոգել ակումբը, բեմահարթակ է կառուցվել, Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին հուշարձան է կառուցվել (գյուղը 14 զոհ է ունեցել պատերազմում): 

Համայնքապետարանի իրականացրած աշխատանքների մասին քաջատեղյակ էին բոլորը: Իրենց խոսքով` համայնքապետին դիմում են ամեն հարցով: «Ըտենց հարց չկա, որ չդիմենք գյուղապետին: Հիվանդ էլ որ լինես, զանգես` կգա, կտանի հիվանդանոց: Էրեկ մարդ էր եկել Ռուսաստանից, ինքը գնաց, աէրոպորտից բերեց: Ու բենզինի փող էլ չի վերցնում»,- ասաց Սաշիկ Մուրադյանը: 

Նախորդ տարվա ընթացքում Սարալանջի բյուջեն մոտ 5 մլն դրամ է կազմել, որից 1,5 մլն-ը դոտացիան է եղել: Բյուջեից 600 հազար դրամ հատկացվել է ակումբի վերանորոգման համար, վառելիք է ձեռք բերվել, 1,5 մլն դրամով կառուցվել ու ցանկապատվել է Անհայտ զինվորի հուշարձանը, բարեկարգվել ու ցանկապատվել է գերեզմանատունը, ճանապարհային փոսերը լցվել են ավազով, սակայն գյուղի բարձրադիր դիրքի պատճառով անձրեւները «մաքրել են» ողջ ավազը: 

2007 թ.-ի ընթացքում գյուղում 22 հա հող է օտարվել: Աճուրդի մասին գյուղացիները տեղյակ էին: «Ամեն ինչ օրենքով, կարգով ա եղել»,- ասացին նրանք: Սակայն աճուրդին մասնակցած 6 գնորդներից միայն մեկն է Սարալանջից: Իրավիճակը նախապես ծանոթ էր նաեւ համայնքապետին: «Էդ հողերը, որ դրված էին աճուրդի, չէին վաճառվում: Կարող էինք մեկնարկային գինը 50 տոկոս սահմանել, նույնիսկ` 30, գիտեինք, որ շատ ուզող չկար, հանձնաժողովը, ավագանին համաձայնություն տվեցին, որ աճուրդի մեկնարկային գինը 100 տոկոս սահմանենք»,- ասաց համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը: Հողերի մեկնարկային արժեքը 580.000 դրամ է եղել, այդքանով էլ վաճառել են 22 հեկտարը: 

Այդ գումարով հնարավոր էր լուծել Սարալանջի գազաֆիկացման կամ ջրագծերի վերանորոգման հարցը, սակայն 10 տարուց ավելի գյուղը պարտքեր ուներ կենսաթոշակային հիմնադրամին: Մայր գումարին ավելացել էին տուգանքները, արդյունքում, դատարանի որոշմամբ, արգելանք էր դրվել համայնքապետարանի գույքի ու դրամական միջոցների վրա: «Ինչքան գումար մտնում էր բյուջե, տանում էին, իսկ ընթացիկ պարտքերը նորից գոյանում էին: Տարբեր ատյանների դիմելով` հաջողվեց պարտքերը կիսով կրճատել: Դա դեռ չէինք փակել, բյուջեի վրա կրկին կալանք դրվեց: Էս փոքր գյուղից Տնտեսական դատարանի վճռով գրեթե 8 մլն դրամ վճարվեց կենսաթոշակային ֆոնդին: Էդ պարտքը 96 թ. առաջ է եղել, ինձանից առաջ: Գյուղխորհրդի ժամանակով բավականին աշխատավարձի պարտքեր էին կուտակվել»,- պատմեց Գ. Զիլիֆյանը:

Համայնքապետարանի գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին վերջին որոշումները կայացվել էին 2007 թ. փետրվարի 2-ին: Համայնքապետի առաջարկով, որը վավերացվել էր ավագանու որոշմամբ, հողերի օտարում էր իրականացվել Սարալանջում` պարտքերը վերջնականապես մարելու նպատակով, քանի որ այս անգամ որեւէ ատյանից միջնորդություն չէր եղել տուգանքները սառեցնելու համար: 

«8 մլն-ը շատ մեծ գումար էր Սարալանջի պես փոքր գյուղի համար»,- զրույցի ընթացքում անընդհատ կրկնում էր համայնքապետը: «20 մլն-ից ավել փող է պետք գյուղն ամբողջությամբ գազաֆիկացնելու համար: Էդ հնարավորությունները մենք չունենք: Խմելու ջրի պրոբլեմ ունենք, ջրագիծ պիտի քաշվի: Բայց մեկ է, ոչ ոք չի անի, մենք պետք է անենք: Չգիտեմ` կառավարությունը կօգնի՞, թե՞ ոչ: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող վերջին ծրագրերով ճանապարհների նորոգումն էինք ներկայացրել ու գազաֆիկացումը, չտվեցին, ասացին` ձեզ մոտ դպրոց ենք վերանորոգել»,- նշեց Գ. Զիլիֆյանը: 

Համայնքապետը պատմեց, որ գյուղում ոչ ոք չէր ցանկանում ավագանու անդամ առաջադրվել, երկար ժամանակ գյուղն ավագանի չուներ: «Ինձ ասում էին` բյուջե ունե՞ս, որ գանք վերահսկենք: Կողքի գյուղում 30 հոգի առաջադրվում է, մեր մոտ 5 հոգի էլ չկար»: 

Սարալանջի համայնքապետարանի գույքը վերջապես ազատվել է արգելանքից: Մի քանի կոտրված աթոռներին ու հնամաշ սեղաններին, չհրկիզվող պահարաններին, ինչպես նաեւ` նախկին կիսաքանդ շենքում տեղակայված դպրոցից ժառանգություն ստացած ու համայնքապետի «գրասեղանի» ետեւում փակցված գրատախտակին այեւս ոչինչ չի սպառնում: Առայժմ «փակի տակ» են գրադարանի գրքերը. տարածք ու դրանք պահելու հնարավորություն չկա, թեեւ գրադարանավարի հաստիք ունեն: Ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է գրքերն անհատույց դպրոցին տրամադրելու հարցը: 

Կոտայք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter