HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը երազում է Թումանյանը դարձնել Հոնգկոնգ

Լոռու մարզի շուրջ 1900 բնակչություն ունեցող Թումանյան քաղաքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել գործազրկության պատճառով:

Խորհրդային տարիներին այստեղ 1200 մարդ աշխատել է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանում: Կանայք աշխատում էին 200 աշխատատեղ ունեցող տրիկոտաժի ֆաբրիկայում: 

«Ներկայումս սեփականաշնորհված հրակայուն աղյուսի գործարանում աշխատում է հազիվ 10-15 մարդ, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գուքը վաճառվել, շենքն էլ ավերվել է»,- ասաց Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանը: 

Ետխորհրդային անցած տարիներին աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ Թումանյան քաղաքում, պարզվում է, ոչինչ չի կատարվել: Իսկ մարդիկ աղքատությանն այլեւս չեն դիմակայում: «Ընտանիքս 5 անձից է, միայն ես եմ աշխատում մեր փոստում եւ 18 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում», -ասում է թումանյանցի Մարտուհի Հախվերդյանը: Թե այդ չնչին աշխատավարձով ինչպե՞ս է ապահովում ընտանիքի գոյությունը, նա հուսահատ պատասխանեց. «Ես շատ գիտեմ»: 

Սեդա Մադոյանի ընտանիքն էլ 6 անձից է բաղկացած, ընտանիքում ոչ ոք չի աշխատում. «Մի քանի տարի առաջ նպաստ էինք ստանում, կտրեցին, երեք ուսանող ունենք, տղաս Ռուսաստան է գնում - գալիս, դրանով ենք ապրում»,- ասաց նա: 

Քաղաքապետ Լեւոն Զավարյանը հայտնեց, որ իր ղեկավարած համայնքի բնակիչներն իրենց գոյությունը պահելու համար կամ Երեւան, կամ էլ Ռուսաստան են մեկնում` փող աշխատելու: «Քաղաքում 50-60 բարձրագույն կրթությամբ անաշխատանք տղամարդիկ կան, ընտանիքների 30%-ը դրսում է, 2007 թ. համայնքի 100 ընտանիքներ նպաստառուներ են եղել եւ մի կերպ դրանով են ապրել, տարեվերջին նրանց թիվը «Փարոսում» հասցրին 75-ի»,- ասաց նա: 

Հրակայուն աղյուսի գործարանի նախկին տնօրեն, թումանյանցի Յուրա Զարգարյանը Թումանյանի բնակչության գործազրկության խնդրի լուծումը տեսնում է հրակայուն աղյուսի գործարանի վերագործարկման մեջ. «Տեր է հարկավոր, գործարանում ոչ միայն աղյուս, այլեւ կերամիկա եւ երկրին անհրաժեշտ էլի շատ ապրանքներ կարելի է արտադրել, երկու ամիս է պետք վերանորոգման համար եւ մեկ էլ` կառավարության աջակցությունը»,- բացատրում էր նա: 

Հրակայուն աղյուսի գործարանի սեփականատեր, թումանյանցի Ալբերտ Թադեւոսյանը, որը գործարանը սեփականաշնորհել է 1995-96 թթ., ասաց. «Աղյուսը շուկայում պահանջարկ չունի, նախկինում` խորհրդային տարիներին, այն օգտագործում էին շենքերի ջեռուցման համար, հիմա մարդիկ դրանով բուխարի կամ փուռ են սարքում, մենք, իհարկե, աղյուս արտադրում ենք` պահանջարկին համապատասխան: Եթե կարողանամ արտադրել այնպիսի աղյուս, որն իտալական աղյուսից լավը լինի, ուրիշ բան, դրա համար 4-5մլն դոլար է հարկավոր նոր սարքավորումներ տեղադրելու համար»,- ասաց նա: 

Այդուհանդերձ, նա գտնում է, որ գործարանի լայնամասշտաբ վերագործարկումը առաջին հերթին պայմանավորվում է արտադրանքի պահանջարկով: Ասենք, որ Թումանյան քաղաքը շրջապատված է բնական որոշակի պաշարներով, այստեղ գրեթե անսպառ է աղյուսի հումքը, կավի պաշարները, այդպես էլ չեն օգտագործվում Այգեհատի Խառատանոց հանդամասի գրանիտի հանքերը, որը Թումանյանից հեռու չէ: 

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանին համայնքի զարգացման համար իմ կողմից առաջարկություններ են եղել, սակայն չի անցել»,- ասաց համայնքապետ Լեւոն Զավարյանը: Թե ի՞նչ առաջարկություններ է արել, Լ. Զավարյանը չասաց, սակայն խոսեց իր երազանքի մասին. «Թող Թումանյան քաղաքը Հոնգկոնգի կամ Սինգապուրի նման ազատ տնտեսական գոտի դարձնեն, ներդրողները մի քանի տարի կազատվեն հարկերից, աշխատուժն էժան է, մեկ է` պետությունը Թումանյանից ոչինչ չի ստանում»: 

Ասենք, որ 200 7թ. օգոստոսի 3-ին թումանյանցիների հետ հանդիպման եկած վարչապետ Սերժ Սարգսյանին թումանյանցի կանայք ներկայացրել են իրենց ընտանիքների սոցիալական ծանր վիճակը եւ խնդրել վարչապետին Թումանյանում ստեղծել աշխատատեղեր: Պարզվում է` համայնքապետարանը ՀՀ կառավարության հետ համաձայնեցված աշխատատեղերի ստեղծման եւ բնակչության աղքատության վերացման համար մոտակա եւ հեռահար ծրագրեր չի ունեցել եւ վարչապետին կոնկրետ եւ իրատեսական առաջարկություններ չի կարողացել ներկայացնել, վարչապետ Սերժ Սարգսյանն էլ աշխատանքով ապահովելու կոնկրետ խոստումներ չի տվել թումանյանցիներին: Համայնքի ավագանու անդամ Սեյրան Շահվերդյանը հանդիպման մասին ասաց. «Ամենքն իրենց ցավից խոսեցին, ընդհանուրի ցավը չվճռվեց»: 

Թումանյանցիների սոցիալական վիճակին համարժեք է նաեւ համայնքի բյուջեն: Հունվարի 18-ի դրությամբ համայնքապետարանը 2008 թ. հաստատված բյուջե դեռեւս չուներ, թեեւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ համայնքի ղեկավարի ներկայացմամբ ավագանին համայնքի բյուջեն կարող է հաստատել նաեւ մինչեւ պետական բյուջեի հաստատումը` վերջինիս հաստատումից հետո երկշաբաթյա ընթացքում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ: 

«Մինչեւ տեղական տուրքերը չքննարկվեն, համայնքի 2008 թ. բյուջեն չենք կարող քննարկել»,- պատճառաբանեց Լեւոն Զավարյանը, ապա շարունակեց,-քաղաքապետարանի բյուջեն դպրոցի բյուջեի կեսն է, մթամ ի՞նչ բյուջե է»: 

Բյուջեի չափից դժգոհեց նաեւ ավագանու անդամ Անահիտ Ռամազյանը. «Այս բյուջեով ոչինչ հնարավոր չէ անել»,- ասաց նա: Համայնքապետարանի 2007 թ. ճշտված բյուջեում եկամուտները եւ պետական տրանսֆերտները պլանավորվել են 19,5 մլն դրամ: Տարեվերջյան փաստացի մուտքերը կազմել են 17,6 մլն դրամ: Բյուջեում տարիներ շարունակ սեփական հարկային եկամուտների նոր աղբյուրներ չեն որոնվել: Դրա արդյունքում սեփական հարկային եկամուտները գրեթե անփոփոխ են, 2007-ին այն պլանավորվել է 5,4մլն դրամ, որից տարեվերջյան փաստացի մուտքերը կազմել են 3,5 մլն դրամ: Թումանյանում համայքի բյուջեն բացառապես հենվել է ՀՀ կառավարության կողմից 2007 թ. հատկացված 13,6մլն դրամ դոտացիայի վրա, որը 2008 թ. նախատեսվել է 16,4մլն դրամ: Ծախսային մասից պարզվեց, որ քաղաքապետ Լեւոն Զավարյանը եւ ավագանին ծախսերի առաջնահերթությունը, թափանցիկությունը, խնայողությունն ու հրապարակայնությունը չեն կարեւորել: Բնակչությունը բյուջեի մասին իրազեկված չէր: Ինքը` քաղաքապետ Լեւոն Զավարյանը, որը 12 տարի ղեկավարում է Թումանյան համայնքը, չի տիրապետում իր կազմած բյուջեի թվերին եւ խոսակցության ընթացքում դրանց մասին կարողանում է խոսել միայն քաղաքապետարանի աշխատակիցներին հարցնելուց հետո: Բյուջեի 70%-ը կազմում են աշխատավարձը եւ սոցվճարները, աղքատ բյուջեից 800 հազար դրամ հատկացվել է քաղաքապետի ավտոմեքենայի վառելիքի եւ 240 հազար դրամ էլ` նրա բջջային հեռախոսի լիցքավորման համար: Վերջում քաղաքապետ Լեւոն Զավարյանն ասաց. «Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացված 35 մլն դրամով նախատեսված է համայնքապետարանի ենթակայության արվեստի դպրոցի վերանորոգումը»: Քաղաքապետը 2007 թ. սեպտեմբերի 1-ից, չգիտես ինչ տրամաբանությամբ, այդ վերանորոգման նպատակով փակել է արվեստի դպրոցը` ընդհատելով 30 երեխաների կրթությունը, նաեւ աշխատանքից զրկելով երեք ուսուցիչների, այն դեպքում, երբ, ինչպես ինքը հայտնեց, դպրոցի վերանորոգումը 2008-ի հունվարի 18-ի դրությամբ դեռեւս չէր սկսվել:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter